Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողը պահանջում է նշանակել պատիժ՝ ցմահ ազատազրկում

Հունվար 31,2025 14:00

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Գալստյանի գործով մեղադրողը  2024թ. դեկտեմբերի 23-ին բողոք է բերել, որի քննությունը նշանակվել էր հունվարի 24-ին, ժամը 17.30-ին: Նա միջնորդել է բեկանել Սյունիքի մարզի դատարանի դատավճիռը, նշանակել պատիժ՝ ցմահ ազատազրկում:

2024 թվականի նոյեմբերի 22-ին մեղադրական վերդիկտի համաձայն, Սյունիքի մարզի դատարանի դատարանը (դատավոր՝ Գ. Աբելյան) նրան մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում, եւ նշանակել պատիժ 18 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանը (Մ. Մելքոնյան, Գ.Հովհաննիսյան, Լ.Հովհաննիսյան կազմով), սակայն, այդ օրը բողոքի քննությունը հետաձգել էր, այդ մասին տեղեկացրել կողմերին:

Հիշեցնեմ, որ Սարգիս Գալստյանն իր առաջին հարցաքննության ժամանակ հայտնել էր. «2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Շուշին օկուպացված է եղել, իսկ ինքն այդտեղ մնացած արվեստի գործերի՝ քանդակների, նկարների, գորգերի ճակատագրով է անհանգստացել, որի կապակցությամբ փորձել է ՌԴ խաղաղապահ ուղեկալի հրամանատարության միջոցով դուրս գալ կապի Շուշի քաղաքում գտնվող ղեկավարության հետ։ Մի քանի փորձից հետո պատահական ՌԴ սահմանապահների ուղեկալի մոտ նկատել է մի մարդու, ում ՌԴ սահմանապահներից Նիկոլայն ասել է, որ նա է Շուշիի պարետը, սակայն նրա տվյալները չի հայտնել։ Այդտեղ ողջունել է այդ անձին, ում ասել է, որ Ձեզ հետաքրքրում է Շուշիի արվեստի կենտրոնում մնացած գույքի հարցը, որի կապակցությամբ վերջինս ասել է, որ Շուշիից ոչինչ դուրս չի գալու, այդ հարցը չի քննարկվում։ Այդ անձն իր տվյալները չի հայտնել։ Որոշ ժամանակ անց «Ֆեյսբուք» էջի միջոցով փորձել է գտնել Բաքվի միլի մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջայի տվյալները, ով պատգամավոր է ընտրվել Ղարաբաղի կողմից։ Գտնելով էջը, տեսել է նաեւ հեռախոսահամար, որին զանգահարել է իր 095-123008 համարից բացված WhatsApp-ով, որի ժամանակ իրեն պատասխանել է Թ. Գյանջայի օգնական Սամիրը, ում հետ բարձրացրել է նույն հարցը, որի կապակցությամբ վերջինս հայտնել է, որ կքննարկի պատգամավորի հետ, եւ լրացուցիչ կկապվի իր հետ: Հարցին լուծում չի տրվել»:

Հետագայում նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, «տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության եւ բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել դեռեւս ինքնությունը չպարզված՝ օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ, ում կողմից ստացել է լրտեսություն կատարելու հանձնարարություն, ինչին տվել է իր համաձայնությունը, այդ կերպ հավաքագրվելով վերջինիս կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։ Այնուհետեւ, օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի առաջադրանքով 2020-2023 թվականների ընթացքում հավաքել եւ իր հեռախոսահամարով գրանցված Whatsapp եւ այլ բջջային հավելվածների՝ նամակագրության, զանգերի միջոցով՝ հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի եւ այլ նյութական միջոցների առկայության, բնակչության տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ եւ Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, նրանց միջեւ հակասությունների, 2023 թվականի սեպտեմբերին ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, ազգաբնակչության զինվածության, Արցախի եւ ՀՀ իշխանությունների փոխհարաբերությունների, բնակչության կողմից հնարավոր դիմադրության եւ նման բնույթի այլ տեղեկություններ, որոնք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար կատարել է լրտեսություն: 2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո, Սարգիս Գալստյանն օտարերկրյա հետախուզության վերը նշված աշխատակցի կողմից Ստեփանակերտում պաշտոն ստանալու առաջարկից հետո, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ՝ Մ. Շահնազարյանի հետ միասին մնացել են Ստեփանակերտում, որտեղ շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները եւս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին»:

Նշեմ, որ  նա զբաղեցրել է տարբեր պաշտոններ, մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերից մինչեւ 2020 թվականի հուլիսը եղել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, 2020 թվականի հուլիսից մինչեւ 2021 թվականի հունվարը հանդիսացել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի եւ զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարը, 2021 թվականից մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 28-ը հանդիսացել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 28-ից նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին, որտեղ աշխատել է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը:

Հանրային մեղադրողը Կ.Հարությունյանն է, պաշտպանները՝ Ա Կոչուբաեւը, Ա Ներսիսյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031