Տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերների պարագայում 2018-ին Հայաստանում իշխանության եկած ազգակործանների կողմից վարվող ապազգային ու անպատասխանատու քաղաքականությունը մեր պետությանն ու ժողովրդին հետեւողականորեն տանում է նորանոր փորձանքների։ Այդ փորձանքները, ձախողումներն ու կորուստներն այնքան շատ են ու այնքան հաճախ են տեղի ունենում, որ ժողովուրդը չի հասցնում ուշքի գալ։ Մեր իրականությունը նման է բռնցքամարտի, երբ ռինգի անկյունում հայտնված բռնցքամարտիկը չի հասցնում ուշքի գալ հակառակորդի չընդհատվող հարվածներից, ուղղակի հարվածող բռնցքամարտիկի շապիկի վրա գրված է ՔՊ, իսկ պաշտպանվողի շապիկի վրա՝ հայ ժողովուրդ։ Միայն վերջին ժամանակների մի քանի օրինակներ՝ տրանսպորտի թանկացում, հարկային բեռի ավելացում, համատարած հայտարարագրում, ցանկը կարելի է շարունակել։ Իշխանությունների կողմից անընդհատ բերվող նոր փորձանքների, ձախողումների ու կորուստների ծանր ազդեցության տակ խամրում ու մոռացության են տրվում հները։ Այդ մոռացությունը հասարակության մոտ ստեղծում է իրականության խեղաթյուրված ընկալում, ինչը էապես նվազեցնում է հանրային համախմբումը՝ նպաստելով այս ազգակործանների ձախողված իշխանության գոյատեւմանը։
Այս իշխանության իրական գնահատականը պարզելու համար անհրաժեշտ է այսօրվա իրողությունները համեմատել այն խոստումների հետ, որոնց հավատալով՝ ընտրողներն իշխանության բերեցին սրանց։ Ճիշտ կլինի համեմատությունը իրականացնել հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքում պարզված ամենակարեւոր՝ անվտանգային հարցերում։ Քանի որ այսօր այլեւս որեւէ ողջամիտ մարդ չի կասկածում, որ մինչեւ Արցախյան երրորդ պատերազմում կրած դաժան պարտությունն ու Արցախի հայաթափումը Արցախը Հայաստանի անվտանգության կարեւորագույն բաղադրիչն էր, դիտարկենք այդ բաղադրիչի վերաբերյալ 2021թ.-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի դրույթները.
Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը եւ շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունն Արցախի հետ անվտանգային եւ ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում:
Բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախեւառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո՝ խաղաղ, բանակցային ճանապարհով, ինչը հնարավորություն կտա տեղահանված անձանց վերադառնալ իրենց տները:
Կարդացեք նաև
Այն փաստը, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների եւ զանգվածային ոճրագործությունների հետեւանքով հայաթափվել են Արցախի բոլոր այն տարածքները, որտեղ հաստատվել է ադրբեջանական վերահսկողություն, մատնանշում է, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատեւել Ադրբեջանի ենթակայության ներքո։
Շարքային ընտրողը ծանոթանալով ՔՊ կուսակցության նախընտրական ծրագրի այս դրույթներին, չէր կարող գուշակել, որ այդ ազգակործանների խմբակը որոշել էր ողջ հանրությանը դարձնել մի սարսափելի խաբեության զոհ։ Իսկ այդ ստոր խաբեությունը բացահայտվեց շատ կարճ ժամանակ անց, երբ ՔՊ բացարձակ մեծամասնությամբ ձեւավորված խորհրդարանը հաստատեց կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը։ Նախընտրական ծրագրի վերը բերված դրույթները բացակայում էին կառավարության գործունեության ծրագրում։ Քանի որ ձեւավորված կառավարությունը ոչ թե կոալիցիոն էր, այլ ներկայացնում էր միայն ՔՊ-ն, ապա նախընտրական ու կառավարության ծրագրերի այսպիսի աղաղակող տարբերությունը վկայում էր ՔՊ-ի կողմից ընտրողների ձայները խաբեությամբ յուրացնելու մասին։ Դժվար է ասել, թե 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները որքանով են եղել ազատ, բայց որ նրանք եղել են ոչ թե արդար, այլ անարդար, ստոր խաբեության արդյունք, դա ակնհայտ է։ Սակայն ՔՊ-ի կողմից ընտրողների ձայները խաբեությամբ յուրացնելու, հետեւաբար եւ խաբեությամբ ԱԺ-ում այդպիսի մեծամասնություն ունենալու մասին այսօր հասարակությունը ոչ հիշում է, ոչ էլ կարեւորում, որովհետեւ այդ խաբեությունը խամրում է ձախողված կառավարության կողմից ժողովրդին բերվող նորանոր փորձանքների ֆոնին։
Այժմ տեսնենք, թե ինչպիսի արդյունքների է հասել անցած շուրջ չորս տարիների ընթացքում այս կառավարությունը իր 2021-2026թթ. գործունեության ծրագրի իրականացման հարցում։ Ծրագրի դրույթներից մեկը նշում է.
Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել եւ ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն է՛լ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ եւ բազմակողմ այլ ձեւաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու հանգամանքը եւս կարեւորություն է հաղորդում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:
Բերենք մի քանի փաստեր վերջին ժամանակների ընթացքում ՀՀ իշխանությունների կողմից նշված դրույթներին բացարձակապես չհամապատասխանող գործողությունների մասին։ Նախ՝ Հայաստանը հեռացող ամերիկյան վարչակազմի հետ ստորագրեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրությունը։ Հատկանշական է, որ հայ-ռուսական հարաբերություններում ամենազգայուն ոլորտների վերաբերյալ այդ գործընկերության մասին կանոնադրությանը դրսեւորվել է առանձնահատուկ վերաբերմունք։ Փաստաթղթում միայն երկու՝ մաքսային ու սահմանապահ ծառայության ոլորտներում համագործակցության վերաբերյալ էր նշված հստակ ժամկետ, այն էլ շատ սեղմ ժամկետ.
Առաջիկա շաբաթներին, մաքսային եւ սահմանապահ ծառայության մեր թիմը կմեկնի Հայաստան՝ աշխատելու հայ գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման, անվտանգության համագործակցության ամրապնդման, Հայաստանի խաղաղապահ կարողությունների բարձրացման ուղղությամբ։
Դրանից մի քանի օր անց ՀՀ ԱԺ համապատասխան գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությամբ ԱԺ օրակարգում հայտնվեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը։ Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը չի նախատեսում 2025թ.-ին ապասառեցնել իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում։ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում, որ ձգտում է արեւմտյան տեղնոլոգիաներով նոր ատոմակայան կառուցել երկրում։ Հայաստանի իշխանությունները պատրաստվում են Ադրբեջանի ցուցման համաձայն հանդես գալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկով։ Ցանկը կարելի է շարունակել։ 2018-ից հետո մեր պետության ու ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունները վկայում են, որ սրանք անմեղ քաղաքական խաղեր չեն։ Քաղաքական այս վայրիվերումների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ամենապատասխանատու պաշտոնատար անձանց շատ կոշտ հրապարակային հայտարարությունները վկայում են, որ ՔՊ-ն ոչ միայն դավաճանում է իր նախընտրական ծրագրին, այլեւ կործանում է մեր անվտանգային համակարգի վերջին մնացորդները, ուղղակի սպառնալիք ստեղծելով մեր պետականության համար։
2021-2026թթ. կառավարության գործունեության ծրագրի մեկ այլ դրույթ հնչում է այսպես.
Թշնամության հաղթահարումը կարող է դառնալ տարածաշրջանային արտաքին քաղաքական օրակարգի առանցք: Ապաշրջափակումը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի անվտանգային եւ կենսական շահերի հաշվին:
2021թ.-ից հետո այս ձախողված կառավարությունը ոչ միայն որեւէ հաջողության չի հասել ապաշրջափակման առումով, այլեւ Ադրբեջանին է հանձնել Գորիս-Կապան մայրուղին, 240 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածք ու հայ-ադրբեջանական սահմանին գտնվող ռազմավարական նշանակության բազմաթիվ իշխող դիրքեր։ Տավուշի մարզում իրականացվող, այսպես կոչված, սահմանազատման արդյունքում, ոչ միայն մեր բնակավայրերն են հայտնվում թշնամու ուղիղ նշանառության թիրախում, այլեւ լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու մարզով անցնող Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին։ Կառավարության գործունեության ծրագրի այս դրույթում գրված Արցախի անվտանգային եւ կենսական շահերի բառերը կարդալուց հստակորեն հասկանում ես, թե ինչ գաղափարներ էր կարեւորում մեր հասարակությունը ընդամենը չորս տարի առաջ ու ինչ անկում է ապրել մեր պետությունն ու ժողովուրդը այս ձախողված կառավարության չորս տարիների գործունեության արդյունքում։
Եվս մեկ դրույթ 2021-2026թթ. կառավարության գործունեության ծրագրից.
Արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների եւ տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաեւ մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը եւ հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ամբողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով պետական շահերով եւ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով:
Միայն երեք բառ եմ ցանկանում ասել՝ ԴԱՎԱՃԱՆ, ՁԱԽՈՂՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ։
Գագիկ ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՀԿ ԳՄ անդամ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2025