ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում այսօր նախատեսված Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստը տեղի չունեցավ մեղադրյալ Եղիշե Հակոբյանի պաշտպանների բացակայության պատճառով:
Տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը Aravot.am-ին փոխանցեց, որ հունվարի 29-ին քրեակատարողական հիմնարկում ինքը հանդիպել է Եղիշե Հակոբյանին, ներկա է եղել նաեւ վերջինիս պաշտպանը:: Հիշեցնենք, որ նախորդ նիստին Եղիշե Հակոբյանն ինքն էր դատարանին միջնորդել նման հանդիպում:
«Մոտ 2,5 ժամանոց հանդիպում է եղել Եղիշե Հակոբյանի հետ: Նա իրադարձության, դեպքին նախորդող ժամանակահատվածի, բուն դեպքի նկարագրության վերաբերյալ, իմ կարծիքով, տվել է մի քանի ուշագրավ տեղեկություններ: Հիմա մենք ուսումնասիրում ենք այդ տեղեկությունների այլ կերպ հիմնավորման, ստուգման տեսակետից: Համապատասխան փուլում նաեւ չեմ զլանա, կներկայացնեմ հանրությանը որոշակի տեղեկություններ, իրավական որոշակի ընթացակարգով համապատասխան միջոցներ կձեռնարկեմ միջնորդությունների կամ այլ վարութային ապացուցողական բնույթի գործողություններ»,- ասաց Նորիկ Նորիկյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության` կապիտան Եղիշե Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է բերել` այն որպես կպչան օգտագործելու համար, բենզինը լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ