Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չենք խզում հարաբերությունները, բայց ինչ-ինչ իրավիճակում կարող ենք «օդերը փակել», եւ վերջ». Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»

Հունվար 31,2025 10:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչո՞ւ է Ալիեւը փորձում «ատամ ցույց տալ» Մոսկվային։ Ռուսական վերլուծական շրջանակները ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների այս լարվածությունը թեեւ ֆունդամենտալ չեն համարում, բայց շեշտում են՝ դա մերձավորարեւելյան զարգացումներով ու Հարավային Կովկասում հնարավոր սցենարներով է պայմանավորված։

«Մերձավոր Արեւելքում լուրջ գործընթացներ են տեղի ունենում, Թրամփն է հայտնվում, նոր նրբերանգներ են ի հայտ գալիս թուրքական ուղղությամբ, Էրդողանը մշտապես խորհրդակցում է Ալիեւի հետ, Սիրիայում՝ քրդական գործոնով պայմանավորված, որոշակի զարգացումներ են սպասվում, եւ, հասկանալիորեն, այս հանգամանքները որոշակիորեն գրգռում են կողմերին»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում իրավիճակն այսպես է մեկնաբանում ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը։

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Թրամփի քաղաքականությանը, Տարասովն ասում է՝ այստեղ դեռ հստակություն չկա, բայց, ամենայն հավանականությամբ, նա Կովկասը կթողնի Ռուսաստանին, մինչդեռ Հայաստանի իշխանություններն արդեն իսկ կողմնորոշվեցին՝ Բայդենի ադմինիստրացիայի հետ ստորագրելով ռազմավարական գործընկերության կանոնակարգը։ Ու այստեղ, Տարասովի խոսքով, հարց է՝ Թրամփը հավատարիմ կմնա՞ փաստաթղթին, թե՞ ոչ։

«Վրաստանը նա հանձնեց, դադարեցրեց ֆինանսավորումը, մեզ մոտ տպավորություն է, որ նա ոչ միայն Հայաստանը, այլեւ ամբողջ Կովկասը կհանձնի Մոսկվային, հետեւաբար, Բաքուն այս իրավիճակում լարվում է, որովհետեւ հարցն այն է, թե ինչ նշանակություն կտրվի թուրք-ադրբեջանական ալյանսին։ Ասադի հեռացումից հետո Թուրքիան՝ ինքը, Սիրիայում լուրջ խնդիրների մեջ ընկավ՝ Իսրայելի հետ կապված, այստեղ իրավիճակը հեշտ չէ։ Հիմա Անկարան եւ Բաքուն փակ կոնսուլտացիաներ են վարում, թե այս համատեքստում ինչ ընդհանուր դիրքորոշում որդեգրել Մոսկվայի եւ Վաշինգտոնի հետ»,- շարունակում է ռուս վերլուծաբանը։

Հարցին՝ արդյո՞ք ռուս-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանի համար Ռուսաստանի հետ խաթարված հարաբերությունները վերականգնելու հնարավորություն է բացվում։ Տարասովն արձագանքում է՝ ռուս-հայկական հարաբերությունների խնդիրն Ադրբեջանը չէ, այլ՝ Հայաստանի իշխանության քաղաքականությունը։
«Եթե Հայաստանը շարունակի Արեւմուտքի հետ նույն քաղաքական կուրսը, Մոսկվան երկար չի հանդուրժի, իսկ եթե Հայաստանը դուրս գա Մոսկվայի հետ դաշինքից, կաշխատի, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի նախագիծը, որն Ադրբեջանի պահուստային տարբերակն է։ Հայաստանը պարզապես կդառնա Երեւանի խանություն»,-գուժում է մեր զրուցակիցը՝ կրկին շեշտելով, թե Ռուսաստանը Խորհրդային Միությունը չէ, եւ մտածել, որ նա անպայման ուզում է տիրել Հայաստանին, Վրաստանին ու Ադրբեջանին, ճիշտ մոտեցում չէ։

«Հասկանո՞ւմ եք, մենք ընտրություն ունենք, հետխորհրդային տարածաշրջանում ոչ բոլոր նախկին խորհրդային հանրապետություններն են մեզ հարկավոր անգամ միութենական պետության կազմում, եւ հարցն ամենեւին էլ սա չէ։ Դուք տեսեք, թե Մոսկվան որքան զուսպ է Հայաստանի հետ հարաբերություններում՝ մենք չենք խզում հարաբերությունները, այն դեպքում, երբ Հայաստանը սառեցրել է մասնակցութունը ՀԱՊԿ-ում, ԵՄ անդամակցություն է որդեգրել, ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել։ Մենք չենք խզում հարաբերությունները, բայց ինչ-ինչ իրավիճակում կարող ենք «օդերը փակել», եւ վերջ»,- նկատում է Ստանիսլավ Տարասովը՝ հավելելով, որ Հայաստանի իշխանությունների ամբիցիաները կարող են կործանել հայ ժողովրդին, որը դավաճանված է իր իսկ իշխանության կողմից։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031