Լրահոս
Օրվա լրահոսը

Հին ու նորի կռիվը մեր ընդհանուր ապագայի կործանումն է: Օգնել իրար՝ արդյունավետ աշխատելու համար

Հունվար 30,2025 13:16

Առաջին մասն՝ այստեղ

Փոփոխությունների անխուսափելիությունը. Մաս 2. Դիմադրության ինստիտուտներ

Որևէ իշխանություն նախընտրական տարում չի գնում թանկացումների, հարկերի բարձրացման և այլ` բնակչության կյանքն էապես բարդացնող քայլերի։ Իսկ 2025-26-ի համար մի ամբողջ փաթեթ է արդեն ուժի մեջ՝ անթաքույց սպառնալով վատացնել բոլորի կյանքը։

Մի իշխանություն, որի համար ընտրությունը կենաց-մահու շեշտադրմամբ է, ո՞նց կարող է նման բան անել։ Բա նման պայմաններում ո՞նց է գնում ընտրությունների։ Այստեղ լուրջ մտածելու բան կա, որը պետք է հասկանանք։

Սա կարող է նշանակել, որ այս իշխանությունն իր վերարտադրման աղբյուրը տեսնում է ոչ թե հասարակության քվեի մեջ, այլ՝ բոլորովին ուրիշ տեղ։

Դատելով զարգացումներից՝ իշխանությունը 2025-ը համարում է ոչ թե նախընտրական, այլ՝ Քաոսի տարի։ Արհեստածին, իր իսկ կողմից ստեղծվող քաոսի։ Իշխանությունը ստեղծում է միջավայր, որտեղ ինքն առանց քվեի և հանրային աջակցության կփորձի մնալ իշխանության։

Ներքին ռեֆորմների փաթեթները և արտաքին ռիսկերը միասին կարող են քաոսի բերել ցանկացած կայացած պետություն, էլ չասած՝ Հայաստանի վիճակում գտնվող։

Ալիևի սպառնալիքները, Բաքվի դատերը և Նիկոլի թեզերը ահռելի աղբյուր են՝ Հայաստանի ներքին ապակայունացման և խուճապային, իռացիոնալ տրամադրությունների գեներացման համար։ Այս ամենն ունի ապակայունացման իրապես լուրջ պոտենցիալ, որին դիմակայելու ինստիտուցիոնալ որևէ լրջություն այս պահին մենք չունենք։

Մենք մեզ համարժեք չենք դրսևորում նոր ստեղծվող որևէ իրավիճակի։ Պատճառն այս պահին դաշտում առկա քաղաքական ինստիտուտներն են, որոնց գերակշիռ մեծամասնությունն աղավաղված պատկերացումներ ունի՝ սեփական առաքելության, սեփական կշռի և տիրող իրավիճակի մասին։

Պարադոքսալ վիճակ է, երբ կա մտածող և մտահոգ ընտրազանգված, որն oր-օրի համալրում են ավելի ու ավելի տագնապող մարդիկ, որն այս պահին իր հարթակներից և իր «լիդերներից» ավելի զգոն է ու ավելի պատասխանատու։ Բայց ընտրազանգվածները իրենք իրենցով չեն կարող կազմակերպվել։ Հենց այդ պատճառով, բացի էմոցիոնալ ռեակցիաներից, պարզ ասած՝ խելագարվելուց, մարդիկ բան չեն կարողանում անել։

Սա գաղթի պատրաստվող հասարակության կազմակերպվածություն է։

Նիկոլը ընտրություններով հաղթելու որևէ հնարավորություն չունի։ Նրա միակ շանսը երկրում քաոտիկ մթնոլորտն է, նախագաղթի տրամադրությունները։

Հենց այս քաոսը թույլ չտալու, պետության քաոտիկ կազմաքանդում թույլ չտալու համար է ծայրահեղորեն անհրաժեշտ՝ քաղաքական-հանրային ինստիտուտները նոր մակարդակի, լրջության և կազմակերպվածության բերելը։ Եվ դա պետք է անել շատ արագ։

Նոր դաշինքների, նոր միավորների ձևավորում՝ անհրաժեշտ գրագիտության պաշարով, սեփական առաքելության գիտակցմամբ, իրավիճակին համարժեք։ Հին ու նորի կռիվը մեր ընդհանուր ապագայի կործանումն է։ Իսկ հին ու նոր միավորների դաշինքները, նոր ստեղծված կամ ստեղծվող քաղաքական ու հանրային միավորների արդյունավետ դաշինքները պատասխանատվության և պետական մտածողության դրսևորում են։

Այսօր արդեն գործող կամ ստեղծվելիք խմբերը, շարժումները պիտի կարողանան ստեղծել նաև համագործակցային ցանց՝ տեղեկությունների ու գաղափարների շրջանառության ու սինխրոնացման համար։ Հանդիպել, պայմանավորվել բարձրացվելիք թեմաների մասին, «աշխատանքի բաժանում» անել, գույքագրել ռեսուրսներն ու օգնել իրար՝ արդյունավետ աշխատելու համար՝ լրատվական, նյութական, կազմակերպչական ռեսուրսներով։

Զուգահեռ՝ առաջնահերթ ու կրիտիկական գաղափարների բյուրեղացում պիտի գնա, և այստեղ անվտանգության խնդիրներն ու սոցիալականը ոչ միայն չեն խանգարում, այլև լրացնում են միմյանց։ Հայաստանը կանգնած է լրջագույն արհեստածին տնտեսական ցնցումների առաջ, իսկ դա սպառնալիք է մեր ընդհանուր անվտանգությանը։ Այնպես որ սոցիալական հարցերը, հանրային ներքին լարվածության օջախները, արտաքին քաղաքական մարտահրավերները, սահմաններին տեղի ունեցողը. այս ամենը հեշտությամբ կապվում են միմյանց ու դառնում մեծ օրակարգի ակտիվ մաս։

Ինստիտուցիոնալ կազմակերպվածության մակարդակի շեշտակի բարձրացումը կլրջացնի հանրային տրամադրությունները, մարդիկ կտեսնեն իրենց անելիքը՝ սեփական բողոքն արդյունավետ դարձնելու և գործողության վերածելու համար։

Եթե մենք չարագացնենք ներքին կազմակերպման պրոցեսները, ապա հայտնի փոդքաստի նոր թողարկումներից մեկը լինելու է մոտավորապես այսպիսին.

«Ինչու տվեցինք նոր հազարավոր զոհեր և ունեցանք նոր տարածքային կորուստներ»։ Ընդ որում, այս քննարկումն անելու են նույն անհոգ ու հանդարտ մթնոլորտում։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031