«Բազմաթիվ անգամ ես անձամբ, եւ ոչ միայն ես, տարբեր հարթակներում, այդ թվում՝ նաեւ համապատասխան մարմինների քննարկումների ժամանակ անընդհատ առաջ ենք քաշել այն թեզը, որ մեծագույն սխալ է եղել արցախցիներին որպես սոցիալական բեռ դիտարկելը: Դա շարունակվում է: Եվ խոսքը միայն կառավարության մասին չէ: Շատ քիչ անհատներ են հակառակն արել՝ դիտարկելով որպես հսկայական ներուժ՝ 120 հազար աշխատանքային ներուժ, մարդկային կապիտալ եւ հսկայական փորձառություն»,- ասաց «Մունք» տեխնոդպրոցի հիմնադիր տնօրեն Աշոտ Ավանեսյանը «Արցախյան քաղհասարակության համախմբման դերը առկա խնդիրների լուծման գործում» թեմայով հրավիրված ասուլիսում:
«Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրից բացի կա նաեւ 40+10 կոմպոնենտը, որը, բոլորս գիտենք, երկու փուլով դադարեցվելու է. մի քանի ամիս հետո եւ վերջնականապես՝ ամռանը: Նախ, խնդիրը ակնհայտ թվերով:
Բավականին քիչ տոկոս են կազմում 3+ երեխա ունեցող ընտանիքները: Առաջնահերթությունների ամբողջությունից կարելի է առանձնացնել ընտանիքի ավելի քիչ անդամներ ունեցող մարդկանց, որոնք քիչ տոկոս չեն կազմում: Մինչեւ բնակարանային ապահովման ծրագրից օգտվելը, նույնիսկ եթե ենթադրենք այն փոփոխվել է, շատ լավն է եւ այդ ծրագիրն ընդունելի է, ի՞նչ են անելու այդ ընտանիքները, ինչպե՞ս են հոգալու իրենց կարիքները՝ նույնիսկ աշխատելու դեպքում չունենալով մինիմալ ֆինանսական բազա:
Ի՞նչ խնդիրների հետ են բախվում արցախցիները զբաղվածության հարցում: Ես, որպես գործատու եւ մեր միությունը, ասացինք, որ առաջարկներ ներկայացրել ենք: Ինձ մի անգամ կանչել են նախարարություն քննարկման: Բայց դա քննարկում չէր, դա ուղղակի փաստերի հետ համակերպվելու առաջարկ էր. կա որոշումը, որից հետ քայլ չի լինելու: Եվ ասում են, որ սա արդեն քննարկվել է: Բայց ինչպես նշեց գործընկերս, որեւէ մեկը չգիտի որեւէ արցախցու անուն-ազգանուն, որը մասնակցել է այդ քննարկումներին, համաձայնություն է տվել եւ հիմնավորել է, որ սա ճիշտ է»:
Կարդացեք նաև
Աշոտ Ավանեսյանը շատ հստակ փաստեր ներկայացրեց զբաղվածության ծրագրի շրջանակներում այն ակնհայտ խնդիրների մասին, որոնց բախվում են արցախցիները աշխատանք որոնելու եւ աշխատանքի ընդունվելու հարցերում, նշելով, որ դրանք ոչ միայն գործատուների անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանք են, այլ առաջին հերթին դրանց նկատմամբ վերահսկողության մեխանիզմների եւ սահմանված կարգի:
«Եթե վերցնում են աշխատանքի, լրանում է երեք ամիսը՝ օգտվել են այդ գումարից եւ վերջ, ազատում են աշխատանքից: Արդյունքում ստացվում է, որ ծրագրի շրջանակներում բավականին ցածր աշխատավարձով աշխատանքի են անցնում եւ ի սկզբանե ծրագիրը ենթադրում է, որ դա փորձաշրջան է, մարդիկ պետք է շարունակեն աշխատել, նաեւ աշխատանքի կարիերայի աճ ունենան, բայց ծրագրի ավարտին նրանք այլեւս աշխատող չեն», եզրափակեց Աշոտ Ավանեսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից: