«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգներում ծննդյան իրավունքով քաղաքացիություն տալու կարգը դադարեցնելու մասին գործադիր հրամանը իրավական և քաղաքական բանավեճ է առաջացրել։
ԱՄՆ Սահմանադրությունը, որը մշակվել է դեռ 18-րդ դարի վերջին, ներգաղթի և քաղաքացիության վերաբերյալ որոշումների կայացման մեծ մասը թողել է Կոնգրեսին։
Եվ չնայած այդ հանգամանքին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով պահանջում է դադարեցնել ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող ծնողներից Միացյալ Նահանգներում ծնվածներին քաղաքացիություն շնորհելու կարգը։
«Մենք աշխարհի միակ երկիրն ենք, որն անում է դա։ Ծիծաղելի է։ Բայց մենք կարծում ենք, որ շատ լավ հիմքեր ունենք [այդ կարգը չեղարկելու], և որոշ մարդիկ տասնյակ տարիներ ցանկանում են այդ անել»,- ասել է նա։
Կարդացեք նաև
Թրամփի նշված հրամանի քննադատներն ասում են, որ այդ կարգը քաղաքացիական իրավունքների հիմնաքարն է և չի կարող դադարեցվել ԱՄՆ նախագահի կողմից։
Ներգաղթի քաղաքականության գծով փորձագետ, իրավաբան Թույեթ Դուոնգը նշում է․ «Ի սկզբանե, դա նախատեսված էր, որպեսզի սևամորթ ստրուկները կարողանան քաղաքացիություն ստանալ։ Սահմանադրական իրավունքները չեն կարող խլվել նախագահի կողմից»։
Սակայն գործադիր հրամանի կողմնակիցները պնդում են, որ անհրաժեշտ է «վերականգնել արդարությունը միգրացիոն համակարգում»։
«Նախագահ Թրամփը պարզ ասել է, որ ներգաղթի մեր համակարգում արդարության վերականգնումը և [Սահմանադրության] 14-րդ [փոփոխությունը] պաշտպանելը` Ամերիկան կրկին ուժեղ դարձնելու իր տեսլականում առանցքային են։ Նրա պատմական գործադիր հրամանը, որը դադարեցնում է ծննդյան իրավունքով քաղաքացիության շնորհումը, կարևոր քայլ է»,- նշում է հանրապետական կոնգրեսական Բրայան Բաբինը։
Թրամփի այդ հրամանը, սակայն, բախվել է իրավական խոչընդոտների։ 22 նահանգների գլխավոր դատախազներ հայց են ներկայացրել՝ պատճառաբանելով, որ հրամանը խախտում է ԱՄՆ Սահմանադրությունը։
«Գերագույն դատարանը վերահաստատեց, որ 14-րդ փոփոխությունը վերաբերում է նաև չինացի ներգաղթյալներին, և նրանք կարողացան քաղաքացիություն ստանալ»,- ասել է Թույեթ Դուոնգը։
Սիեթլում դաշնային դատավորը ժամանակավորապես կասեցրել է Թրամփի նշված հրամանագրի կատարումը։
Եթե հրամանն օրինական ճանաչվի ԱՄՆ Գերագույն դատարանի կողմից, ապա Միացյալ Նահանգներում լույս աշխարհ եկած բազմաթիվ նորածինների վրա այն բացասական ազդեցություն կունենա։