ԱԺ-ում անցկացվեց անհետ կորած զինծառայողների հարազատների մասնակցությամբ փակ քննարկում, որը տեւեց շուրջ երեք ժամ: ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ կառուցողական քննարկում է եղել, որից հետո իրենք դեռ անելիք ունեն: Նա տեղեկացրեց, որ մեկ ամիս հետո նորից է նման հանդիպում է լինելու:
«Եղել է խիստ աշխատանքային պրոցես, անգամ եթե եղել է բարձր տոներով, թեեւ այդպիսի բան ես չեմ հիշում, դա էլ շատ նորմալ է, որդեկորույս ծնողներ են…Ես կարծում եմ, որ այս ամենի մեջ պետք է սիրտ եւ հոգի դրվի, անելիք ունենք, որ դեռ պետք է անենք, եթե կարելի է մի ճակատագիր փրկել, ուրեմն պետք է ամեն ինչ արվի այդ ճակատագիրը փրկելու համար»,-հավելեց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք ստացա՞ն իրենց հարցերի պատասխանը, անհետ կորած տղաներից մեկի ծնողը հետեւյալ կերպ պատասխանեց. «Մեր հարցերի պատասխանը մենակ Աստված կտա»: Նա ասաց, որ ունի փաստեր, նկարներ եւ տեսանյութեր եւ հույս ունի, որ իր որդին ողջ է: «Որ հաստատ գիտենամ այդպես է, Բաքու էլ կգնամ»,-նշեց անհետ կորած զինծառայողի հայրը : Նաեւ հավելեց, որ այս պահին միայն ԱԱԾ տնօրենին է վստահում: «Թշնամու հետ է գործը, չգիտեմ, հիմա տեսնենք, թե ինչ է լինելու, ուրիշ հարցեր մի տվեք»,-ասաց ծնողը:
Կարդացեք նաև
Մեկ այլ ծնող ասաց, որ փակ հանդիպման ժամանակ նոր բաներ է լսել, բայց այդ մասին չի կարող բարձրաձայնել: «Այն բավարարվածությունը չկա, բայց կան ինչ-որ շարժեր»,-նշեց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ