Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնարկը, թե մեր մեջ պետք է փնտրենք՝ ինչ է եղել, անիմաստության կամ տգիտության, կամ չհասկացողության, կամ հակառակորդի պարտադրած տեսանկյունն է. Սարգիս Շահինյան. «Ազգ»

Հունվար 31,2025 10:45

Անցյալ ուրբաթ, հունվարի 24-ին, վարչապետ Փաշինյանի՝ շվեյցարահայության հետ  հանդիպման տեսագրության հրապարակումից հետո մեր հարցերի պատասխանները փորձեցինք գտնել Շվեյցարիայի հայկական եւ հայամետ կազմակերպությունների խորհրդի նախագահ Սարգիս Շահինյանից: 

Պարոն Շահինյան, հանդիպման ներկաների մեծ մասը շվեյցարահայեր են, որոնց ծնողներն Արեւմտյան Հայաստանից են՝ Հայոց ցեղասպանության վերապրողների  ժառանգներ: Եթե որեւէ  թուրք կամ այլազգի ժխտող լիներ նրանց դիմաց, կարծիք արտահայտեր, կհակազդեին, լուռ չէին մնա: Հունվարի 24-ի հանդիպմանը չխոսեցին, քանի որ դա իրենց համար անսպասելի՞ էր, թե՞ այսպես համարենք՝ հարգանք էր հայրենիքի ղեկավարի հանդեպ, որից չէին ակնկալում նման բան լսել:

-Ինչ կվերաբերի ապշած լինելուն, չեմ բացառում: Կրնա ըլլալ, որ մարդիկ իսկապես շոկի տակ եղած ըլլան: Այն տեսակ անձեր կային, որ կարող էին մի խումբ թուրք ուտել ուղղակի, եթե անոնց ձեռքերն ոճիրից արյունոտ ըլլային: Մեկեն մեկ, երբ ոչ թե ձեր հակառակորդը, այլ ձեր հանրապետության վարչապետն է այդ բանն ասում, կրնամ երեւակայել, որ մարդիկ գուցե չհավատացին իրենց լսածին: Եթե հոն ըլլայի, խնդիրը քիչ մը տարբեր պիտի լիներ: Նախեւառաջ՝ ինչպե՞ս կարելի է հարցականի տակ դնել հավաքական հիշողությունը՝ հաշվի առնելով միմիայն ԽՍՀՄ 1939-1950 թվականները: Նույնիսկ ամենատգետ անձն էլ գիտի, որ 39-ին ստալինյան բռնաճնշումների, սպանդի ժամանակն էր: Ե՞րբ սպանվեցավ Եղիշե Չարենցը՝ 1937-ին, ե՞րբ էր սպանվել Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսը, որ այս խնդրով զբաղվեցան: Ապրիլի 24-ի մասին՝ որպես հիշողության օրվա, առաջին անգամ հռչակած էր Գեւորգ 5-երորդը 1921-ին: Ցեղասպանություն բառը դեռ չկար, Մեծ Եղեռնի մասին էր խոսքը:

Բայց ոճիրը միշտ անուն է ունեցել: Ցեղասպանությունը իրավական բնորոշումն է: Մեծ եղեռն, ջարդ, կոտորած, զուլում: Սփյուռքում շատ տարածված Աղետ բնորոշումը, ի հարգանս սփյուռքի, 2010-ին գործածեց նաեւ գերմանացի բեմադրիչ Էրիկ Ֆրիդլերը «Աղետ՝ մի ցեղասպանություն» վերնագրով համանուն փաստագրական ֆիլմում: Հրեաներն էլ ցեղասպանություն բառը չեն գործածում՝ Հոլոքոսթ, Ողջակիզում բառերին զուգահեռ կիրառում են Շոա ձեւը:

-Այն ակնարկը, թե մեր մեջ պետք է փնտրենք՝ ինչ է եղել, անիմաստության կամ տգիտության, կամ չհասկացողության, կամ հակառակորդի պարտադրած տեսանկյունն է: Այն, ինչ հոս խոսվեց, հրապարակվեց, թե սփյուռքում ինքը կարողացավ այդ խնդիրը ներկայացնել՝ իբր առանց անդրադարձի, այն եզրակացության գալ, որ նույնքան դյուրին պիտի լինի անոր մասին խոսիլ հայրենիքում, սա իրապես երեւակայությունից դուրս եւ իրականության խեղաթյուրման հետեւանք է: Հենց  ՀՀ վարչապետից շատ դժվար պիտի լիներ սա լսել: Բայց այս տեսակ արտահայտությունը  էթիկական, պատմագիտական, նույնիսկ գիտական իրողության դեմ գնացող բան է, եւ ամենալավ պատճառն է մեր հակառակորդների համար, որ մեջբերելով այս ասածները՝ փորձեն ազդել եւ համոզել, որ ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերն անիմաստ են: Հայերենը շատ զորավոր խոսք ունի՝ «մուխը մարել» կըսեն: Արդեն դժվար վառվող մի բոց, մի կրակ մարվում է: Չի կարող սա Փաշինյանի բուն ցանկությունը լինել:

Էլի Վիզելն ասում է՝ Ուրացումը ցեղասպանության վերջին արարն է: Աշխարհը, մեծ հաշվով, ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, եւ դա արել է հետագա աղետները կանխելու նպատակով: Հիմա ուրացման դուռը բացվում է մեր տնից, կասկածը թափառում է սոցցանցային խոսույթում: Ինչպե՞ս պիտի կանգնեցնենք:

-Ուղղակի մոռանա՞լ 1919-ի դատավարությունները, որոնք հենց թուրքերը մեջտեղ բերին, ոչ հայերը, եւ գլխավոր պատասխանատուները մահվան դատապարտվեցան, որոնք հետո Գերմանիայի միջոցով առաջ նախ Մալթա կարողացան հասնիլ  եւ հետո՝ Բեռլին: Սա մոռանալը կարծես խորհել կու տա, թե ում հետ է գործերնիս: Իհարկե պետք է շարունակել ինքզինքնիս հարց տալ՝ ի՞նչ տեղի ունեցավ: Էլի Վիզելի ասածի մասին ուզում եմ հիշեցնել, որ եղած է նաեւ հրեաների, այլ ժողովուրդների հետ, որովհետեւ սա հոգեբուժական իրողություն է: Վիզելի ասածը միայն էթիկայի տեսակետից չէ, սա խորը ստուգված հետազոտման ենթակա իրողություն է: Սա անուն ունի, իրապես հոգեխախտման ծանր վիճակ է: Մի ժողովուրդ չի կրնար զերծ մնալ սրանից, բայց որ  դրանով հենց մեր վարչապետն է վարակվել, չեմ կրնար հասկանալ:

Շվեյցարիայում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպաններն որեւէ ձեւով արձագանքե՞լ են:

-Ոչ, որովհետեւ խակ է դեռ խնդիրը: Մանավանդ որ վարչապետի ակնարկած հիմքը, թե 1939-ին ցեղասպանության մասին չի խոսվել, ինչի վրա ինքը կասկած է ստեղծել, այնքան երկրորդական, երրորդական նշանակություն ունեցող է, որ նույնիսկ մեր հակառակորդն է դժվարանում դրա վրա իրողություն սարքել: Սակայն, եթե վարչապետն ավելի հեռուն գնա՝ ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ ոչ, հոն արդեն խնդիրները կփոխվին: Հոն է, որ պետք է վախնանք: Բայց սա նախաբանն էր, որից լավ հոտ չի գալիս:

Հարցազրույցը վարեց ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031