Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, մասնավորապես՝ գիտական տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցմամբ պայմանավորված: Ինչպես նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, առաջարկվում է փոփոխություններ կատարել գիտական կադրերի ատեստավորման կարգում, որը հաստատվել էր 2023-ի տարեվերջին: Ըստ նախարարի՝ փոփոխության նպատակն է կարգով սահմանված մի շարք հասկացությունների, ինչպես նաև գիտաշխատողների տարակարգերի համար նախատեսված արդյունքային ցուցանիշների հստակեցումը, որպեսզի ատեստավորման ժամանակ, որը նախատեսված է իրականացնել 2026 թ. ավարտին, առավելագույնս խուսափենք տարընթերցումներից և ոչ միանշանակ գործողություններից: «Ատեստավորման կարգի ընդունումից հետո իրականացրել ենք գիտական համակարգում գիտական աշխատողների հրապարակումների օրինաչափությունների վերլուծություն, ինչի արդյունքում տեսել ենք, որ կարգում կան որոշակի դրույթներ, որոնք տեղ են թողնում երկակի մեկնաբանությունների, հնարավորություն են ստեղծում խուսափելու գիտական արդյունքի հնարավորինս ավելի լայն միջազգայնացումից և որակյալ գրախոսությունից: Ուստի այս նախագիծն է ի հայտ եկել, որը նպատակ ունի, մասնավորապես՝ հստակեցնել միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հրապարակումներին ներկայացվող պահանջները, որոնք փոփոխությունների մի խումբն են: Երկրորդ փոփոխությունների ուղղությունն այն է, որ հստակեցվել է համարժեքությունների համակարգը, ըստ որի՝ գիտական հոդվածներն ամբողջությամբ չեն կարողանա փոխարինվել մենագրություններով: Այսինքն՝ գիտական հոդվածի տպագրությունը որոշակի մասով կմնա պարտադիր: Ինչպես նաև կհստակեցվեն աշխատաժամանակի ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատողներին ներկայացող պահանջները, և հայագիտության ու հումանիտար գիտությունների մասնագիտություններով հրապարակումների համար տարակարգերի ցածր պաշտոնների պահանջներն առաջիկա ատեստավորման համար կվերաձևակերպվել է 5 տարվա պահանջների 2/5-ի չափով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը նշել է, որ այս գործընթացը գիտության ոլորտում Կառավարության բարեփոխումների և ներդրումների ավելացման քաղաքականության շարունակությունն է: «Մասնավորապես՝ 2022 թվականից մեկնարկած աշխատավարձերի նորմավորման քաղաքականության շրջանակում, որի ավարտը տեղի ունեցավ 2025 թվականի հունվարի 1-ից, այսինքն՝ 2025 թվականի հունվարի 1-ից գիտական աշխատավարձերը նորմավորվել են՝ ըստ գործող ատեստավորման տարակարգի, և դրա արդյունքում մենք փաստացի ունենք աշխատավարձերի առնվազն կրկնապատկում 2021 թ. նկատմամբ այսօրվա դրությամբ, իսկ որոշ պաշտոնների և տարակարգերի համար աշխատավարձը նույնիսկ քառապատկվել է»,- ասել է նախարարը:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ այս քաղաքականությունն արդեն իսկ տալիս է իր արդյունքը. Հայաստանի գիտնականների հրապարակումները տարեցտարի ավելանում են, մասնավորապես՝ 2023 թ. արդյունքներով գրանցվել են պատմականորեն ամենամեծ ծավալով գիտական հրապարակումները միջազգային հեղինակավոր պարբերականներում: Նշվել է նաև, որ աճ է արձանագրվում նաև հասարակական և հումանիտար գիտությունների բնագավառում՝ շնորհիվ ոլորտում վարվող քաղաքականության:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, նշել է՝ այս որոշումն այն մասին է, որ 2021-ին ընդունած մեր որոշումն ու բարեփոխումների փաթեթը կատարյալ չի եղել և տեղեկացրել, որ թեմային առնվող բազմաթիվ նամակներ է ստացել ոլորտի մասնագետներից: «Եթե մենք շարունակեինք աշխատել, ենթադրում եմ էլի մի քանի տարի դեռ կշարունակեինք աշխատել կատարելության հասնելու համար: Բայց ես շարունակում եմ մնալ իմ այն կարծիքին, որ մինչև որևէ բարեփոխում կյանքի հետ չի հանդիպում՝ չի արտահայտվում»,- ասել է վարչապետը:
Երկրի ղեկավարը նշել է նաև, որ նախորդ՝ ոչ կատարյալ բարեփոխման արդյունքում, ատեստավորման արդյունքում տեղի է ունեցել աշխատավարձերի բարձրացում և թվարկել. «Գիտաշխատողների աշխատավարձեր. լաբորանտ-ճարտարագետ, այդ բարեփոխումից առաջ աշխատավարձը եղել է 67 300 դրամ, 2025 թ. հունվարի մեկից այսպես փուլ-փուլ աճելով դարձել է 138 300 դրամ, աճը 105 %, այսինքն՝ աշխատավարձը կրկնապատկվել է, չնայած բարեփոխումը կատարյալ չի եղել: Ավագ լաբորանտ-ավագ ճարտարագետ, 2021 թ. 76,000 դրամից փուլերով աճել է 2025 թ. հունվարի 1-ից դարձել է 179,000 դրամ, աճը՝ 135 %, ավելի քան կրկնապատկվել է: Կրտսեր գիտաշխատող 2021 թ. դրությամբ աշխատավարձը եղել է 85,800 դրամ, 2025 թ, այսօր աշխատավարձը 210,000 դրամ է, աճը 145 %։ Գիտաշխատող, 2021 թ.ն աշխատավարձը եղել է 90,400 դրամ, այսօր՝ 276,000 դրամ, աճը 205 %։ Ավագ գիտաշխատող, 2021 թ.՝ 99,000 դրամ, այսօր՝ 343,000 դրամ, աճը 246 %: Առաջատար գիտաշխատող, 2021 թ. աշխատավարձը եղել է 114 300 դրամ, այսօր 443 800 դրամ է, աճը 288 %: Գլխավոր գիտաշխատող՝ 138 100 դրամից հասել է 552 900 դրամի, աճը 300 %: Գիտական խմբի ղեկավար, 2021 թ. աշխատավարձը եղել է 129 100 դրամ, այսօր՝ 410 000 դրամի, աճը 217 %: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը եղել է 141 400 դրամ, այսօր՝ 477 200 դրամ, աճը 238 %»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Կառավարությունն էականորեն փոխել է գիտական գործունեությունը և գիտական գործունեության նշանակությունը և ընդգծել, որ նախորդ տարի վարկանիշավորված գիտական ամսագրերում պատմական ռեկորդ ենք ունեցել: Վարչապետը հավելել է, որ այդ գործընթացը շարունակվելու է և ընդգծել նաև դրա վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովման կարևորությունն ու անհրաժեշտությունը:
Պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված կրճատված տրանսպորտային 423 միջոց ամրացվել է Պետգույքին՝ հետագայում օտարելու նպատակով
Գործադիրն ընդունել է «Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» որոշում, որով նախատեսվում է 52 մարմինների հաշվեկշռում հաշվառված 423 միավոր տրանսպորտային միջոցները հետ վերցնել և ամրացնել Պետական գույքի կոմիտեին՝ հետագայում օտարելու նպատակով։ Նախատեսվում է նաև հանձնման և ընդունման գործընթացն ավարտել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 4 ամսյա ժամկետում:
Ինչպես նշել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը, մեքենաների մեծամասնությունը աճուրդային եղանակով կվաճառվի, այն մեքենաները, որոնք թարմ են, կփոխարինվեն պետական համակարգում առկա հին մեքենաներով, եթե անհրաժեշտություն լինի։ Ըստ նրա՝ աճուրդները տեղի կունենան էլեկտրոնային եղանակով։
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօր էլ մենք ունենք բավականին կրճատված ծառայողական մեքենաներ, բայց այս որոշումից հետո առավել ևս՝ ՀՀ-ում ծառայողական ավտոմեքենանների ծառայողական ավտոմեքենաների պատմական մինիմում է արձանագրվելու։ Ենթադրում եմ, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քիչ ծառայողական ավտոմեքենաներ չեն արձանագրվել: Դա կարևոր է երկու ուղղությամբ, որ մենք կառավարման մարմինների ներկայացուցիչներին մղում ենք ավելի շատ շփվել մարդկանց հետ, նաև բյուջետային ծախսերի ուղղությունները փորձում ենք ավելի արդյունավետ դարձնել: Իհարկե, սա էլ է մի հարց, որը մենք պետք է հընթացս մոնիթորինգ անենք և տեսնենք՝ արդյունավետությունը լավարկելու ինչ մեխանիզմներ կան, նաև տեղ-տեղ աշխատանքի արդյունավետությունը չվնասելու»:
Կլավարկվի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմը
Կառավարությունն ընդունել է որոշում, որը կնպաստի նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածության աճին ուղղված գործիքակազմի լավարկմանը, պետական բյուջեի միջոցներից աջակցություն ստացող թիրախային խմբերի հստակեցմանը: Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախադպրոցական կրթության մեջ երեխաների ընդգրկվածության ոլորտում լուրջ հաջողություններ են արձանագրվել: Մասնավորապես՝ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրով իրականացվող աշխատանքների արդյունքում նկատելիորեն մեծացել է նախադպրոցական հաստատություններում սովորողների թիվը: Ըստ նախարարի՝ այս պահին կա 3-5 տարեկան ավելի քան 82 հազար երեխա՝ ընդգրկված նախադպրոցական հաստատություններում, որը շուրջ 75 տոկոսն է կազմում տվյալ տարիքային խմբի: 2022 թ. այս ցուցանիշը եղել է 63,6 տոկոս, այսինքն՝ 2 տարվա ընթացքում ապահովվել է շուրջ 12 տոկոս աճ, իսկ 2017 թ. համեմատ՝ շուրջ 20 տոկոս աճ:
Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց է մնում մսուրի ծառայությունը, որի ընդլայնման և տարիքային շեմի վերանայման կարիք կա: Որոշմամբ առաջարկում է մեկնարկել փորձնական ծրագիր, որով կփոփոխվի նախադպրոցական ուսհաստատությունների ֆինանսավորման կարգը: «Մասնավորապես՝ նախատեսում ենք, որ 10 խմբի շրջանակում, այսինքն՝ շուրջ 200 երեխաների համար, փորձենք սկսել նոր ծրագիր, որն իրականացվելու է մի շարք համայնքներում: Համայնքները և հաստատություններն ընտրվել են ՏԿԵՆ-ի և նաև Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում: Փորձնական ծրագրի համար կունենանք 4 հաստատություն Երևանում, որոնցից մեկում կսկսենք 6-12 ամսականների 1 խմբի կրթության ծրագիրը. Վանաձորում և Գյումրիում՝ 2-ական, իսկ Հրազդանում՝ 1-ական հաստատություններ, որտեղ արդեն, 1 տարեկանից սկսած, երեխաները մսուրի ծառայության մեջ կընդգրկվեն»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագրի արժեքը գնահատվել է շուրջ 175 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանը ծրագիրը կարևորել է երեխանների կրթության տեսակետից, միաժամանակ ընդգծել դրա տնտեսական բաղադրիչի կարևորությունը. երիտասարդ մայրիկների համար հնարավորություն է ստեղծվում՝ կա՛մ հնարավորինս շուտ աշխատանքի շուկա վերադառնալու, կա՛մ դրսևորվելու հնարավորություն ունենալու: Վարչապետը կարևորել է նաև որոշումը պատշաճ ձևով կոմունիկացնելու հարցը:
Համընդհանուր հայտարարագրման միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում. վարչապետ
Վարչապետը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձել է համընդհանուր հայտարարագրմանը և նշել, որ դրա միջոցով 70 մլրդ դրամ քաղաքացիներին վերադարձնելու ենթակառուցվածք ենք ստեղծում: Նշվել է նաև, որ շատ կարևոր է՝ այս տարվա հայտարարագրով մարդիկ այդ գումարը կարող են ստանալ նաև նախորդ տարվա համար: «Շատ կարևոր է, որ մենք առաջիկայում նաև մեր կարգերը մշակենք, լրամշակենք, որպեսզի այդ գումարներն իրացնելու հնարավորություն ստեղծվի», -ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն այս անգամ էլ ընդգծել է գործընթացի մանրամասների վերաբերյալ պատշաճ իրազեկման ապահովումը:
Երկրի ղեկավարը հիշեցրել է՝ նախորդ տարի պետությունը եկամտային հարկի ձևով քաղաքացուն 68 մլրդ դրամ է վերադարձրել բնակարանների հիփոթեքային վարկի ձեռքբերման ծրագրի շրջանակում, և այժմ նման ևս մեկ համակարգ է ներդրվելու, այն է՝ համընդհանուր հայտարարագրումը: «Մի հատ էլ ավելացնում ենք 70 մլրդ, որ մենք կրկին վերադարձնելու ենք քաղաքացուն, բայց՝ աշխատող քաղաքացուն, բայց՝ կրթության նպատակով, բայց՝ առողջապահության նպատակով, որովհետև, ինչպես ասել ենք, փողը կառավարման գործիք է, մենք ուզում ենք մեր ռազմավարություններն ավելի արդյունավետ իրագործենք: Եվ սա նաև հնարավորություն է բազմաթիվ մասնագետների՝ ատամնաբուժների, արհեստավորների և վարպետների համար, որ աշխատելուն զուգահեռ ստեղծեն կրթական, առողջապահական ծառայություններ և մատուցեն քաղաքացիներին և վճարվեն դրա դիմաց, փաստացի ստացվում է՝ պետական բյուջեի միջոցներով: Դարձյալ քաղաքացիների վճարած հարկերով, բայց սա առաջին հերթին քաղաքացիների վճարած հարկերը վերադարձնելու մեխանիզմ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ համակարգը կարևոր է նաև կոռուպցիայի, փողերի լվացման դեմ պայքարում, ստվերի կրճատման:
Սահմանվել են ընթացիկ տարում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները
Կառավարությունը սահմանել է 2025 թ. ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները: Հիմք ընդունելով որոշմամբ սահմանված կարգավորումները՝ նախատեսվում է 2025 թ. ընթացքում Սևանա լճում իրականացնել 314 տոննա սիգ ձկնատեսակի արդյունագործական որս: Հաշվի առնելով «Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում» ծրագրի շրջանակում Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2024 թ. իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ Սևանա լճում ձկան պաշարների նվազման բացասական ռիսկերի գնահատման և ձկնային ռեսուրսների կայուն կառավարման նպատակով արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել մինչև 2025 թ. հունիսի 1-ը։
Կապահովվի Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի գործունեության արդյունավետությունը
Գործադիրն ընդունել է որոշում, որով առաջարկվում է Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի կազմում ընդգրկել 10 ներկայացուցիչ` ի դեմս պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ գլխավոր դատախազության, Մարդու իրավունքների պաշտպանի։ Նախատեսվում է ընդգրկել 8 ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից, որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում ունեն առնվազն երեք տարվա գործունեություն փորձ: Բացի այդ, նախատեսվում է ընդգրկել 11 ներկայացուցիչ աջակցության կենտրոններից և ապաստարաններից, որոնք ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում վերջին հինգ տարիների ընթացքում ունեն առնվազն երեք տարվա գործունեության փորձ և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց մատուցել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ կամ ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին տրամադրել են սոցիալական աջակցություն։ Արդյունքում ակնկալվում է ապահովել` խորհրդի գործունեության արդյունավետությունը, աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումը, ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ոլորտում խորհրդի ակտիվ և գործուն դերակատարումը:
Կպարզեցվեն պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերը
Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության ոլորտում սահմանված ընթացակարգերի պարզեցման համար: Ըստ այդմ՝ վերանայվել են պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակում փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի ծավալները` ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ արտամարմնային բեղմնավորման պետական պատվերի շրջանակում ֆինանսավորումը սահմանվել է ըստ փուլերի: Ըստ այդմ՝ սահմանվել են արտոնյալ պայմաններով արտամարմնային բեղմնավորման երկրորդ փորձի շրջանակում փոխհատուցվող բժշկական օգնության և սպասարկման կոնկրետ ծավալները: Արդյունքում՝ ակնկալվում է շահառուների համար պարզեցնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների տրամադրման գործընթացը, արտամարմնային բեղմնավորման ցուցման դեպքում բացառելով բժշկական կազմակերպության կողմից բուժման վերաբերյալ համապատասխան հրաման տալու նպատակով առողջապահության նախարարություն դիմելու գործընթացը, դրանով իսկ կրճատելով շահառուի սպասելաժամանակը:
Կապահովվի քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
Կառավարության որոշմամբ կապահովվի պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Ըստ այդմ՝ անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս (2025 թ. հունվար և փետրվար ամիսներ) կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300 000 դրամի չափով: Դրա համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թ. փետրվարի 15-ը ներառյալ:
Միջազգային համագործակցություն. կդյուրացվի Հայաստանի և Ղազախստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին 2006 թ. նոյեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրինագծին: Ըստ հիմնավորման՝ ներկայումս երկու երկրների միջև բեռնափոխադրումների իրականացման ոլորտում առկա է խնդիր՝ կապված ճանապարհային և բնապահպանական հարկերի գանձման օրենսդրական կարգավորումների հետ։ Խնդրի լուծման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել համաձայնագրում, որը կկանոնակարգի երկու երկրների միջև մի կողմի պետության տարածքում գրանցված տրանսպորտային միջոցները մյուս կողմի պետության օրենսդրությամբ նախատեսված հարկերից ու վճարներից ազատման արտոնությունների սահմանման գործընթացը: Համաձայնագրի փոփոխությունը հնարավորություն կտա դյուրացնելու երկու երկրների միջև ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների գործընթացը, բարձրացնելու Հայաստանի տարանցման դերը տարածաշրջանում բեռնափոխադրումների կազմակերպման հարցում:
Օրենսդրական նախաձեռնություններ
Կառավարության հավանությանն է արժանացել «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Արդյունքում՝ էկոպարեկային ծառայողներին կտրվի «Հանրային ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված սոցիալական երաշխիքը, կապահովվի տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թ. ապրիլի 8-ի նիստի արդյունքում կայացած որոշումը, ինչպես նաև ծառայողների կողմից օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով պաշտոնի նշանակվելուց հետո իրենց վերապահված լիազորություններն իրականացնելու համար վերջնաժամկետ կսահմանվի 2027 թ. հունվարի 1-ը։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվող լրացումների արդյունքում տնային կալանքը՝ որպես այլընտրանքային խափանման միջոց, կներառվի օրենսգրքի 108.2-րդ հոդվածի կարգավորման համատեքստում:
Խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը
Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքի ազատման արտոնությունից:
«ԷԿՈՏՈՄԱՏՈ» ՓԲԸ ներմուծվող ապրանքներով նախատեսում է Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում հիմնել 8.3 հա ընդհանուր մակերեսով բարձր տեխնոլոգիական ջերմոցային տնտեսություն, որում հիդրոպոնիկ եղանակով աճեցվելու են բարձրորակ հոլանդական վարդեր: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3.8 մլրդ դրամի ներդրում՝ ջերմոցի և հումքի ձեռքբերման, իսկ մնացած մասը շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 134 աշխատատեղ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Մինչև 2026 թ. ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 200-ի՝ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.69 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 84.8 մլն դրամ:
«ՄՈՒԼՏԻ ՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊԸ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի սպասարկման բարելավման նպատակով նախատեսվում է ներմուծել 32 հատ միկրոավտոբուս՝ իրականացնելով 380.8 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 409 աշխատատեղ, մինչև 2027 թ. ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 760-ի՝ 159 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380.8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 64.7 մլն դրամ:
«ՄԱՔՍ ՊՐՈՖ» ՍՊԸ ներմուծվող հումքը և սարքավորումները նախատեսում է օգտագործել դռների և պատուհանների, բազրիքների, լոգախցիկների, արտաքին պաշտպանիչ շերտավարագույրների, ավտոմատ բացվող համակարգերի, ապակե և այլ կոնստրուկցիաների արտադրության համար։ Ընկերությունն իրականացնելու է 3.1 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս առկա է 18 աշխատատեղ 440 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 30-ի՝ 510 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 345 մլն դրամ:
«ՄԲՄ» ՍՊԸ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել խոնավ անձեռոցիկների արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 4.49 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման, 172.8 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և 200 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։ Ներկայումս առկա է 8 աշխատատեղ 328 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով, մինչև 2027 թ. նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 40-ի՝ 261 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 4.49 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 429 մլն դրամ։