Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում`Արամ Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ գյումրեցի ընդդիմադիր գործիչ, նախկին իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի գործով դատական վերջին նիստը։ Նա մեղադրվում էր խուլիգանություն կատարելու մեջ․ կալանավորվել էր 2024 թվականի հունիսի 5-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի՝ Արծվանիստ բնակավայրի հատվածում, դեպի Գեղարքունիքի մարզ ավտոերթի շրջանակներում, երբ պարեկները կանգնեցրել էին նրա «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան՝ պատճառաբանելով, որ տեխնիկական զննություն չի անցել։
Այսօր եզրափակիչ ելույթների փուլն էր։ Դատախազ Արման Հովհաննիսյանը բավական երկար ներկայացրեց մեղադրանքը՝ պնդելով, որ Կարապետ Պողոսյանին մեղսագրվող հանցագործությունը ճիշտ է որակվել․ այն համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ հատկանիշներին։
Նա ներկայացրեց նաև գործի դատավարական նախապատմությունը․ այն է , որ 2024 թվականի հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի պարեկային ծառայության 2-րդ վաշտի, 2-րդ դասակի երկու պարեկներ ծառայություն իրականացնելու ժամանակ կանգնեցրել են Շիրակի մարզի բնակիչ Կարապետ Պողոսյանին, որի « Նիսան» մակնիշի ավտոմեքենան տեխնիկական զննություն չի անցել։
Ըստ պարեկների, Կարապետ Պողոսյանը իրենց նկատմամբ ցուցաբերել է բացահայտ արհամարհական վերաբերմունք, նրանց հասցեին անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել։ Եվ երբ պարեկները նրա ավտոմեքենան փորձել են տեղափոխել Մարտունու բաժին՝ հատուկ պահպանվող տարածք, ճանապարհին «Կարապետ Պողոսյանը իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերել է բացահայտ արհամարհական վերաբերմունք», որը դրսևորվել է ՀՀ վարչապետի, ՆԳ նախարարի ու մյուս բարձրաստիճան ղեկավարների հասցեին անպարկեշտ արտահայտություններով ու հայհոյանքներով։
Կարդացեք նաև
Այնուհետ, ըստ մեղադրանքի, ընդդիմադիր գործիչը իր անձնական օգտագործման հեռախոսի միջոցով ուղիղ հեռարձակմամբ շարունակել է խուլիգանական արարքը, ինչի պատճառով պարեկային ծառայողների կողմից հանցանք կատարելու անմիջական կասկածանքով ձերբակալվել է։
Դատախազը ընթրեցեց պարեկային ծառայողներից յուրաքանչյուրի զեկուցագիրը, նրանցից մեկը պնդել է, որ Կարապետ Պողոսյանի ավտոմեքենան կանգնեցնելիս ու փաստաթղթերը պահանջելիս՝ նա չի ենթարկվել օրինական պահանջին, վիճաբանել է, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։
Կարապետ Պողոսյանը, ըստ պարեկների ցուցմունքների, հայտարարել է, որ իրենք զղջալու են, քանի որ իր ավտոմեքենան կանգնեցրել են ոչ թե տեխնիկական զննություն չունենալու, այլ վերևից հրահանգված լինելու պատճառով;
Գյումրեցի ընդդիմադիր գործիչը, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչել, նա իր հերթին պնդել է, որ հունիսի 5-ին Սոթքում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին մասնակցելու նպատակով է մեկնել Գեղարքունիքի մարզ, և զգալով, որ պարեկները իրեն կանգնեցնելու են, ավելի ուշադիր է վարել մեքենան։
Կարապետ Պողոսյանը նշել է, որ ինքը ենթարկվել է պարեկների պահանջին՝ երեք անգամ կրկնելով՝ եթե ավտոմեքենան պիտի տեղափոխեն տուգանային հրապարակ, թող տեղափոխեն, պետք չէ շոու սարքել։ Սակայն պարեկային ծառայողներից մեկը դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, ոչ հարիր պահվածք պարեկային ծառայողին։ Իսկ հետագայում, ոստիկանությունում այդ նույն պարեկը իր հանդեպ դրսևորել է վատ վերաբերմունք՝ արտաքին տեսքի, մորուքի վերաբերյալ; Իսկ մեքենայի մեջ, ըստ Կարապետ Պողոսյանի, ինքը ասել է, որ վերևից ցուցում կա․ որքան հնարավոր է՝ երթի մասնակիցների ավտոմեքենաները տեղափոխեն տուգանային հրապարակ։
Կարապետ Պողոսյանի պաշտպան Արտակ Նավասարդյանն իր հերթին նշեց, որ իր պաշտպանյալի բոլոր արարքները տեսանկարահանված են պարեկային ծառայողի հագուստին ամրակցված սարքով, հետևաբար և ցուցմունքների իրավական նշանակությունը, արժանահավատության տեսանկյունից ստորադասվում է․ կա Վճռաբեկ դատարանի արժանահավատության վերաբերյալ նախադեպային վճիռ։ Եվ այն ցուցմունքները, որոնք հակասում են տեսագրությանը, պիտի անարժանահավատ համարեն։ Ըստ փաստաբանի, քննիչը ոչ բոլոր արտահայտություններն է ճիշտ մեջբերել տեսանկարահանած սարքից, որոշակի բառակապակցություններ սխալ են մեջբերվել, որոշակի բառակապակցություններ ընդհանրապես չեն մեջբերվել, օրինակ՝ իր պաշտպանյալը «Կիջնեմ, կպայթեցնեմ պարեկային ծառայությունը», նման արտահայտություն չի արել։
Փաստաբան Արտակ Նավասարդյանը նաև նշեց, որ եթե քաղաքացին ՀՀ պարեկային ծառայության օրինական պահանջին մինչև վերջ չի չի ենթարկվել, դա ՀՀ քրեական պատասխանատվություն չի առաջացնում, այլ ՀՀ վարչախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով է կարգավորվում։ Այնպես որ, դա չի կարող որակվել ոչ իրավաչափ գործողություն։
Փաստաբանը նաև նշեց, որ մեղադրող կողմը չի մատնանշել, թե իր պաշպանյալը որ իրավական նորմի նկատմամբ է բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերել «լայվի» ժամանակ։
«Մեր դիտարկմամբ այդ լայվում որևէ իրավական նորմ չկա, հետևաբար և իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու օբյեկտիվ կողմ չի կարող հաստատված համարվել», -ասաց փաստաբանը։
Իսկ ինչ վերաբերում է մեղադրանքի այն կողմին, թե բարոյական նորմեր է խախտել ընդդիմադիր գործիչը՝ օգտագործելով անպարկեշտ արտահայտություններ պաշտոնյաների հասցեին, ապա փաստաբանն առարկեց՝ ասելով, որ դատարանին տեսասկավառակ է ներկայացվել, որում երևում է, որ մինչ այս դեպքը ՀՀ իշխանության ներկայացուցիչներն են օգտագործել այն նույն բառերը, բառապաշարը, ինչ օգտագործել է Կարապետ Պողոսյանը։ Դրանք վերցված են համացանցից, հանրահայտ փաստեր են։
«Վերհիշենք Կարապետ Պողոսյանի ցուցմունքը․ նա նշել է, որ 2018 թվականից սկսած՝ մշտապես օգտագործել եմ ներկայիս իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտագործված բառամթերքը, որովհետև ամեն բառից կարող են կարճել, քրգործ հարուցել, դրա համար լայվում ես օգտագործել եմ այդ բառամթերքը, որը օգտագործել են ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները, և այդ արտահայտությունները չեն կարող լինել խուլիգանական։
Ինչպես կարող է «լակոտ» բառը համարվել խուլիգանական, երբ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանը 2024 թվականի մայիսին տեղ ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ցուցարարներին անվանել է լակոտ։
Ինչպես կարող է «գողական միլիցա» արտահայտությունը համարվել խուլիգանական, երբ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Ա․ Հովհաննիսյանը 2024 թվականի մայիսի 29-ին հոգևորականին է անվանել գողական, իսկ 2024 թվականի ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է՝ գիտական կոնտենտը 90-ականներից պակասել է և եկել է գողական կոնտենտը։
Ինչպես կարող է «Նիկոլ թքեմ քո վրեդ էլ, քո միլիցեքի վրա էլ» արտահայտությունը համարվել խուլիգանական, երբ նույնիսկ նրա մեջ նշված գործողությունը, ընդ որում անձի դեմքին՝ թիկնապահներով ձեռքերը բռնած վիճակում, ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից 2023 թվականին ապրիլի 2-ին կատարելը խուլիգանություն չի համարվել։ Էլ չեմ խոսում դրա վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրված մեկնաբանությունների մասին։
Ինչպես կարող է «թուրք» բառը խուլիգանական արտահայտություն լինել, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս, այդ թվում 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հայտարարել է, որ ինքն այդ բառից չի վիրավորվում։
Ինչպես կարող է «շակալ» կամ «վիժվածք» բառը լինել խուլիգանական արտահայտություն, եթե ՀՀ վարչապետի կողմից 2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից արտահայտված «շնաբարո դուրսպրծուկներ» արտահայտությունը խուլիգանական չէ», -ասաց փաստաբանը։
Նա ասաց, որ շարքը ժամերով կարելի է թվարկել, սակայն ակնհայտ է, որ Կարապետ Պողոսյանի կողմից «լայվի» ժամանակ օգտագործված արտահայտությունները՝ թուրք, շակալ և և այլն, ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանության ներկայացուցիչների կողից օգտագործվել են և որևէ իրավական հետևանք չեն առաջացել։
Կարապետ Պողոսյանն իր ելույթում հայտարարեց, որ մինչ այսօր իր բոլոր գործողություններն արել է հանուն իր կորցրած Արցախի և ՀՀ պետականության։
«Ես «լակոտ» բառն ասացի, ինձ տարան, իսկ ոստիկանության պետին չտարան, էդ ինչպես եղավ», -հարցրեց Կարապետը։
Նա հիշեց վերածննդյան ժամանակաշրջանի գրողներից մեկին, որի պատմության մեջ մի ողջ կղզու բնակչության ինկվիզիցիայի էին ենթարկել, քանի որ նրանցից մեկը Հռոմի պապի նկարին լեզու էր ցույց տվել;
«Աստված ձեր հետ, ինչպես որոշեք»,- դատարանին ասաց ընդդիմադիր գործիչը։
20 րոպե անց դատարանը արդարացման վճիռ կայացրեց՝ Կարապետ Պողոսյանին մեղսագրված արարքն ապացուցված չլինելու պատճառով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ