«Երբ կառավարության ծրագիրն ընդունվում է, մենք՝ իշխանություններս, դրան լուրջ ենք վերաբերվում։ Կառավարության ծրագրում նախանշված բոլոր բարեփոխումները փորձում ենք իրականացնել ու իրականացնում ենք։ Եվ մեզ մեր ընտրողներն ընտրել են այս բարեփոխումներն իրականացնելու համար»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, որ հարկերի բարձրացման ու թանկացումների դեմ մեծ դժգոհության ալիք կա։
Դիտարկմանը, որ ընտրողները ՔՊ-ին ձայն էին տվել, քանի որ կառավարության ծրագրում Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին դրույթ կա, բայց դա չի իրականացվել, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Այս հարցերի հետ կապված Ազգային ժողովում վարչապետը մանրամասն ներկայացրել է։ Եվ միանշանակ, այո, աշխարհը փոփոխվում է, եւ մեր կառավարության ծրագիրն էլ, ինչպես ասացի, մենք լրջորեն մոտենալով, հնարավորի շրջանակներում իրականացնում ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության մասին արած հայտարարություններին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Որոշակի մանիպուլյացիաներ ու խեղաթյուրումներ են իրականացվել, թե ինչ է հնչել Շվեյցարիա կատարած այցի ժամանակ։ Եթե մենք փորձենք ուշադիր լսել վարչապետի վերջին հարցազրույցի բովանդակությունը եւ խորանանք այն հարցերի մեջ, որոնք բարձրացնում է, ես կարծում եմ՝ շատ իրավաչափ հարցեր են, որոնք ամեն մեկս մեզ պետք է տանք»։
Լրագրողի հարցին, թե «ցեղասպանություն եղե՞լ է», Անահիտ Ավանեսյանը պատասխանեց․ «Չես ամաչո՞մ, նման հարց ես տալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ