Գիշեր-ցերեկ ամերիկյան նախորդ վարչակազմը քննադատող Ալիեւը մեծ սպասումներ ունի Թրամփի վարչակազմից
«Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, եւ մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ», – իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում անցյալ տարի հոկտեմբերի 24-ին գրել էր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը՝ չնշելով, թե ինչպես է դա իրագործելու։
Թրամփը միեւնույն ժամանակ քննադատել էր ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին եւ բռնի տեղահանվեցին Արցախից»: Թրամփն իր գրառման մեջ խոստացել էր` նախագահ դառնալու պարագայում խաղաղություն հաստատել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ:
ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆն օրերս նշել է, որ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության ենթարկի «ադրբեջանական ռեժիմին մարդու իրավունքների խախտումների համար»: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Ադրբեջանում «հայ քաղբանտարկյալների դատերը փակ ռեժիմով են անցկացվում»: «Պատշաճ իրավական ընթացակարգը բացակայում է: Լրատվամիջոցներ չեն թույլատրվում», – գրել է նա Ֆեյսբուքում:
Կարդացեք նաև
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետեւանքով գերեվարված 16 անձինք։ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչեւ ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Արցախի նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը մեկնարկել է հունվարի 17-ին:
Նախագահ Թրամփն արդեն ստանձնել է նախագահի պարտականությունները, նա հրապարակային խոսել է՝ դատապարտելով էթնիկ զտումները, նրա դիրքորոշումը կստիպի՞ Ալիեւին վերանայել իր դիրքորոշումը…
Մի քանի շաբաթ է՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակաբար քննադատում են Բայդենի վարչակազմին: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն օրերս նկատել է, որ Բայդենի վարչակազմը աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, ինչը, ըստ նրա` «անընդունելի է մի կողմի համար, որն իրեն միջնորդ է ներկայացնում հակամարտության կարգավորման հարցում»։
«Միացյալ Նահանգները փորձեց իրեն որպես միջնորդ դիրքավորել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի բավականին ինտենսիվ փուլում, եւ նման պայմաններում անընդունելի է կողմնակալ մոտեցում ցուցաբերել: Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնումից կարճ ժամանակ անց ժողովրդավարական վարչակազմը քայլեր չի ձեռնարկել չեղյալ համարելու «ԱՄՆ-ի Անվտանգության խորհրդի աջակցության ակտի» ազատությունների 907-րդ բաժինը, որն ըստ էության կարելի է գնահատել որպես մեր երկրին պատժելու մտադրություն, մենք նաեւ այլ կանխակալ գործողություններ ենք նկատել»,- ասել է Բայրամովը, հույս հայտնելով, որ ԱՄՆ նոր նախագահի երդմնակալությունից հետո Ադրբեջանի նկատմամբ դիրքորոշումը կփոխվի։ «Հիմա 4 տարի ԱՄՆ-ում հանրապետականները կլինեն իշխանության։ Մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ում նոր նախագահի երդմնակալությունից հետո մենք կտեսնենք Ադրբեջանի նկատմամբ մոտեցումների տարբերություն, առնվազն փոխադարձ շահերի ու հարգանքի հիման վրա ձեւավորված հարաբերություններ»,-ընդգծել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Օրեր առաջ էլ Բայրամովն անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, հայտարարել էր նաեւ, որ` «ժամանակն է ամբողջությամբ դադարեցնել USAID-ի գործունեությունն Ադրբեջանում»։
Անցյալ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԱՄՆ քրիստոնյա առաջնորդների կոնգրեսի ղեկավար Ջոնի Մուրի հետ Դավոսում կայացած հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի եւ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վարչակազմը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել Ադրբեջանի հանդեպ։ Ըստ Ալիեւի՝ Վաշինգտոնի այդպիսի վերաբերմունքի հետեւանքով Ադրբեջան-ԱՄՆ հարաբերություններում ճգնաժամ է առաջացել։
Ադրբեջանի նախագահը նաեւ քննադատել է Բաքվին ԱՄՆ կառավարության օգնության տրամադրումը սահմանափակող «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի վերակիրարկումը։ «Նախագահ Իլհամ Ալիեւը Բայդենի եւ Բլինքենի վարչակազմի կողմից 907-րդ հոդվածի վերսկսումը գնահատել է որպես երախտամոռություն»,- ասվում է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։
Իսկ այն, որ Ալիեւը մեծ ակնկալիքներ ունի Թրամփի նախագահությունից, արդեն մի քանի առիթներով է արտահայտվել: Ալիեւը վերջերս հույս է հայտնել, որ Դոնալդ Թրամփի նախագահության շրջանում «կկարողանան Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի»։
«Թրամփն իշխանության է գալիս բոլորովին նոր օրակարգով։ Նրա առաջին ժամկետի շրջանում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում որեւէ խնդիր չէր եղել։ Ընդհակառակը, հարաբերությունները շատ դրական էին, եւ մենք առաջընթաց էինք գրանցել շատ ոլորտներում: Բայդենի վարչակազմի հիմնական սխալն այն էր, որ նրանք ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները դարձրեցին ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զոհը։ Երկրորդը՝ նրանք անարդար դիրքորոշում դրսեւորեցին Ադրբեջանի նկատմամբ, հատկապես Ղարաբաղի հարցում։ Ես ԱՄՆ ներկայացուցիչներին բազմիցս ասել եմ՝ դուք երկու ձեռքով պաշտպանում եք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, տրամադրում եք զենք եւ միլիարդավոր դոլարներ։ Մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ եք ուզում մեզ պատժել։ Պատասխան չկար։ Իսկ պատասխանը պարզ է՝ երկակի ստանդարտներ»,- վերջերս հայտարարել էր Ալիեւը ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Նոյեմբերի վերջին տեղի էր ունեցել Ալիեւ-Թրամփ հեռախոսազրույցը, որի ընթացքում նաեւ տարածաշրջանային հարցեր էին քննարկվել։ Ադրբեջանի նախագահը կարծում է՝ Միացյալ Նահանգների նորընտիր ղեկավարի գործունեությունն է՛լ ավելի կարեւոր դեր է խաղալու աշխարհում անվտանգության ապահովման գործում։ Նշելով, որ իր առաջին նախագահական ժամկետում Դոնալդ Թրամփը հատուկ ուշադրություն է դարձրել Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ բարեկամության եւ համագործակցության ամրապնդմանը՝ Իլհամ Ալիեւը հույս է հայտնել, որ համատեղ ջանքեր կգործադրեն երկկողմ հարաբերությունները խթանելու համար։
Իսկ հունվարի 21-ին` Թրամփի երդմնակալությունից հետո Ալիեւը շնորհավորական նամակում նշել էր. «Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները միշտ սերտորեն համագործակցել են գլոբալ մարտահրավերների եւ սպառնալիքների, միջազգային ահաբեկչության եւ դրա տարբեր դրսեւորումների դեմ պայքարում՝ ելնելով իրենց ազգային անվտանգության շահերից»: Ալիեւը բարձր էր գնահատել համագործակցությունը էներգետիկ ոլորտում, որը, ըստ նրա` ծառայում է ԱՄՆ դաշնակիցների էներգետիկ անվտանգության ապահովմանը եւ հիմնված է լավ ավանդույթների եւ ամուր հիմքերի վրա։
Ալիեւն ընդգծել էր Թրամփի մշտական աջակցությունը Ադրբեջանի էներգետիկ քաղաքականությանը։ «Մենք մտադիր ենք շարունակել մեր ակտիվ եւ արդյունավետ համատեղ աշխատանքը Միացյալ Նահանգների հետ՝ հիմնված փոխադարձ վստահության վրա, ինչպես ավանդական, այնպես էլ նոր համագործակցության ոլորտներում, եւ սերտորեն համագործակցել Ձեզ հետ այդ ոլորտներում: Հավատում եմ, որ Ձեր նոր նախագահության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն եւ նոր բովանդակություն կստանան»,-նշել էր Ադրբեջանի նախագահը։
Ակնհայտորեն Ալիեւը շեշտադրում է Բաքվի ձգտումը` խորացնելու երկխոսությունը եւ ամրապնդելու գործընկերությունը Թրամփի վարչակազմի հետ: Ավելին, Ալիեւը հստակ շեշտել է, որ Թրամփի նախագահության շրջանում կցանկանար Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները բարձրացնել ռազմավարական մակարդակի։ Եվ այս ուղերձը հղվում է Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի հեռացած վարչակազմից դժգոհության, հայամետության մեջ հրապարակային մեղադրանքների ֆոնին: Հիմա Ալիեւը կառուցողական երկխոսության նոր ժեստ է անում Թրամփի վարչակազմին` նպատակ ունենալով հարաբերությունները կառուցել նոր էջից:
Ահա, Ալիեւի այս սպասումների ֆոնին, փետրվարի սկզբին տեղի է ունենալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Միացյալ Նահանգներ: Օրերս Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել էր, որ վարչապետը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաեւ «Ազգային աղոթքի նախաճաշին»: Գագաթնաժողովին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 30.01.2025