Լրահոս
Օրվա լրահոսը

Համալիրի տարածքում հանցավոր խումբը նախատեսել է դիրքավորվել ու այդ տարածքը որպես ելակետ օգտագործել. դատախազը փաստեր է վկայակոչում

Հունվար 30,2025 19:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հյուսիսային տերեւաթափի» գործով այսօր դատարանը հետազոտեց Մալաթիայի Ոստիկանության բաժնից բերված թռչող սարքը: Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում այն փորձարկել էին գործով անցնող մեղադրյալները ու փորձարկման դրվագը ոչ միայն քրեական վարույթի շրջանակում է քննվել, այլեւ վարչական վարույթի:

«Իմ համեստ գիտելիքներով կարող եմ դատել, որ պենոպլաստե ինքնաթիռ է, վախենում եմ նույնիսկ կտրուկ շարժում անել, որ չկոտրվի: Իմ խորին համոզմամբ՝  այս ինքնաթիռ կոչված խաղալիքը այլ բանի համար, քան ուղղակի խաղալու, պիտանի չէ»,- թռչող սարքի հետազոտման ժամանակ ասաց մեղադրյալ Վազգեն Ոսկանյանի պաշտպան Զորայր Հարությունյանը։

-Ծատինյա՛ն, սա՞ եք թռցրել,- հարցրեց դատավորը՝ մեղադրյալին:

Ծատինյանը դրական պատասխան տվեց. «Չենք էլ հասցրել, հենց ուզեցինք թռցնել, առաջին փորձից, ընկավ, կոտրվեց»:

Թռչող սարքը հետազոտելիս արձանագրվեց, որ այն գնվել է «Փեթակ» առեւտրի կենտրոնից 24.000 դրամով:

-Վարչական վարույթ ինչի՞ համար էր նախաձեռնված,- հետաքրքրվեց նիստը նախագահողը:

Փաստաբան Հարությունյանը պարզաբանեց՝ մարզահամերգային համալիրը հատուկ պահպանվող տարածք է, նույնիսկ խաղալիք օդ բարձրացնելու համար նախապես պետք է համաձայնեցվեր: Պարզվեց նաեւ, որ հետազոտվող թռչող սարքը 30 մետր է թռնում:

– Սրանով ինչ ահաբեկչություն,- արձագանքեց մեղադրյալներից մեկը:

Հանրային մեղադրող Հովակիմյանը հայտարարեց, որ վարույթ իրականացնող մարմինը երբեւէ չի հերքել, որ հետազոտվող սարքը խանութից գնված իր չէ. «Մենք նույնպես, այո’, չենք հերքել ու չենք հերքում, որ սա, այսպես ասած, իրենից կարող է  ներկայացնել խաղալիք, որը վաճառվում է  խանութում, բայց հարցն այլ է: Նախատեսված է  14 տարեկանից բարձր տարիքի անձանց խաղալու համար, չէ՞:  Եթե կլինի ողջամիտ որեւէ մեկ պնդում, որ  երեք հասուն կյանք անցած տղաներ ուզում էին ուղղակի դրանով խաղալ, ճիշտ չի լինի այս պնդումը: Տեղի է  ունեցել փորձարկում, նախատեսված է  եղել դրա տիպային օրինակով կամ փոփոխությամբ ստանալ ավելի հզոր թռչող սարք, դրա մասին վկայում են քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները: Մեր պնդումն այն չի եղել, որ հենց սա էին ուզում ինչ-որ նպատակների համար օգտագործել, այլ սրա զարգացման, ձեւափոխման արդյունքում ստանալ ավելի հզոր սարք»:

Մեղադրողի խոսքով, քրեական գործով առկա են բազմաթիվ փաստական տվյալներ, որ այս սարքը կամ դրա տիպային օրինակի վրա ստեղծված սարքը օգտագործվելու էր այլ նպատակի համար: Ըստ նրա՝ դրա մասին են վկայում հեռախոսային խոսակցությունները՝ քանի գրամ կամ քանի կգ պայթուցիկ կարող է  տեղափոխել սարքը. «Այո՛, մենք ել ենք ասում, որ սա խաղալիք է, բայց ապացուցում ենք, որ նախատեսվում էր իրականացնել առերեւույթ հանցավոր արարք:

Պատահական չէ տեղանքի ընտրությունը, գաղտնալսումներ ունենք, որ նախապես հստակեցվում էր, որ որեւէ մեկը չուշանա, որ գործարկեն: Ընտրվում է մի վայր, որը ըստ փաստական տվյալների, չի բացառել նաեւ այդ տարածքում հանցավոր խմբի դիրքավորվելն ու այդ տարածքը որպես ելակետ օգտագործելը»:

Դատարան էր այսօր ներկայացվել նաեւ «Որսորդ» միությունից տեղեկանք, որ Վազգեն Ոսկանյանը 2021-ի փետրվարին դարձել է միավորման անդամ, սակայն համաձայն ՀԿ կանոնադրության համաձայն երեք եւ ավելի տարի անդամավճարը չվճարելու պատճառով, զրկվել է անդամակցությունից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031