ԱՄՆ Պետդեպարտամենտը գաղտնազերծել է փաստաթղթեր, որոնք վկայում են՝ 90-ականների վերջին Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների, համաձայնության էին եկել լուծել Ղարաբաղյան խնդիրը տարածքների փոխանակմամբ` Մեղրին Ղարաբաղի դիմաց։ Ամերիկյան գաղտնի հեռագրերը բացահայտում են մանրամասներ, որոնք մինչ այս երբեք չեն հրապարակվել։
Ղարաբաղյան բանակցություններում տարածքների փոխանակման տարբերակը հայտնի է որպես Գոբլի պլան՝ Պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի անունով։ Հենց նա էր հրապարակ հանել այդ գաղափարը 1992-ին, երբ նախկին պետքարտուղար Սայրուս Վենսը ՄԱԿ-ի հանձնարարությամբ այցելել էր Ղարաբաղ։
Գոբլը Պետդեպում բարձր պաշտոն չէր զբաղեցնում, նրա առաջարկն էլ պաշտոնական չէր: Բայց, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, այդ հարցը 90-ականների սկզբին արդեն փակ դռների ետևում սկսել էր քննարկվել ամենաբարձր մակարդակով, ընդ որում, ոչ թե Գոբլի, այլ՝ Թուրքիայի իշխանությունների կողմից։ Եվ այսօր դժվար է ասել՝ ով էր այն առաջինը շրջանառել: Հստակ է, որ Թուրքիայի նախագահը դեռ 1992-ին՝ Հայաստանի անկախացումից մեկ տարի անց, այդ առաջարկը դրել է Ամերիկայի նախագահի սեղանին: ։ Թուրգութ Օզալը, ըստ Սպիտակ տան գաղտնազերծած փաստաթղթի ասել էր.
«Ես մի գաղափար ունեմ. Լեռնային Ղարաբաղի բնակչության 80 տոկոսը հայեր են, 20 տոկոսը՝ադրբեջանցիներ։ Նրանք կարող են տարածքների փոխանակում անել՝ Ղարաբաղն անցնի Հայաստանին, իսկ Ադրբեջանը Հայաստանից ստանա մի հատված, որը երկու մասի է բաժանում Ադրբեջանը»։
Կարդացեք նաև
Բուշ-ավագի վարչակազմին այս առաջարկը կարծես չի ոգևորել։ Անկարան, սակայն, չի մոռացել և վերստին այն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ հաջորդ նախագահի՝ Բիլ Քլինթոնի օրոք։ 1997-ին, ըստ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերի, Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը զանգահարել է փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին և կրկին առաջարկել Ղարաբաղյան հարցը լուծել «սահմանների փոփոխության» տարբերակով:
«Օյմենն ասաց, որ խոսել է Թուրքիայի նախկին վարչապետ Էջևիթի հետ, ով մի գաղափար է առաջ քաշել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ տարածաշրջանում սահմանների փոփոխություն, որի դեպքում Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կզիջի Հայաստանին, Հայաստանն էլ տարածքային զիջումներ կանի Ադրբեջանին»:
Օյմենը պնդել է, թե թուրքական կողմն արդեն քննարկել է այս հարցը ռուսների հետ, և հարցրել՝ ո՞րն է Վաշինգտոնի դիրքորոշումը։ Փոխպետքարտուղար Թալբոթն արձագանքել է՝ այդ տարբերակը կարող է շեղել հակամարտող կողմերին Մինսկի խմբի առաջարկներից, և ոչ թե լուծել, այլ՝ է’լ ավելի խճճել խնդիրը։
«Աշխարհի տարբեր անկյուններում փորձը ցույց է տալիս, որ սահմանների փոփոխությունը նման է Պանդորայի արկղ բացելուն. Ղարաբաղի դեպքում այն լավագույն դեպքում փակուղի կմտցնի հարցը, վատագույն դեպքում՝ կհանգեցնի բռնությունների», – ասել է նա։
Միաժամանակ, Թալբոթը պնդել է՝ եթե ադրբեջանցիները և հայերը բանակցությունների միջոցով՝ առանց ուժի գործադրման, որոշեն գնալ այդպիսի լուծման, Մինսկի խումբն ու Ամերիկան կաջակցեն դրան։
Այդ տարիներին Հայաստանում իշխող վարչակազմը, սակայն, հրաժարվել է քննարկել այդ գաղափարը, ինչի մասին նշվում է 1997-ի սեպտեմբերի դիվանագիտական հեռագրերից մեկում։
Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, սակայն, ինչպես գաղտնազերծված փաստաթղթերն են վկայում, տարածքների փոխանակման գաղափարը մտել է բանակցային օրակարգ ՝ Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև տետ ա տետ հանդիպումների շնորհիվ։ Դրանից առաջ միջնորդների ներկայացրած փուլային, փաթեթային, ընդհանուր պետության տարբերակները մերժվել էին այս կամ այն կողմից. այդ փուլում, երբ թվում էր՝ բանակցությունները փակուղի են մտել, Քոչարյանն ու հայր Ալիևը սկսել էին հանդիպել առանց միջնորդների։
«Ազատության» տրամադրության տակ են Պետդեպի գաղտնազերծած մի քանի փաստաթղթեր, որտեղ ամերիկացի դիվանագետներն ու նրանց բարձրաստիճան զրուցակիցները նշում են՝ հենց այդ հանդիպումների արդյունքում՝ 1999-ի սեպտեմբերին, Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է տարածքների փոխանակման Ալիևի առաջարկին։ Ըստ ամերիկացի դիվանագետների, դա տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանի Սադարակի հատվածում։
Դա Ալիև-Քոչարյան արդեն հինգերորդ հանդիպումն էր 1999 թվականի ընթացքում, և եզակիներից մեկը, որի ավարտին երկու նախագահներն էլ հրապարակավ ասել էին, թե պատրաստվում են գնալ զիջումների։
«Ռոբերտ Սեդրակովիչն ու ես մտածում ենք` ով ինչ փոխզիջման կարող է գնալ», – ասել էր Հեյդար Ալիևը:
«Այո՛, պետք է ասեմ, որ մենք քննարկել ենք հենց փոխզիջումների, բանակցային գործընթացում, այսպես ասած, միմյանց ընդառաջ գնալու աստիճանը», – արձագանքել էր Ռոբերտ Քոչարյանը:
Նախագահները բաժանվել էին բարձր տրամադրությամբ, քննարկել, թե քանի ոչխար են մորթելու, երբ վերջնական համաձայնությունը կստորագրեն, չբացահայտելով՝ կոնկրետ ինչպես են պատրաստվում հարցը լուծել։
Մանրամասները պարզվում են այդ հանդիպումից հետո Վաշինգտոն ուղարկված մի դիվանագիտական հեռագրից, որ կազմել են այդ ժամանակ Հայաստանում ու Ադրբեջանում աշխատող ամերիկացի դեսպանները (փաստաթուղթը տե՛ս այստեղ)։ «Հիմա խաղաղության հեռանկարը շատ ավելի տեսանելի է, քան երբևէ հակամարտության մեկնարկից՝1988-ից ի վեր՝ շնորհիվ նախագահներ Քոչարյանի ու Ալիևի ջանքերի», – գրել են ամերիկացի դիվանագետները, մանրամասնելով.
«Խաղաղության հեռանկարները հիմա շատ ավելի հուսադրող են, քան երբևէ հակամարտության մեկնարկից ի վեր՝ նախագահներ Քոչարյանի ու Ալիևի ջանքերի շնորհիվ։ 1999-ի ապրիլին նախագահ Ալիևը Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպմանը առաջարկել է տարածքների փոխանակում։ Նախագահ Քոչարյանը սկզբունքորեն համաձայնել է, և երկու նախագահները մտել են քննարկումների ակտիվ փուլ՝ Ալիևի առաջարկների հիման վրա»։
Սադարակում տեղի ունեցած այդ հանդիպումից հետո ԱՄՆ փոխնախագահ Ալ Գորը ուղերձ էր հղել կողմերին՝ քաջալերելով «ուղիղ երկխոսության արդյունքում ձեռք բերված կարևոր առաջընթացը»։ Ամերիկայի փոխնախագահի ուղերձում ասվում էր․
«Հասկանում եմ, որ այդ բանակցությունները նախատեսում են ոչ հեշտ զիջումներ, որոնց պետք է գնան երկու կողմերը, բայց ես, միաժամանակ, կարծում եմ, որ ձեր որոշումը՝ օգտվել այդ բացառիկ հնարավորությունից, իմաստուն է ու քաջ»։
ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարն էլ այդ օրերին տարածաշրջան էին գործուղել Ղարաբաղյան խնդրով զբաղվող փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթին, ով հանդիպել էր նախ Ադրբեջանի, հետո՝ Հայաստանի ղեկավարության հետ, վերջում՝ մեկնել Անկարա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում