Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ադրբեջանցի պատմագետ Ջամիլ Հասանլին հայտարարեց, որ ադրբեջանցի եւ թուրք ժողովուրդը գոհ է, որ Նիկոլ Փաշինյանը ցեղասպանությունը համարել է չեղած մի բան, որը արհեստականորեն ստեղծվել է Թուրքիային ճնշելու համար»

Հունվար 30,2025 18:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Նախ, ուզում եմ արձանագրել, որ շվեյցարահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նստած էին ցեղասպանության զոհերի սերունդների ներկայացուցիչները, ցեղասպանության ուրացումը, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը կասկածի տակ էր դնում Հայոց ցեղասպանությունը՝ ասելով, որ դեռ պիտի պարզենք՝ մինչեւ 1939 թվականը ցեղասպանության խնդիր չկար, հետո ում դրդմամբ դա բերվեց օրակարգ եւ այդ մարդկանց լռությունը նշանակում է, որ Սրմաքեշը եւ մյուսները, այդ թվում՝ Վահան Հովհաննիսյանի որդին, անարգել են ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի հիշատակը: Եվ հիմա են շվեյցարահայ հայ համայնքը, այլ կազմակերպություններ հասկացել, թե ինչ դարակազմիկ խայտառակ, ոճրագործ հայտարարություն է հնչել Նիկոլ Փաշինյանի կողմից եւ պարզաբանում են պահանջում»,- ասաց «Ժողովրդավարություև եւ անվտանգություն» ՀԿ նախագահ, հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով այդ հանդիպումից օրեր անց Շվեյցարիայի հայկական եւ հայամետ միությունների խորհրդի՝ Նիկոլ Փաշինյանից պարզաբանումներ պահանջելուն:

«Ինչո՞ւ եք պարզաբանում պահանջում: Շվեյցարիայի օրենքներով ցեղասպանությունների ժխտումը քրեական հանցագործություն է: Դուք ոչ թե պիտի պարզաբանում պահանջեիք, այլ շվեյցարահայ ոստիկանությամբ պիտի գայիք եւ կալանքի օրդեր ներկայացնեիք մի մարդու, որը ցեղասպանության զոհերի սերունդներին շուրջն էր հավաքել եւ ովքեր գլխահակ, ստրուկի հնազանդությամբ Նիկոլ էին լսում: Եվ չկար նրանց մեջ մեկ արժանապատվություն ունեցող այր, որ նրան ասեր. «Էս ինչ ես ասում: Ձայնդ կտրիր»: Նա պիտի կալանավորվեր, նրա դեմ պիտի քրեական գործ հարուցվեր:

Երբ որ նա իջավ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայան, նա էստեղ պիտի կալանավորվեր, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով եւս ցեղասպանության ուրացումը, կասկածի տակ դնելը, ցեղասպանության լինել թե չլինելը քննարկման առարկա դարձնելը քրեական հանցագործություն է: Բայց ինչի՞ է Նիկոլը դա անում: Որ սա եւս գցի ռսների ջեբը:

Ի դեպ, նաեւ, այդ հայտարարությունից հետո ողջ ադրբեջանական, թուրքական «պատմական», քաղաքական վերլուծական միտքը ցնծության մեջ էր: Ադրբեջանցի պատմագետ Ջամիլ Հասանլին հայտարարեց, որ ադրբեջանցի եւ թուրք ժողովուրդը գոհ է, որ Նիկոլ Փաշինյանը ցեղասպանությունը համարել է չեղած մի բան, որը արհեստականորեն ստեղծվել է Թուրքիային ճնշելու համար: Սա մեր ամոթն է: Ցեղասպանության զոհերի սերունդներ, սա ձեր ճակատի խարանն է:

Փաստորեն ստացվում է, որ բոլոր նրանք, խոսում եմ ոչ հայերի մասին՝ Ռոմեն Ռոլանը, Անատոլ Ֆրանցը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ալբերտ Էյնշտեյնը, Արմինդ Վեգները, Ֆրանց Վերֆելը, նույնիսկ Հիտլերը, որը Լեհաստան ներխուժումից առաջ իր հրամկազմին հավաքեց եւ հրեաների ծրագրված ցեղասպանությունը արդարացնելու համար ասաց. «Հիմա ո՞վ է հիշում հայերի բնաջնջումը եւ ցեղասպանությունը», փաստորեն «Կրեմլի շուն ռսի ագենտ եւ գուբերնիայի ագենտ են»: Ֆրիտյոֆ Նանսենը, որ գրում էր «Դա դժոխք էր՝ հայոց ցեղասպանությունը: Թուրքական իշխանություններն ամեն բան արել էին, որ խանգարեն նրանց, ովքեր փորձում էին իրենց տներում թաքցնել տարաբախտ մարդկանց: Հայերի թշնամիները ապացույցներ էին փնտրում՝ նրանց նվաստացնելու այն բանի համար, որ լինելով այդքան բազմաթիվ՝ առանց դիմադրության զոհվեցին: Նրանք ինչպե՞ս կարող էին պաշտպանվել ընդդեմ զինված ժանդարմների, զինվորների, կամավորների բազմաթիվ հրոսակախմբերի, եթե աշխատունակ տղամարդկանց մեծամասնությունը արդեն հավաքագրված էր զինվորական ծառայություն կրելու: Իսկ ամբողջ բնակչությունը սիստեմատիկաբար զինաթափվում էր ամենուրեք, որտեղ դա հնարավոր էր: Սակայն հայերը արիաբար դիմադրում էին, երբեմն որոշակի հաջողությամբ, ինչպես դա եղավ Վանում եւ Կիլիկիայի լեռներում: Այն ժողովուրդը, որը կարողանում է մարտնչել հանուն գործի, որը արդար է համարում, ինչպե՞ս կարող է արհամարհանքով վերաբերվել մի ողջ ժողովրդի ցեղասպանությանը: Այդ գազանությունները իրենց չափերով ու նողկալի դաժանությամբ գերազանցում են պատմության մեջ հայտնի վայրագությունները»:

Սա ասել է Ֆրիտյոֆ Նանսենը: Ես կարող եմ կարդալ Ալբերտ Էյնշտեյնի, Մորգենթաուերի, բոլոր-բոլորի վկայությունները: Այդ թվում՝ թուրք պատմաբան Թաներ Աքչամի, որը մի քանի հատոր է գրել Հայոց ցեղասպանության մասին: Իսկ Նիկոլ Փաշինյանը եւ նրա ռեժի՞մը: Հիշում եք, դեռ մեկ տարի առաջ Անդրանիկ Քոչարյանը Նիկոլի պասով բացեց օվերտոնի պատուհանը, հետո էլ Նիկոլը ասաց. «բա մի հատ բերեք՝ անուն առ անուն տենանք, 1,5 միլիոն իբր ցեղասպանության զոհերի անունները հատ-հատ բերենք»:

Դու 44-օրյային բայրաքթարների տակ մորթված հինգ հազար եւ ավելի տղաներին անուն առ անուն դեռ չես ներկայացրել հանրությանը: Քեզ համար այդ տղաները պլյուս-մինուս էին՝ «թարազույով» բերված այսքան զոհեր էին»,-ասաց տիկին Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031