Երեւան քաղաքի ավագանու արտահերթ նիստի օրակարգում հետեւյալ փոփոխություններն են. ուղեւորության մեկ տոմս (ֆիզիկական կամ էլեկտրոնային եղանակով ձեռք բերելու դեպքում)՝ 150 ՀՀ դրամ, անսահմանափակ փաթեթների երկարացում:
Ավագանու նիստին մասնակցում էր 33 անդամ: Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում էին նիստը, սակայն քվորումն ապահովեց «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը բոլորին հորդորում էր գրանցվել, բայց ինքը մոռացել էր գրանցվել:
Երեւան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը պնդում էր, որ քաղաքային իշխանությունը ներկայացրել է բարձր ծախսեր եւ ցածր ուղեւորահոսքեր, արդյունքում ստացվել է բարձր ինքնարժեք: Նրա ձեւակերպմամբ, քաղաքացուն թալանելը դարձել է այս իշխանության գործելաոճը: Ըստ ավագանու անդամի, ներառել են 1 ավտոբուսի համար 1 ամսվա ամորտիզացիոն եւ ներգրաված ֆինանսական միջոցների արժեքի գծով ծախս՝ շուրջ 260000 դրամ, որից ավելի քան 97000 դրամը ներգրաված ֆինանսական միջոցների գծով ծախսն է, որը հաշվարկված է 12% տոկոսադրույքով. «Երբ խոշոր գործարարը դիմում է աջակցության կամ արտոնության համար, ստանում է պետության հովանավորությունը եւ երաշխիք՝ ցածր տոկոսադրույքով վարկավորման, իսկ քաղաքապետարանը քաղաքի սոցիալական խնդիրը բարելավելու համար 12%-ո՞վ է միջոց ընդգրկում»:
Կարդացեք նաև
Ի պատասխան՝ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը նշեց. «Ես անիմաստ եմ համարում այդ հորինված թվերին անդրադառնալ»:
Երեւանցիներին դիմելով՝ Արշակ Սարգսյանը շարունակեց. «Քաղաքային իշխանությունն իրականում մանիպուլացնում է ծախսերը: Ներկայացրել է բարձր ծախսեր եւ ցածր ուղեւորահոսքեր: Այդ իսկ պատճառով ինքնարժեքը բարձր է ներկայացնում, որ իրենց բերած կեղծ թանկացումը հիմնավորի: Սուրեն Գրիգորյանը չկարողացավ պատասխանել, մինչդեռ ես հստակ հարց էի տվել, բայց քաղաքական մանիպուլյացիաներով պատասխան ստացա ձեզանից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ