«Հուսով եմ, որ դուք բավականաչափ ուժ և հնարավորություններ կունենաք տեղեկատվությունը հերքելու և Բաքվում մեր Ռուսական տան մասին նյութի համար». Մորդովիայի Հանրապետության մայրաքաղաքում՝ Սարանսկում՝ արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Բաքու TV»-ին մեկնաբանել է Մոսկվայի հասցեին հնչած մեղադրանքները:
Հիշեցնենք՝ Baku TV հեռուստաալիքը Բաքվում գործող «Ռուսական տանը» օրերս մեղադրել էր մշակութային և հումանիտար աշխատանքի քողի տակ հակաադրբեջանական լրտեսական գործունեություն ծավալելու համար։ Լրագրողը մասնավորապես ասել է. «Ցավոք, սա այլևս «ռուսական տուն» չէ, այլ ռուսական լրտեսության տուն»:
Ի պատասխան այս մեղադրանքների՝ ՌԴ Ռոսսոտրուդնիչեստվոյին պատկանող տարբեր երկրներում գործող «Ռուսական տների» ղեկավար Եվգենի Պրիմակովը «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել էր, որ հայց են նախապատրաստում ադրբեջանական լրատվամիջոցի դեմ։
ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ լրտեսության մեղադրանքներն անհիմն են և մերկապարանոց: