Կայունությունն ու կանխատեսելիությունը մարդու համար կարեւոր են, բայց կա նաեւ այս երկու երեւույթների անցանկալի տեսակը, եւ այն առկա է Հայաստանում
Դեպի կայունություն եւ կանխատեսելիություն մարդու ձգտումը, հավանաբար, բնական զգացողություն է բոլոր մարդկանց համար: Բոլորս ենք ցանկանում ապրել առանց անըղձալի, առօրյա ռիթմը խաթարող անակնկալների:
Կայունությամբ եւ կանխատեսելիությամբ կյանքի հանդարտ ընթացքը դառում է ավելի հավանական: Համաճարակները, բնական աղետները, պատերազմները լուրջ սպառնալիք են ներկայացնում մեր կյանքի կայունության ու կանխատեսելիության համար:
Երկրի քաղաքական կայունությունն ու կանխատեսելիությունը եւս էական են:
Կարդացեք նաև
Բայց կա երկրի քաղաքական կայունության եւ կանխատեսելիության նաեւ անցանկալի տեսակ, որը, ցավոք, այսօր առկա է Հայաստանում:
Հայաստանը կայուն է եւ կանխատեսելի, բայց…
Հայաստանի քաղաքական համակարգը, եւ հետեւաբար նաեւ երկրի ընդհանուր դրությունը, լիովին կայուն է եւ կանխատեսելի:
Այս իրողության պատճառը, սակայն, բնավ կայացած եւ կանխատեսելի պետական եւ ժողովրդավարական ինստիտուտները չեն: Հակառակը, Հայաստանի առնվազն ներքին կյանքը կայուն է եւ կանխատեսելի երկրում առկա միակուսակցական, եթե չասենք՝ միանձնյա, իշխանության պատճառով:
Այսօր խորհրդարանում մեծամասնություն է կազմում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հիմնադրված եւ առաջնորդվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Իշխանական խմբակցությունից պնդում են, թե իրենց շարքերում տարատեսակ կարծիքների բախումը եւ սուր քննարկումները մշտական բնույթ են կրում: Բայց փաստն այն է, որ Ազգային ժողովում ամեն ինչ որոշվում է ՔՊ-ի, իսկ կարող ենք ավելի ուղիղ ասել՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:
ՔՊ-ից ներս Փաշինյանի հետ հրապարակային լուրջ հակասություններ հայտնած երկու պատգամավորներ՝ Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանն էլ հեռացվեցին խմբակցությունից:
Գործիք չունեցող ընդդիմություն
Կհնչի տեսակետ, որ օրենսդիրում միայն ՔՊ-ն չէ, բա «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքնե՞րը:
Խորհրդարանական իրականությունում «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններն, ըստ էության, պարզապես գոյություն չունեն: Առանց մեծամասնության համաձայնությամբ նրանք Ազգային ժողովում ոչինչ ունակ չեն անել, անգամ ԱԺ հայտարարություններ կամ ուղերձներ անցկացնելու իրենց նախաձեռնություններն են տապալվում «Քաղաքացիական պայմանագրի» պատճառով:
Ամեն ինչ մեկ տեղում է որոշվում
Ստացվում է, որ Հայաստանը կայուն եւ կանխատեսելի երկիր է միայն նրա համար, որ, թեկուզեւ չկեղծված ընտրությունների միջոցով, ձեւավորվել է միակուսակցական, հակակշիռ չունեցող կառավարություն, այլ կերպ ասած՝ մեծամասնության բռնապետություն:
Երբ ամեն ինչ մեկ տեղում է որոշվում, հասարակությունը դուրս է մնում լրջահայաց, խորը եւ բովանդակալից քննարկումներից, որտեղից հենց պետք է ծնունդ առնեն խնդիրների ճիշտ լուծումները: Առանց այս ամենի, պետական կառավարիչները նմանվում են օլիգարխների:
Մարգինալիզացվող հասարակություն
Այսուհանդերձ, մեր հասարակությունը, կարծես, իր մարգինալիզացման մեջ խնդիր չի տեսնում: Սրա մասին են վկայում հասարակության մի ստվար զանգվածի մոտ ի հայտ եկած՝ միայն սեփական բարվոքության եւ հաճույքների մասին մտածելը, կամ ինչպես հաճախ ասում են՝ «փող աշխատի, կայֆավատ եղի, մեկ ա մենք բան չենք կարա փոխենք»: Այս քանդիչ մտածելակերպը եւս նպաստում է հայաստանյան անցանկալի (միակուսակցական, միանձնյա) կայունությանն ու կանխատեսելիությանը:
Քաղաքական միակուսակցականության առումով, Հայաստանը նմանվում է Խորհրդային Միությանը, որտեղ ամեն ինչ նույնպես շատ կայուն էր եւ կանխատեսելի, քանի որ ամեն ինչ կախված էր Կոմկուսից եւ օրվա ղեկավարությունից։
Իրական կայունության եւ կանխատեսելիության մասին
Մինչդեռ, իշխող կուսակցությունը կամ դրա ղեկավարը չէ, որ պետք է կայունություն եւ կանխատեսելիություն երաշխավորի:
Իրական կայունությունն ու կանխատեսելիությունը, երկրի ներքին գործերի իմաստով, կառաջանան միայն վերկուսակցական պետական ժողովրդավարական կայուն եւ կանխատեսելի ինստիտուտների միջոցով:
Պետք է խուսափել կայունության եւ կանխատեսելիության միակուսակցական տեսակից, որին այսօր ականատես ենք լինում Հայաստանի Հանրապետությունում:
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2025