Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձնական ծրագիր` մսուրի ծառայության հասանելիություն մինչև 2 տարեկան երեխաների համար

Հունվար 30,2025 16:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեից մեկ սանի հաշվարկով ֆինանսավորման կարգում:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` նշելով, որ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի կարևոր առաջնահերթություններից մեկը  նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության մակարդակի ավելացումն է:

«Այս առումով  լուրջ հաջողություններ ունենք՝ շնորհիվ 500 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման պետական  ծրագրով իրականացվող աշխատանքների: Նոր ստեղծված հաստատությունները նպաստել են երեխաների ընդգրկվածության թվի աճին: Այս պահին նախադպրոցական հաստատություններում 3-5 տարեկան 82 հազար երեխաներ են ընդգրկված, որը  տվյալ տարիքային խմբի շուրջ 75 տոկոսն է կազմում: 2022 թվականին այս ցուցանիշը եղել է 63,6 տոկոս. այսինքն` երկու տարվա ընթացքում  ընդգրկվածության շուրջ 12 տոկոս աճ է ապահովվել: Իսկ եթե համեմատությունը կատարվի 2017 թվականի ցուցանիշների հետ, ապա աճը շուրջ 20% է հասնում, ինչը ցույց է տալիս, որ նախադպրոցական հաստատությունների հիմնադրման և բարեկարգման ծրագիրը բավականին լուրջ ազդեցություն և արդյունքներ է ապահովում»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` մինչ բուն նախագիծը ներկայացնելը:

Նրա խոսքով՝ նախադպրոցական կրթության համակարգում ամենախնդրահարույցը մսուրի ծառայության հասանելիությունն է. ներկայում այդ ծառայությունը կազմակերպվում է շատ հատվածական՝ հիմնականում 2 տարեկանից սկսած համայնքային և պետական հաստատություններում:

«Ծառայությունների ընդլայնման և մսուրի ծառայության տարիքային շեմի վերանայման կարիք կա։ Մսուրի ծառայությունը խթանելու, նաև ավելի ցածր տարիքային խմբի երեխաների համար նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու նպատակով առաջարկվում է փոփոխություն կատարել գործող կարգում` մեկնարկելով փորձնական ծրագիր»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ըստ հաստատված որոշման` փոփոխություններ են արվում նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆինանսավորման կարգում, որին կհաջորդի փորձնական ծրագրի մեկնարկը: Նախատեսվում է շուրջ 200 երեխայի համար 10 խմբի շրջանակում սկսել նոր ծրագիր, որն իրականացվելու է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ քննարկման արդյունքում ընտրված համայնքներում:

Մսուրի փորձնական ծրագիրը կիրականացվի Երևանի 4 հաստատությունում, որոնցից մեկում կգործի 6-12 ամսականների մեկ խումբ:

Փորձնական ծրագիրը կիրականացվի նաև Վանաձորի և Գյումրիի երկուական, Հրազդանի մեկ հաստատություններում, որտեղ երեխաները, մեկ տարեկանից սկսած, կընդգրկվեն մսուրի ծառայության մեջ։

Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 175 միլիոն դրամ, որը կֆինանսավորվի պետբյուջեից՝ ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցների շրջանակում։

Նախարարը շեշտել է, որ այս ծրագրի միջոցով հնարավոր կլինի փորձարկել նոր ծառայության ստանդարտը՝ հետագայում այն լայնածավալ կիրառելու և մսուրի հասանելիությունը մեծացնելու նպատակով։

Նախագծով առաջարկվում է նաև նախադպրոցական կրթության պետական ֆինանսավորումը փոխկապակցել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի բարեփոխման հետ՝ համապատասխանաբար  կատարելով ժամկետային փոփոխություն:

Կարևորելով նախագիծը` ՀՀ վարչապետը նշել է, որ այս ծրագրի փորձարկման արդյունավետությունը շատ կարևոր է, քանի որ դրանով հնարավորություն է ստեղծվում նաև, որպեսզի փոքրահասակ երեխաներ ունեցող կանայք ավելի շուտ ներգրավվեն կամ վերադառնան աշխատաշուկա:

Ծավալվել է քննարկում, որի ընթացքում նշվել է՝ համընդհանուր հայտարարագրման համակարգը հնարավորություն է տալիս հետվճար ստանալ նաև նախադպրոցական հաստատությունների  համար:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031