ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հունվարի 30-ին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարի տեղակալ Հյուբերտ Դուհոթի գլխավորած պատվիրակությանը։
Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Եվրոպական Միության՝ ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման հայաստանյան օրակարգին աջակցող հուսալի և շարունակական համագործակցությունը: Նա ընդգծել է հանրության անվտանգության և ապահովության ոլորտներում իրականացվող բարեփոխումներում ԵՄ-ի ներդրումը՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես բարեփոխումների օրակարգի անքակտելի մաս:
Փոխնախարարը հյուրերին ներկայացրել է Ներքին գործերի նախարարության ենթակա երեք ծառայություններում ռազմավարական պլանավորման առաջնահերթությունները, կառուցվածքային յուրահատկությունները, իրականացվող բարեփոխումները, նյութատեխնիկական հագեցվածության առկա պատկերը և մարտահրավերները:
Ներկայացվել են նաև ԵՄ հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստական փուլին առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի ազդեցությանը նախարարությանը ենթակա ծառայությունների և ընդհանուր առմամբ ռազմավարական զարգացման վրա։
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են նաև բյուջետային և տեխնիկական աջակցությանը վերաբերող հարցեր։
Կողմերը կարևորել են ծրագրերի իրականացման ընթացքում ճկունության գործոնը, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել շարունակելու փոխգործակցությունը՝ ապահովելով բարեփոխումների և գործընթացների արդյունավետ իրականացում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ