«Համաձա՞յն ենք Մինսկի խմբի համանախագահությունը լուծարել։ Համաձայն ենք հետեւյալ հիմնավորմամբ՝ եթե չկա կոնֆլիկտ, կոնֆլիկտի սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է։ Բայց մենք ուզում ենք համոզվել, որ Մինսկի խմբի համանախագահության լուծարումը Ադրբեջանի համար էլ է այս նույն բանը նշանակում։ Եվ ոչ թե Ադրբեջանի հղումն այն է, որ հիմա Մինսկի խմբի համանախագահությունը լուծարենք եւ նոր կոնֆլիկտ սկսենք՝ Հայաստանի տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ձեւավորելու հիմքով»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հարցադրում արեց՝ եթե Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար նշանակում է կանաչ լույս Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու ու խորացնելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը։
«Իսկ կա՞ արդյոք հիմք՝ մտածելու, որ Ադրբեջանը նման մտադրություններ ունի։ Նման հիմքեր կան, եւ այդ հիմքերից ամենակարեւորը հենց «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթն է, որը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ունի ոտնձգություն։ Ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանում է Արեւմտյան Ադրբեջան, այլեւ համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձեւակերպումներ են դրված, որը նշանակում է, որ այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը առնվազն 60 տոկոսով։ Ես արդեն ասել եմ՝ Արեւմտյան Ադրբեջանը Ադրբեջանի Արեւմտյան շրջաններն են»,- նշեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր թեզը, որ Հայաստանի բանակը չի պատրաստվում հարձակվել ու ռազմական ճանապարհով լուծել ՀՀ օկուպացված տարածքների հարցը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ