Լրահոս
Օրվա լրահոսը

Փիլիսոփայության հանրամատչելիության խնդիրը

Հունվար 31,2025 12:30

1.Ի՞նչ է փիլիսոփայությունը, ինչո՞ւ պիտի լինի հանրամատչելի

Փիլիսոփայության հանրամատչելիության եւ անձնային-կենսական նշանակության հարցը առաջիններից մեկը, թերեւս, ձեւակերպել է Դավիթ Անհաղթը իր «Փիլիսոփայության սահմանումները» նշանավոր գրքի հենց մուտքի խոսքում. «Ովքեր գեթ մի անգամ փիլիսոփայական խոսք են տենչում  եւ պատեհ առիթ են ունենում լոկ  մատի ծայրով ճաշակել նրա քաղցրությունը, նրանք բոլոր երկրավոր հոգսերին «մնաք բարյավ» ասելով, ողջախոհ մի մոլությամբ անձնատուր են լինում նրան»:

Մեծ փիլիսոփայի միտքը կհաստատեն ոչ սակավ թվով երջանիկ անձինք: Եթե նրանք, իսկապես, ճաշակել են փիլիսոփայելու բերկրանքը, ուրեմն իրենց կյանքում եղել է բարեպատեհ մի առիթ` կենսական ցնցում, խոր զարմանք պատճառած իրադարձություն, կյանքի եւ մահվան միջեւ սահմանային վիճակ, պայծառացման երանելի պահ, բախտորոշ հանդիպում կամ խորիմաստ գրքի ընթերցում… Բեկումնային պահերին մենք արթնանում ենք առօրյա թմբիրից, նորովի նայում ինքներս մեզ եւ շրջապատին, սկսում խորհել կյանքի եւ մահվան, աշխարհի եւ մարդու ծագման առեղծվածի, մարդկության անցյալի եւ ապագայի, ներկայի համամոլորակային խնդիրների եւ մարտահրավերների շուրջ:

Իհարկե, բնավ այն կարծիքին չեմ, թե բոլորը պետք է գործերը մի կողմ դնեն եւ զբաղվեն փիլիսոփայությամբ: «Փիլիսոփայությամբ զբաղվելու» հորդորն ավելի անիրականալի է, քան բոլորի` միահամուռ ինչ-որ այլ բան անելը: Եվ բարեբախտություն է, որ դրա հավանականությունը չնչին է, քանզի «բոլորի»` պարտադիր կերպով «փիլիսոփայությամբ զբաղվելը»,  առավել եւս «անձնատուր լինելն» ամենից առաջ մահացու կլիներ փիլիսոփայության համար` որպես մարդկային զբաղմունքի առանձնահատուկ տեսակի:

Մենք դա տեսել ենք ժամանակին, երբ «մարքս-լենինյան փիլիսոփայության» բուհական դասավանդումը մտածող մարդկանց մեջ (փիլիսոփայությամբ, իրոք, ներունակ զբաղվելու) ալերգիա էր առաջացնում դեպի «փիլիսոփայություն» բառն իսկ: Հիշում եմ ուսանողական տարիների մի անեկդոտ: «Ի՞նչ է փիլիսոփայությունը» հարցին տրվում է պատասխան` «Ես քեզ բան ասեմ` դու չհասկանաս, դու ինձ բան ասես` ես չհասկանամ»: Սրա մեջ, ի դեպ, չհասկանալու անմեղ խոստովանություն կա, մինչդեռ քննություն տալիս ոչ ոք չէր համարձակվի ցույց տալ, որ չի հասկանում այն, ինչ միմյանց ասում եւ լսում են «փիլիսոփայող» դասախոսը եւ «փիլիսոփայություն սովորող» ուսանողը:

Ինչպես հայտնի է, դասագրքերում փիլիսոփայությունը, սովորաբար,  հռչակվում  է որպես «գիտություն» («բնության, հասարակության եւ մարդկային մտածողության հիմնական օրենքների մասին». սահմանում, որը ոչ թե սխալ է, այլ թերի), սակայն անվանման նպատակը հիմնականում սովորողի մեջ հավելյալ պատկառանք առաջացնելն էր (նաեւ յուրատեսակ մեղավորության կանխավարկած ամրապնդելը. դե, ուսումնասիրում եք գիտություն, ուրեմն հասկանալ-չհասկանալը ձեր խնդիրն է): Իսկ քննություն հանձնելը` ոչ մի տարբերություն բնագիտական առարկաների` պարտադիր հարցաշար, հարցատոմս, աներկբա պատասխան, քարացած ձեւակերպումներ` բառ առ բառ ըստ դասագրքի կամ դասախոսի թելադրածի:

«Ինչ է փիլիսոփայությունը» հարցադրումը վերնագիր է դարձել բազում հրապարակումների: Գրվել են, գրվում են եւ մշտապես կգրվեն գրքեր, քանզի ամեն ժամանակաշրջան, փիլիսոփաների ամեն մի սերունդ յուրովի է պատասխանելու այդ հարցին: Բայց դա նույնիսկ «պատասխան» չէ, որ նման լիներ իմացության բնագավառի այլ պատասխանի: Եթե ֆիզիկայի, մաթեմատիկայի, կենսաբանության եւ բնագիտական այլ գիտակարգերում հարցին տրված պատասխանը (եթե, անշուշտ, ճիշտ է տրված), վերացնում է հարցը` որպես այդպիսին, ապա փիլիսոփայության մեջ պատասխանը դա չի անում եւ չի էլ կարող. այն պարզ պատճառով, որ այստեղ նման խնդիր չի դրվում: Փիլիսոփայական ամեն մի հարցադրում փիլիսոփայի աշխարհայացքային դիրքորոշման տեսակ է:

Շիտակ փիլիսոփայությունն էապես տարբեր է սովորական, «կենցաղային» մտածողության, առողջ բանախոհության սահմաններից դուրս չեկող, խորհրդածության չդիմող մարդու, այսպես ասած` «կենսափիլիսոփայությունից», մանավանդ` «փիլիսոփայելու» հավակնությամբ շաղակրատանքից: Եվ թեպետ բոլորն էլ «փիլիսոփայում» են, ավելին` իր իսկ բնույթով մարդ արարածը չի կարող չփիլիսոփայել (թեկուզ որեւէ երեւույթի մասին ընդհանրացնող, ամփոփ բնույթի մի բան ասելիս, ինչին, սովորաբար, հետեւում է զրուցակիցների կատակախառն, երբեմն գռեհկաբան արձագանքը` «էլի սկսեցիր փիլիսոփայել», «մի փիլիսոփայիր», «ծակ փիլիսոփա»), սակայն քչերն են բարձրանում մակերեսային դատողություններից, «փուչ խորհրդածությունից» կամ «չփիլիսոփայությունից» (Կարլ Յասպերսի բնութագրումներն են) դեպի իսկապես փիլիսոփայական խոհի աստիճան:

Ինքնին փիլիսոփայելու ընդոծին հակում եւ ունակություն ունեցող մարդիկ առտնին կյանքում ապրում են առանց գործադրելու, առավել եւս զարգացնելու այդ ունակությունը: Հակոբ Պարոնյանի ցայտուն բացահայտումն է դա. «Մարդիկ կան, որոնք կապրին ու կը շարժին առանց ամենեւին տեղեկություն մը ունենալու այն աշխարհին վրա, զոր աղմուկով կը լեցնեն, ինչպես որ ճանճերը կը թռչին եւ կը բզզան առանց կենդանաբանություն գիտնալու»: Ուրեմն, կարող ենք ասել, որ փիլիսոփայությունը մի փորձ է ըմբռնելու եւ իմաստավորելու մարդուն շրջապատող աշխարհը իր ամբողջության մեջ եւ դրանում մարդու տեղն ու դերը: Այդկերպ` փիլիսոփայությունը, ավելի ստույգ` փիլիսոփայելը,  դառնում է մարդու վերաբերմունքի տեսակ աշխարհի եւ իր իսկ գոյի հանդեպ:

Փիլիսոփայությունը նաեւ գիտելիքի  համակարգ է, եւ որպես այդպիսին, իրոք, նման է գիտությանը, թեպետ եթե վերջինիս պարագայում գիտելիքն աստիճանաբար ավելանում է, կուտակվում (հընթացս փոփոխվում, շտկվում, հերքվում կամ վերահաստատվում), ապա փիլիսոփայական գիտելիքը ոչ թե տվյալ հարցադրման պատասխանն է, այլ փիլիսոփայի աշխարհայացքային եւ կենսական դիրքորոշման որոշակի ձեւակերպումը: Միեւնույն ժամանակ, փիլիսոփայությունը հավակնում է լինել մարդու կյանքի գործնական ուղեցույց. չէ՞ որ ի սկզբանե կյանքի է կոչվել որպես յուրատեսակ «գործնական փիլիսոփայություն», մարդ արարածին առավել պատշաճ` իմաստուն, բարոյական, արժանավայել կյանքի նորմերի հիմնավորում:

Կենսական երեւույթների ներանձնային իմաստավորման գործառույթը հատուկ է նաեւ կրոնին եւ բարոյականությանը` իրենց ընկալման եւ ամփոփման առանձնահատկություններով: Կրոնը դա անում է գերբնական էակի առանցքային դերակատարման հիմքով, բարոյականությունը (աշխարհիկ տարբերակով) հիմնավորում է իմաստուն կենսակերպը, կարգավորում բարու եւ չարի, արդարի եւ անարդարի, պատշաճի եւ անհարիրի ըմբռնումների հարաբերակցության դաշտում: Մարդու կյանքի իմաստավորման եւ դրա հիմքով վարքականոնի ձեւավորման խնդիր ունի հասարակական գիտակցության ձեւերից եւս մեկը` արվեստը, հատկապես գեղարվեստական գրականությունը:

Փիլիսոփայության համեմատումը հասարակական գիտակցության մյուս ձեւերի հետ պատկերավոր է բնութագրել ֆրանսիացի փիլիսոփա Ռայմոն Արոնը, ասելով, թե փիլիսոփայությունը «օբյեկտիվ է գիտության պես, ընդգրկուն բնույթ ունի կրոնի պես եւ արտահայտում է մարդկանց կյանքը պոեզիայի պես»: Հիրավի, նախանձելիորեն հաջող միտք է. իհարկե, այդ եռակի հատկությունները` «օբյեկտիվ», «ընդգրկուն» եւ «պոետիկ» ավելի խորքային պարզաբանման կարիք ունեն, մանավանդ գիտության եւ փիլիսոփայության «օբյեկտիվության» համեմատությունը: Նշեմ միայն, որ ճշմարիտ փիլիսոփայության աշխարհի մեջ խորասուզվելը մտածող մարդու համար նույնքան հոգեամոքիչ է ու կենսահաստատ, որքան հավատացյալի համար` իր անկեղծ, նվիրական, «ի խորոց սրտի» աղոթքն առ Աստված, իսկ փիլիսոփայական գրականության բազում էջեր, հիրավի, գեղարվեստական խոսքի առարկայացման լավագույն նմուշներից են` ընթերցողի թե՛ միտքը, թե՛ հույզը հավասարապես երկխոսության տրամադրող:

2.«Փիլիսոփա – ընթերցող հանրություն». երկկողմանի ջանքի կարեւորությունը

Գիտությունը (նաեւ` փիլիսոփայությունը) որպես գիտելիք, գոյություն ունի երկու կերպ` գրառված` գրքի (տպագրված, էլեկտրոնային, տեսագրված, ձայնագրված, կենդանի հնչեցմամբ) եւ չգրառված` գիտնականների մտածողության շրջանակում: Երբ գիրք է հրատարակվում, հեղինակի մտքերն «առարկայանում» են, ընթերցողը կարդում է գիրքը, տեղի է ունենում «ապաառարկայացում»` գիտելիքը դառնում է ընթերցողի մտքի բաղադրիչ: Այս հասկացությունները Հեգելն է առաջարկել` մեկնաբանելով իմացության եւ ուսուցման դիալեկտիկական անցումները: Դասախոսը ինչ-որ թեմայից խոսում է, նրա իմացությունը, տվյալ պահին` ասելիքը, արտաբերվում է, առարկայանում, ուսանողն ունկնդրում է հնչող խոսքը, ընկալում միտքը, որն այդկերպ վերածվում է ապաառարկայացած գիտելիքի` դառնում ուսանողի իմացության տարր (քննության ժամանակ հակառակ ընթացքն է. այլապես դասախոսը հնարավորություն չունի գնահատելու ուսանողի իմացությունը):

Մեր խնդիրը հետեւյալն է. ինչպե՞ս ապահովել գրքի (գիտելիքի  առարկայական մյուս ձեւերի), այսինքն` դրանում ամփոփված գիտական գիտելիքի հնարավորինս դյուրին յուրացումը, հանրային կարեւորության գաղափարների առավելագույն հասանելիությունը եւ մատչելիությունը: Առանցքային լուծումներից մեկը ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանինն է, որը սիրում էր կրկնել` «Գրողը պետք է օգնի ընթերցողին»:

Արդ, դիտարկենք տվյալ խնդիրը Իմանուիլ Կանտի վարվելակերպի օրինակով: Գերմանացի մեծ փիլիսոփայի հիմնարար աշխատությունը՝ «Զուտ բանականության քննադատությունը» լույս է տեսնում 1781 թվականին։ 12 տարվա տքնաջան աշխատանքը հանդիպում է տարօրինակ վերաբերմունքի. թե՛ շարքային ընթերցողները, թե՛ լրջմիտ քննադատները բողոքում էին, որ դժվար է հասկանալ գիրքը։ Դա հարկադրում է Կանտին գրելու բացատրական բնույթի մի գրքույկ՝ «Պրոլեգոմեններ» (1783 թ.)` որպես հետահայաց ներածություն հրապարակված գրքի գաղափարներն ու հասկացություններն ավելի դյուրին մատուցելու. «գանգատները տեղին են», խոստովանում է նա եւ խոստանում հաշվի առնել. մտահղացումը իրեն լիովին արդարացնում է:

Հարկավոր է նկատել, որ արդեն երիտասարդ տարիների հրապարակումներում ակնհայտ է Կանտի ձգտումը՝ կողմնորոշվելու դեպի որոշակի լսարանը, կանխատեսելու հավանական ընթերցողի հնարավոր վերաբերմունքը իր ապագա գրքերի հանդեպ: Ակնհայտ է, որ նա հետեւում է «գրողը պետք է օգնի ընթերցողին» սկզբունքին, բայց միաժամանակ պահանջ է ներկայացնում ընթերցող հանրությանը: Կենտրոնանալով գիտական շարադրանքի հստակության ապահովման վրա` Կանտը ընթերցողի այդ ակնկալիքը համարում է արդարացի, սակայն եւ բացատրում է վիճակը՝ բարդ ու ծավալուն աշխատանքը մեկեն հանրամատչելի դարձնելու օբյեկտիվ անհնարինությունը: Խոստովանում է, թե սպասում էր թերի ըմբռնում եւ բացատրում դրա պատճառը. «Իմ գրքի մասին  կդատեն սխալ, որովհետեւ չեն հասկանա. չեն հասկանա, քանի որ թեեւ կթերթեն, սակայն կզլանան մտասուզվել նրա մեջ»։ Միաժամանակ վստահություն է հայտնում. «Ժամանակի հետ հանրաճանաչությունը կգա, բայց սկզբից այն լինել երբեք չի կարող»:

Իսկ գիտական լրջմիտ աշխատության աճապարանոք պարզեցումը կարող է հակառակ հետեւանքի հանգեցնել. «այս աշխատանքը բնավ երբեք հանրային օգտագործման համար չէր կարող պիտանի լինել, իսկ գիտական հարցերում իրազեկ մարդիկ կարիք չունեն այդպիսի պարզեցման. թեեւ դա էլ մի հաճելի բան է, բայց  այստեղ նույնիսկ նպատակին հակառակ հետեւանքներ կարող է առաջ բերել»:

Այնուհետեւ` հարկավոր է տարբերակել մատուցվող նյութի եւ դրա շարադրանքի հստակության ու հասկանալիության սահմանները, եւ դա անել ելնելով գլխավոր նպատակից՝ ընթերցողին հասցեագրվածության տեսակետից. «Երբ մարդ նպատակ է դնում հասնելու լայնածավալ եւ միաժամանակ մեկ սկզբունքի շուրջը ամբողջացված մտախուզական իմացության հասկանալիությանը, ապա նույնքան կատարյալ իրավունքով կարելի կլիներ ասել, թե որոշ գրքեր շատ ավելի հստակ եղած կլինեին, եթե դրանց չջանային դարձնել այդչափ պարզ»:

Որպես հակակշիռ մեջբերեմ ավստրիացի նշանավոր փիլիսոփա Լյուդվիգ Վիտգենշթայնի հարցադրումը. «Եթե ես բարդ եմ գրում, ուրեմն ես վա՞տ փիլիսոփա եմ: Լավ փիլիսոփան ավելի հասկանալի կգրեր: Իսկ ո՞վ ասաց, թե դա հնարավոր է»:

Գիտական աշխատությունը հասկանալ-չհասկանալու հարցում ընթերցողի դիրքորոշումը, ընթերցման եւ գիտելիքի համարժեք ընկալման մշակույթի առկայությունը նույնպես վճռորոշ են։ Այստեղ Կանտը հավաստի ընթերցման մի կարեւոր հանգամանք է նշում, երբ ուրիշի գրածը կարդալիս «իբրեւ հիմք են ընդունում ոչ թե հեղինակի մտքերը, այլ մշտապես միայն սեփական մտածելակերպը, որը երկարատեւ սովորության հետեւանքով դարձել է բնավորություն»։

Ահա թե ինչու, ամփոփելով ընթերցողին հասկանալի լինելու հարցում իր սկզբունքային դիրքորոշումը, Իմանուիլ Կանտն անմիջապես դիմում է ընթերցողին համագործակցության շատ ուշագրավ մի հորդորով. «Այստեղ իմ ընթերցողից ես սպասում եմ, որ նա ունենա դատավորի համբերություն եւ անկողմնակալություն»:

Ընթերցողներից նման ակնկալիքը ենթադրում է նրանց համապատասխան պատրաստվածություն, ընդ որում՝ ոչ միայն անձնային իրազեկություն, այլեւ ամբողջ հանրության մեջ որոշակի մտավոր մթնոլորտի առկայություն: Այս առումով հատկանշական է (նաեւ մեր օրերի համար) լուսավորականության դարաշրջանի կանտյան ըմբռնումը` որպես ելք մարդու «անչափահասության վիճակից», այսինքն` «սեփական դատողությունը առանց արտաքին ղեկավարման գործադրելու անկարողության» վիճակից: Իսկ եթե մարդն ունակ չէ ինքնուրույն գործադրելու սեփական խելքը, ապա նրան մատուցվող գիտելիքը վերածվում է «մշտական անչափահասության կապանքների»:

Մտավոր ծուլության կանտյան ախտանիշն այսօր առավել քան տեղին է. ժամանակակից մարդը տեղեկատվության հեղեղի պայմաններում բնավ էլ ավելի ազատ չէ սեփական միտքը գործադրելու հարցում: Տեխնոլոգիական հարաճուն հզորությունը, «խելացի» սարքերի ստվարացող եւ պատրաստակամ միջավայրը ոչ միայն հավասարազոր չեն ինքնուրույն մտածելակերպի զարգացման խթանմանը, այլեւ կարող են նույնիսկ վերածվել դրա կապանքների: Կարդալու արժանի գիրքը (որքան էլ պայմանական լինի այդ բնութագրումը) եւ լրջմիտ ընթերցանությունը աստիճանաբար դառնում են «հնաոճ»: «Ո՛չ ջանք` ո՛չ ցավ» («no effort – no pain») կոչը` դյուրին ուսում, դյուրին աշխատանք, դյուրին ապրելակերպ, զանգվածաբար թափանցում է նոր սերունդների հոգու եւ մտքի մեջ: Գաղտնիք չէ, որ գերիշխող արժեքային համակարգը մարդուն ավելի հակում է (Էրիխ Ֆրոմի եզրաբանությամբ) «ունենալու» կենսակերպին, քան թե «լինելու»: Այժմ շատ ավելի դյուրին է դարձել նույնիսկ հասուն մարդուն ձեռնածության ենթարկել. գովազդի, քաղաքական կարգախոսների, ստահոդ «ճշմարտությունների» կպչուն քարոզի միջոցով դարձնել «ռոբոտանման» մի արարած: Անտեսելով սեփական մտավոր ծուլության հանգամանքը (երբեմն` առհասարակ չգիտակցելով դա)՝ մենք, փաստորեն, ավելի հակված ենք քննարկելու արհեստական ինտելեկտի խոստումնալից հեռանկարները (նաեւ չափազանցված. ի դեպ, նաեւ թութակի պես կրկնելով «արհեստական բանականություն» բնութագրումը, առանց գիտակցելու, որ բանականությունը զուտ մարդկային հատկանիշ է):

Այս ընդհանուր բնութագիրը Հայաստանի համար մասնավորելիս հավելենք սոցիալ-հոգեբանական բնույթի ծանրագույն խնդիրները, մարդկային եւ տարածքային կորուստների չխամրող հիշողությունը, հարաճուն անորոշությունը եւ համատարած տագնապը, կրթական համակարգի կաթվածահար վիճակը, խաթարված արժեքային համակարգը, արտաքին ուժերի քայքայիչ գործունեությունը, իշխանական վերնախավի ձախավեր քայլերը…

Ներկայում պարադոքսային մի վիճակ է առաջացել. փիլիսոփայությունը ինքնին մատչելի է ամեն մի մտածող մարդու, ուստի ունակ է իր ներուժով վերափոխելու հանրության եւ անհատի աշխարհայացքն ու մտածելակերպը, սակայն հասցեատերերը ոչ միայն պատրաստ չեն, այլեւ մերժում են փիլիսոփայության (փիլիսոփաների) պատրաստակամությունը: Հնարավոր չէ պահանջարկը խթանել, եթե իրական առաջարկ չկա. փիլիսոփայությունը չի կարող վերափոխել հանրությունն ու անհատին, եթե դրա համար քաղաքական, հոգեբանական, բարոյական, մշակութային հիմքեր չկան: Մատչելիության անխոհեմ փորձը կարող է հանգեցնել փիլիսոփայական ճշմարտությունների վարկաբեկմանը:

Փիլիսոփայությանը եւ փիլիսոփաներին մի ելք է մնում, մի առաքելություն, գերագույն մի պատասխանատվություն` ահազանգել քաղաքակրթությանը եւ ամեն մի անհատի ստեղծված անցանկալի եւ ամոթալի վիճակի մասին, բանական էականին հիշեցնել իր ստեղծագործ ներուժը, Երկրագնդի վրա իր բացառիկ դերակատարումը, արարչական կարողությունները, որոնք անդառնալիորեն կուլ են գնում, մի կողմից` սպառողական անհագ մոլուցքին, մյուս կողմից` տեխնոկրատական խաբուսիկ ինքնահիացմանը:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ

փ.գ.դ., պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
30.01.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031