Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Վեհաժողովը որոշեց վավերացնել վրացական պատվիրակության լիազորությունները՝ պայմանով, որ առաջիկա ամիսների ընթացքում երկրում կանցկացվեն նոր խոհրդարանական ընտրություններ։
Վեհաժողովի կողմից ընդունված զեկույցով ԵԽԽՎ-ն կոչ է անում Վրաստանի իշխանություններին անհապաղ ներառական գործընթաց նախաձեռնել բոլոր շահագրգիռ կողմերի և հասարակական գործիչների մասնակցությամբ՝ ներառյալ իշխող մեծամասնության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության՝ վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված թերություններն ու խախտումներն անհապաղ վերացնելու համար։
Փաստաթղթում մասնավորապես ամրագրված է. «Վեհաժողովը որոշել է վավերացնել վրացական պատվիրակության հավատարմագրերը` միաժամանակ կասեցնելով որոշակի իրավունքներ մարդու իրավունքների շարունակվող խախտումների պատճառով: Վեհաժողովը կոչ է անում Վրաստանի իշխանություններին վերստին հավատարիմ մնալ Եվրոպայի խորհրդի արժեքներին, ներգրավվել ներառական քաղաքական գործընթացներում, ապահովել պատասխանատվություն ոստիկանության գործողությունների համար և լուծել օրենսդրական մտահոգությունները»։ Փաստաթղթով Վեհաժողովը նաև կոչ է անում վրացական իշխանություններին անհապաղ վերջ տալ ոստիկանական բռնություններին և մարդու իրավունքների ոտնահարմանը, ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին մինչև ԵԽԽՎ-ի՝ 2025-ի ապրիլին կայանալիք նստաշրջանը։
Տեղեկացրել ենք, որ Վեհաժողովի այս որոշումից հետո վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ցուլուկիանին հայտարարեց, որ պատվիրակությունը դադարեցնում է աշխատանքը Վեհաժողովում։
Կարդացեք նաև
Վրացական պատվիրակության այս որոշման առիթով ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսն ափսոսանք է հայտնել։ ԵԽԽՎ կայքի համաձայն՝ նա մասնավարոպես նշել է․ «Ես ափսոսում եմ վրացական պատվիրակության որոշման համար՝ դուրս գալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից, ինչը հաջորդեց Վեհաժողովի կողմից որոշակի պայմաններով պատվիրակության հավատարմագրերը վավերացնելու քվեարկությանը»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, մեկնաբանելով ԵԽԽՎ բանաձևը, հայտարարել է, որ դա անհեթեթ փաստաթուղթ է․ «Այս բանաձևը վկայում է, որ եվրոպական բյուրոկրատիան, ինչպես Բրյուսելում, այնպես էլ Ստրասբուրգում, բավականին բարդ վիճակում է գտնվում: Մենք իմացանք միանգամայն անհեթեթ որոշման մասին: Հաստատեցիք ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը, այսինքն՝ ճանաչեցիք մեր խորհրդարանական ընտրությունների արդյունքները և իսկույն հայտարարեցիք, որ եթե մինչև ապրիլ Վրաստանում նոր խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն, կչեղարկեք մեր պատվիրակության լիազորությունները։ Այս պայմաններում մեր պատվիրակությունը մտադիր չէ շարունակել աշխատանքը ԵԽԽՎ-ում: Եթե փոխվի վերաբերմունքը վրաց ժողովրդի և Վրաստանի նկատմամբ, մենք, իհարկե, կվերադառնանք ԵԽԽՎ: Այժմ այնտեղ աշխատանքը շարունակելու իմաստ չկա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ