Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր որոշեց «Հյուսիսային տերեւաթափի» գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխել տնային կալանքով: Հիշեցնենք, որ մեղադրյալների կալանքի ժամկետը ավարտվում էր փետրվարի մեկին:
Փաստաբան Զորայր Հարությունյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատահական չէր, որ միջնորդել էին հետազոտել այդ թռչող սարքը. «Էդ դրոնը, դրոն էլ չի, էլի: Խոսքը գնում է 24.000 դրամանոց ինքնաթիռ խաղալիքի մասին: Դատախազը փորձ է կատարում մեկնաբանել ինքնաթիռի գոյությունն այնպես, որ մեղադրյալները փորձել են դրա վրա ամրացնել պայթուցիկ ու գործարկել հետագայում: Պատահական չէ, որ միջնորդեցինք, որ դատարանում հետազոտվի, բոլորս նույնիսկ շոշափեցինք, տեսանք, որ խոսքը գնում է պենոպլաստե խաղալիքի մասին, որ հազիվ էլ իրեն օդ բարձրացնի ուր մնաց վրան մի բան էլ ամրացվի: Պարզ դարձավ որ խոսքը չի գնում որեւէ տեսակի հանցավոր գործունեության ծավալման մասին»:
Անդրադառնալով մեղադրյալների խափանման միջոցի փոփոխությանը՝ փաստաբանը նկատեց, որ մեղադրական բնույթի ապացույցները հետազոտված են, այլեւս չկա վտանգ, որ մեղադրյալները կարող են որեւէ կերպ ազդեցություն գործել ապացույցների նկատմամբ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ 2023-ի նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նախաքննության ընթացքում կատարված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Մ-ն, Ս.Մ-ի, Է.Ծ-ի, Վ.Ո-ի, Կ.Ս-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում գործիքներ, միջոցներ ձեռք բերելու, դրանք հարմարեցնելու և դիտավորությամբ այլ պայման ստեղծելու եղանակով 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն և այլ հանրավտանգ արարք, ինչպես նաև զավթել և պահել ՀՀ պետական նշանակության և այլ շինություններ՝ զուգորդված քաղաքացիական անձին կյանքից զրկելու, ենթադրյալ խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանք առաջացնելու վտանգով, որի նպատակն է եղել հանրային իշխանության մարմինների գործունեությունը կազմալուծելը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, քանի որ հանցանքը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից: Քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 5 անդամների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց՝ կիրառվել է կալանքը»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ