imID-ն հայտարարում է Team Telecom Armenia-ի, Ucom-ի և Viva-ի կողմից նորարարական eSIM Mobile ID-ի լուծման գործարկման մասին: Նպատակ ունենալով հեշտացնելու քաղաքացիների՝ առցանց նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ակտիվացման գործընթացը՝ առաջիկայում կգործարկվի eSIM Mobile ID-ն։ Մինչ այդ Mobile ID-ն հնարավոր էր ակտիվացնել ցանկացած օպերատորի ֆիզիկական SIM քարտով՝ մոտենալով սպասարկման գրասենյակներ։
eSIM Mobile ID-ն զգալի թռիչք է Հայաստանի թվային առաջխաղացման մեջ՝ հնարավորություն տալով անհատներին և բիզնեսներին անվտանգ և անխափան շփվել թվային աշխարհի հետ: Այս ծառայությունը նախատեսված է հեշտացնելու և անվտանգ դարձնելու առցանց նույնականացումը և էլեկտրոնային ստորագրությունների ստացումը: Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից՝ այցելելով հեռահաղորդակցության օպերատորի ցանկացած մասնաճյուղ իրենց նույնականացման քարտով:
Այս նշաձողն արտացոլում է imID-ի խորհրդի` Team Telecom Armenia-ի, Ucom-ի, Viva-ի, ինչպես նաև 10 բանկերի միասնական ներդրումը նորարարության և հասանելիության մեջ՝ Հայաստանը համապատասխանեցնելով համաշխարհային թվային չափանիշներին:
Իմ ԱյԴի ՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի 10 բանկերի և 3 հեռահաղորդակցության օպերատորների համատեղ ներդրմամբ՝ նպատակ ունենալով մատուցել առցանց նույնականացման, էլեկտրոնային ստորագրության և այլ թվային ծառայությունների բարձրակարգ լուծումներ: imID-ն տրամադրում է անվտանգ և վստահելի էլեկտրոնային ինքնության լուծումներ ինչպես անհատների, այնպես էլ կազմակերպությունների և պետական կառույցների համար: Մեր նպատակն է ապահովել էլեկտրոնային գործարքների անվտանգությունը, ամբողջականությունն ու գաղտնիությունը՝ համապատասխանելով Եվրամիության eIDAS կարգավորիչի ամենաբարձր չափանիշներին: