«Արցախյան քաղհասարակության համախմբման դերը առկա խնդիրների լուծման գործում» թեմայով մամուլի ասուլիսում «Արցախի երիտասարդական թեւ» հ/կ նախագահ Նժդեհ Իսկանդարյանը ներկայացրեց իրենց դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ապահովման ծրագրում փոփոխություն իրականացնելու նախագծին:
«Միավորումը իր մտահոգությունն է հայտնել գործող բնակարանային ծրագրի վերաբերյալ: Թվերի տեսքով կարող եմ ներկայացնել, թե ինչ է կատարվում: Մի քանի օր առաջ տարածքային կառավարման նախարարությունը նախարարի գլխավորությամբ նիստ է հրավիրել: Քննարկվել է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային ծրագրի արդյունքների մասին տեղեկատվությունը: Փաստացի 502 հոգի ստացել է հավաստագիր, որից միայն հինգն է կարողացել օգտվել: Գրեթե մեկ տոկոս: Սա թվերի տեսքով արտացոլում, որ այս ծրագիրը, մեղմ ասած, ձախողված է:
Խնդիրներ են առաջանում նախ քաղաքացիություն ստանալու հետ կապված: Կարեւոր ցուցիչներից են այն գները, որոնք կան այսօր Հայաստանի բնակարանային շուկայում: Հայաստանի վիճակագրական կազմակերպությունը տվյալներ է հրապարակել եւ այդ տվյալներով գրեթե անհնար է, որ արցախցիները կարողանան օգտվել այդ ծրագրերից: Օրինակ, Ավան համայնքում 1 քմ արժեքը 366 հազար դրամ է, Դավթաշենում՝ 427 հազար դրամ, Աջափնյակում՝ 380 հազար դրամ: Եվ այստեղ գործում է այն փաթեթը, ըստ որի յուրաքանչյուր քաղաքացու հասանելիքը կազմում է 3 մլն. դրամ: Բնականաբար, ինչպիսի ընտանիքներ էլ դիտարկենք, արցախցիները չեն կարող օգտվել այս ծրագրից:
Երկրորդ հարցը, որ կուզեի ներկայացնել: Վերջին շրջանում մարզերից մեծ արտագաղթ կա: Բնակարանային այս ծրագիրը հնարավորություն է, որպեսզի այդ արտագաղթը ինչ-որ առումով կանխվեր արցախցիների միջոցով: Արցախցին սահմանամերձ Տեղ գյուղում 25 մլն դրամով տուն է գնում: Եվ փաստացի ինչ է ստացվում: Ռիսկերը մեծանում են, որ Տեղ գյուղի բնակիչը կամ տեղափոխվելու է Հայաստանի այլ քաղաքներ, կամ գնալու է արտերկիր: Քանի որ այսօր մենք ունենք ռազմավարական առումով մեծ խնդիրներ՝ բոլորս էլ գիտակցում ենք, թե ինչպիսի ռիսկեր կան, ես շատ եմ կարեւորում սահմանամերձ գոտիներում արցախցիների բնակեցումը: Բայց, իհարկե, դրա համար պետք է լինեն կայուն երաշխիքներ: Առաջին հերթին զբաղվածության հարցը պետք է լուծվի:
Կարդացեք նաև
Դրա համար մենք ներկայացրել ենք մեր փաթեթները: Կարծում եմ, կառավարությունը կառուցողական կլինի այս հարցում, կքննարկվեն մեր այդ առաջարկները: Մենք պատրաստ ենք բոլոր ձեւաչափերով հանդիպելու համար, ներկայացնելու մեր տեսակետները, լսելու իրենցը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Մեդիակենտրոնի ֆեյսբուքյան էջից:
Նժդեհ Իսկանդարյանը` կենտրոնում