«Արցախյան քաղհասարակության համախմբման դերը առկա խնդիրների լուծման գործում» թեմայով հրավիրված մամուլի ասուլիսում «Նախնյաց հետքերով» մշակութային հ/կ նախագահ Սաիդա Պողոսյանը ներկայացրեց «Հանուն Արցախի միավորման» ստեղծման առաջնային նպատակները եւ դիտարկվող խնդիրների շրջանակը:
«Հունվարի 19-ին կայացավ մեծ համագումար, որտեղ տասնյակ կազմակերպություններ կարողացան իրենց աջակցությունը եւ մտահոգությունը հավաքել մեկտեղ եւ ստեղծել «Հանուն Արցախ» միավորում, որտեղ հնարավորություն կընձեռվի միասնական հարթակով հանդես գալ Արցախին հուզող շատ հարցերով: Երեք հիմնական կետեր ենք առանձնացրել.
Արցախի ժողովրդի վերադարձը նրա անվտանգ ինքնորոշման եւ կայուն, անվտանգ կյանքի ապահովման պայմանով:
Սուբյեկտայնության խնդիրը:
Կարդացեք նաև
Սոցիալական խնդիրները:
Այս երեք խնդիրների շուրջ մենք կարողացանք համախմբել շատ-շատերին եւ հունվարի 19-ին ստորագրել հուշագիր, որտեղ հնարավորություն կլինի հուզող հարցերը ներկայացնել:
«Հանուն Արցախ»-ը կարողանալու է համախմբել ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլեւ սփյուռքում գործող կազմակերպություններին, որոնք անտարբեր չեն Արցախի հայի ճակատագրով: Եթե համախմբենք սփյուռքին, մեր հասարակությունը կկարողանա իր բարձր ձայնը արտահայտել եւ կանգնել արցախցու կողքին: Արցախից բռնի տեղահանվածների իրավունքները բազմաթիվ անգամ են խախտվել: Դրա պատճառների հիմնավորմամբ է, որ կարողացել ենք մշակել մի ծրագիր, որտեղ մեր գործընկերները հիմնավոր ապացույցներով կներկայացնեն, թե ինչու է «Հանուն Արցախը» ոտքի կանգնել: Եվ այստեղ ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող Արցախի մշակութային ժառանգությունների հանրային պաշտպանության դերն է շատ կարեւոր, որն ընդգծվում է եւ դրա շուրջ ունենք կոնսենսուս:
Այսօր շատ ծանր օրեր ենք ապրում եւ պատասխանատու շատ մեծ բեռ է դրված երիտասարդներիս ուսերին: Դրա համար հավաքել ենք մի կորիզ, որտեղ «Հանուն Արցախը» կցանկանա եւ պետք է պայքարի, որ շարունակվի Արցախի գոյությունը:
Հարթակը բաց է: Կարող են մասնակցել Արցախում գրանցված ՀԿ-ները, հայաստանյան ՀԿ-ները եւ հիմնադրամները, անհատ անձինք, որոնք իրենց ներդրումը կցանկանան ունենալ Արցախի միավորման գործում: Ամեն մասնագետ, ամեն անհատ շատ կարեւոր է մեզ համար իր ասելիքով եւ գործունեությամբ»,-ասաց Սաիդա Պողոսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` Մեդիակենտրոնի ֆեյսբուքյան էջից: