«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական հ/կ նախագահ Արտակ Մկրտչյանը «Արցախյան քաղհասարակության համախմբման դերը առկա խնդիրների լուծման գործում» թեմայով մամուլի ասուլիսում եւս խոսեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագրի թերությունների ու բացթողումների մասին:
«Այդ ծրագիրն ի սկզբանե ձախողված էր: Երբ մենք հարցերը բարձրացնում էինք, չէին հավատում: Հիմա արդեն խոսում ենք փաստերով, որ հավատ չկա այդ ծրագրերի նկատմամբ: Բայց ողջունելի է, որ առաջին անգամ բնակապահովման ծրագիրը դրվել է հանրային քննարկման, որին E-draft կայքում հիմնականում ոչ են քվեարկել: «Հանուն Արցախի» նախաձեռնությունն էլ իր առաջարկություններն է արել: Հուսով ենք, որ կառավարությունը կվերանայի, ինչի արդյունքում մենք կկարողանանք մեր իրավունքները պաշտպանել, երկխոսության գնալ կառավարության հետ:
Երբ մենք դիմում էինք, թե ում հետ են քննարկում հարցերը, որոնք մեր խնդիրներն են եւ մեր հետ պետք է քննարկեին, պատասխանում են, թե արցախցիները գալիս էին, իրենց հետ էինք քննարկում, միասին էինք ամեն ինչը որոշում: Ես կցանկանայի, որպեսզի կառավարությունը հրապարակի ցուցակ, թե ովքեր էին այդ արցախցիները, որոնց հետ էին քննարկում անում, որի արդյունքում որոշվեց, որ ի սկզբանե մեկ հոգու համար մինիմալ 12 քմ-ն դարձել է 9 քմ, որը անթույլատրելի է, չի բավարարում մինիմալ պայմանները:
Բռնի տեղահանված արցախցիները Հայաստանում ապրում են արդեն մեկ տարուց ավելի: Այդ մարդիկ ինչ-որ տեղ բնակվում են եւ ինչ-որ չափով նաեւ հարմարվել են տարածքին: Եվ կառավարությունը պետք է դա հաշվի առնի, քանի որ տրված գումարներով մարդը չի կարողանում տուն ձեռք բերել այն տարածաշրջանում, որտեղ ապրում է: Նա պետք է այդտեղից էլ տեղափոխվի, ինչը բերում է նոր խնդիրներ՝ երեխաների համար նորից սթրեսային իրավիճակ, դպրոց ու մանկապարտեզ պետք է փոխել եւ այլն: Պարզ է դառնում, որ փորձում են մարդկանց Երեւանից եւ այլ վայրերից հեռացնել»,-ասաց Արտակ Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ