Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատամք և նվիրվածություն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին, և մենք պատրաստ ենք շարունակել այս գործընթացը. Միրզոյան

Հունվար 30,2025 17:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով

«Հարգելի՛ տիկին նախարար,

չափազանց ուրախ եմ այսօր Հայաստանում հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը։ Մենք, իհարկե, առիթ ունեցել ենք նախկինում հանդիպելու, դա եղել է միջազգային տարբեր հարթակներում, և սա արդեն Ձեր առաջին այցն է Հայաստան: Մեծ ուրախությամբ եմ Ձեզ հյուրընկալում և մեծ ուրախությամբ ընդունում եմ Ձեր հրավերը` այցով լինել Թբիլիսիում։

Հարգելի՛ գործընկերներ, 2024 թվականին Հայաստան-Վրաստան հարաբերություններն ունեցել են էական, շոշափելի առաջընթաց. մենք ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ: Մենք նման որոշում ենք կայացրել և 2024 թվականին պաշտոնապես դարձել ռազմավարական գործընկերներ։

Պետք է խոստովանել, որ մեր հարաբերությունները և՛ երկու երկրների միջև, և՛ երկու ժողովուրդների միջև դարեր ի վեր, ըստ էության, ռազմավարական գործընկերության բնույթ են կրել, բայց այս նոր փաստաթուղթը, հարաբերությունների՝ արդեն պաշտոնապես այս նոր որակն, իհարկե, մեր գործընկերությունը ամրապնդելու նոր հնարավորություններ է բացում և՛ քաղաքական երկխոսության, և՛ տնտեսական համագործակցության առումով, ինչպես նաև մյուս՝ հումանիտար, կրթության, գիտության և այլ բոլոր ոլորտներում:

Մենք նախարար Բոճորիշվիլիի հետ այսօր ամփոփել ենք նախորդ տարվա ընթացքում մեր երկրների համատեղ ձեռքբերումները, նախանշել ենք առաջիկա անելիքները։ Ուրախությամբ արձանագրել ենք, որ բարձրագույն և բարձր մակարդակներով Հայաստանի և Վրաստանի միջև կա իրական լավ երկխոսություն, այդ թվում նաև՝ երկու արտաքին գործերի նախարարությունների միջև։ Իհարկե, մենք առաջնորդվել ենք նաև մեր գերատեսչական շահով. կա լավ համագործակցություն երկու արտաքին գործերի նախարարությունների միջև, կա մշտական կոնտակտ, մշտական խորհրդակցություններ, պաշտոնական խորհրդակցություններ, որոնք, ես կարծում եմ, հաջորդ անգամ հյուրընկալելու հերթը Հայաստանինն է։ Մենք ուրախությամբ դա կանենք։ Իհարկե, նաև քննարկել ենք տնտեսության հարցերը, տարանցիկ փոխադրումների հարցերը, չենք կարող չնշել այն հսկայական ներուժը, որն ունի Հարավային Կովկասը, այդ թվում՝ և՛ Հայաստանը, և՛ Վրաստանը։

Երբ խոսում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, այդ թվում նաև պետք է նշենք Ադրբեջանը։ Բոլորդ տեղյակ եք այս կոնտեքստում Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունից` «Խաղաղության խաչմերուկից», որը ենթադրում է երեք երկրների միջև տնտեսական, տրանսպորտային ակտիվ համագործակցություն, ոչ միայն երեք, նաև ավելի մեծ ռեգիոնում համագործակցություն այլ երկրների մասնակցությամբ ևս: Այս ծրագրի նախաձեռնության շրջանակներում մենք արել ենք նաև մի առաջարկ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ՝ Ադրբեջանի հետ մեր բանակցությունների, հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում, և իհարկե, պատրաստ ենք թե՛ այս ծրագրով, թե՛ մյուս ուղղություններով, որոնց բոլորին դուք իրականում տեղյակ եք, չեմ անդրադառնա, վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Մեր կառավարության դիրքորոշումը նույնն է. մենք նվիրված ենք և հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին, դա վերաբերում է, թե՛ խաղաղության պայմանագրին, թե՛ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, թե՛ սահմանազատմանը: Գիտեք՝ ձեռքբերումներ և պայմանավորվածություններ կան նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացում: Մենք հավատամք և նվիրվածություն ունենք նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանի սահմանազատման գործընթացին, և մենք պատրաստ ենք շարունակել այս գործընթացը:

Ես եզրափակեմ: Կրկին անգամ շատ ուրախ եմ Ձեզ հյուրընկալել Հայաստանում, սիրելի՛ գործընկեր, և վստահ եմ, որ սա մեր միասին անցնելիք ճանապարհի սկիզբն է միայն»։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031