Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հունվար 30,2025 19:03

Հունվարի 29-ին Փարիզում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին մասնակցել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի, արտաքին գործերի և զինված ուժերի նախարարությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, քաղաքապետեր, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ֆրանսահայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ հասարակական գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

Ընդունելության մասնակիցներին ուղղված իր խոսքում Ֆրանսիայում ՀՀ  դեսպան Արման Խաչատրյանը, շնորհավորելով ՀՀ զինված ուժերի 33-րդ տարեդարձը, նշել է, որ Հայոց բանակը մարմնավորում է Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մեր ժողովրդի վճռականությունը և վերջինիս` որպես անկախ և ժողովրդավար երկիր գոյություն ունենալու իրավունքը։ Ընդգծել է, որ կազմավորման առաջին իսկ պահից ՀՀ Զինված ուժերը վճռորոշ նշանակություն են ունեցել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման գործում։

Նշել է, որ Հայաստանը վճռական է տրամադրված տարածաշրջանում խաղաղության և կայունության  հաստատման հարցում` ընթացիկ բանակցություններում կառուցողական ջանքեր գործադրելով։ Միևնույն ժամանակ արդար և երկարատև խաղաղության հաստատման համար դեսպան Խաչատրյանը կարևորել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացումը և այդ համատեքստում իր երախտագիտությունն է հայտնել բարեկամ Ֆրանսիայի իշխանություններին՝ Հայաստանին աջակցելու վճռական հանձնառության և շարունակաբար ընդլայնվող պաշտպանական համագործակցության համար։

Վկայակոչելով հայ-ֆրանսիական բարեկամական կապերը և ներկայումս երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերափոխված հարաբերությունները՝ դեսպանը հիշեցրել է առաջին և երկրորդ աշխարհամարտերի ժամանակ երկու ժողովուրդների սերտ զինակցության հերոսական դրվագները, այդ թվում՝ հայազգի մարտիկների մասնակցությունը Ֆրանսիայի դիմադրության շարժմանը։

Երեկոյի ընթացքում ելույթով է հանդես եկել նաև Ֆրանսիայում Հայաստանի ռազմական կցորդ, գնդապետ Գևորգ Ղոնյանը։ Հիշատակելով Հայաստանի առջև ծառացած անվտանգային սպառնալիքները՝ գնդապետ Ղոնյանն ընդգծել է Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացման ուղղությամբ Ֆրանսիայի ցուցաբերած աջակցության կարևորությունը։ Շեշտել է, որ Հայոց բանակն եղել և շարունակում է լինել իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքի իրացման երաշխավորը։

Ընդունելությանը տնօրեն Հայկ Սարգսյանի ղեկավարությամբ «Դպրոցասեր» հայկական վարժարանի սաները կատարել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային, ինչպես նաև՝ ՀՀ Զինված ուժերի օրհներգերը։

 

ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031