Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրքը կարող է մեր ջազարվեստն աշխարհին ներկայացնելու յուրօրինակ այցեքարտ դառնալ. Հայկ Թութունջյան

Հունվար 30,2025 15:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արվեստի վաստակավոր գործիչ, անվանի ջազմեն, թմբկահար, ջազի պատմաբան, «Չիկոն եւ ընկերները» ջազ խմբի հիմնադիր եւ ղեկավար, «Ջազի ժամ» հեռուստահաղորդաշարի հեղինակ եւ վարող լուսահոգի Արմեն Չիկո Թութունջյանի հեղինակած «Ջազը Հայաստանում» գրքի անգլերեն հրատարակությունը  ներկայացվեց ՀԲԸՄ-ի հարկի ներքո: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Թութունջյանի որդին՝ Հայկ Թութունջյանը, գրքի անգլերեն թարգմանության առաջնային նպատակը Հայաստանի ջազարվեստը հանրահռչակելն է ՝ ջազի լեզվով, 85-ամյա հայկական ջազի հարուստ պատմությունն աշխարհին ներկայացնելն է:

Նրա խոսքով, մինչ այդ գիրքը հրատարակվել է ռուսերեն, հետագայում՝  հայերեն, այժմ արդեն  անգլերեն, եւ միլիոնավոր ընթերցողներ կկարողանան ծանոթանալ մեր երկրի հարուստ ջազային ավանդույթներին, այդ մշակույթը կերտած հիանալի երաժշտներին, կատարողներին, կոմպոզիտորներին:

«Այս նախագծին մասնակցել են մի քանի կազմակերպություններ ու անհատներ, ԿԳՄՍ նախարարության  դրամաշնորհով ապահովվել է հրատարակության  ֆինանսավորման մի մասը: Ուզում եմ հատուկ ընդգծել ՀԲԸՄ դերակատարության մասին, մասնավորապես, Նյու Յորքում գտնվող ՀԲԸՄ կենտրոնական գլխամասն է իր աջակցությունը ցուցաբերել գրքի հրատարակմանը: Այդ կազմակերպությունն անգնահատելի ներդրում է կատարում ոչ միայն այս գրքի հրատարակման, այլեւ ընդհանրապես հայկական ջազի, ջազարվեստում ծագումով հայ երաժիշտ կատարողների ստեղծագործությունների եւ իրենց արվեստի հանրահռչակման գործում»,-ասաց Թութունջյանը:

«Շնորհիվ  AGBU Arts  նախաձեռնության՝ ի դեմս ղեկավար, դաշնակահար Հայկ Արսենյանի, մենք շուտով հնարավորություն կունենանք «Ջազը Հայաստանում» գիրքը ներկայացնել ջազի հայրենիքում: ԱՄՆ-ում արդեն իսկ նախանշված են մի քանի միջոցառումներ. ապրիլի 30-ին՝ Նյու Յորքում, մայիսի 2-ին՝ Բոստոնում, մայիսի 3-ին՝ Դալասում, մայիսի 4-ին՝ Լոս Անջելեսում: Եվ այս բոլորը՝ ՀԲԸՄ հովանու ներքո: Մեծ ոգեւորությամբ ենք նախապատրաստվում այդ միջոցառումներին, շնորհանդեսային երեկոներին, որոնց ժամանակ  նախատեսվում են նաեւ ամերիկահայ հայտնի դաշնակահար Վարդան Հովսեփյանի քառյակի ելույթները, մասնակցելու են լավագույն ջազային երաժիշտները»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա նաեւ հավելեց, որ գրքի հրատարակմանը մասնակցել են հայ-գերմանական  NOAH հիմնադրամը,  DiliJAZZ հյուրանոցային համալիրը, իսկ գրքի հրատարակիչը «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունն է: Ընդգծեց, որ գիրքը կարող է յուրօրինակ այցեքարտ դառնալ մեր ջազարվեստն  ամբողջ աշխարհին ներկայացնելու առումով, JAZZ IN ARMENIA գրքում կան QR կոդեր, որոնց միջոցով ընթերցողը հնարավորություն է ստանում ոչ միայն կարդալ, տեղեկանալ, այլեւ դիտել, ունկնդրել հայկական ջազի լավագույն նմուշները:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ գրքի  անգլիացի թարգմանիչ Ռութ Ադիսոնին, որը չէր կարողացել ներկա գտնվել հայաստանյան շնորհանդեսին, բայց փոքրիկ տեսաուղերձ էր ուղարկել: «Ես իսկապես վայելել եմ այս ճանապարհորդությունը Չիկոյի հետ՝ սովորելով այն մասին, թե ջազն ինչպես է եկել Հայաստան։ Ինձ համար լիովին նորություն էր, եւ շատ կարեւոր կրթական փորձ։ Սակայն այս գիրքը միայն կրթության մասին չէ, Երաժշտության մասին է, ժանրի եւ Հայաստանի նկատմամբ սիրո մասին է։ Ես իսկապես մեծ հաճույք ստացա այս նախագծի վրա աշխատանքից։ Լիահույս եմ, որ դուք էլ հաճույքով կկարդաք գիրքը»,-նշել է Ռութ Ադիսոնը, որը գիրքը թարգմանել է ռուսերեն բնագրից՝ Չիկոն այդ լեզվով էր գրել գիրքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031