Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետին կոչ ենք անում պարզաբանել իր արտահայտությունները և միանշանակ վերահաստատել իր հավատարմությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը. Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների խորհուրդ

Հունվար 30,2025 12:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների խորհրդի (CAAS) արձագանքը՝ ի պատասխան 2025 թվականի հունվարի 24-ին Ցյուրիխում Հայաստանի վարչապետի հնչեցրած հայտարարություններին

Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը (CAAS) իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ցյուրիխում շվեյցարահայ համայնքի տարբեր ոլորդներում ներգրավված անդամների հետ վերջին հանդիպման ժամանակ արված հայտարարությունների կապակցությամբ։ Այս հայտարարությունները, որոնք մենք համարում ենք վիճահարույց, վարկաբեկում են Հայոց ցեղասպանության հիշատակը և օրինաչափ հարցեր են առաջացնում մարդկության դեմ այս հանցագործության ամբողջական ըմբռնման և դրա միջազգային ճանաչման Հայաստանի կառավարության հանձնառության վերաբերյալ:

Ավելի քան կես դար Հայոց ցեղասպանության ճանաչումը առաջնահերթություն է եղել զոհերի ժառանգների և հանուն պատմական արդարության գործող կազմակերպությունների համար։

Որպես Շվեյցարիայի հայկական սփյուռք՝ մենք կարծում ենք, որ այս ճանաչման կարևորությունը թերագնահատելը կամ հարաբերականացումը հակասում են աշխարհասփյուռ հայ համայնքի ակնկալիքներին։

Հիշեցնում ենք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հիմնված է անվիճելի պատմական փաստերի վրա, որոնք հաստատվել են հարյուրավոր հետազոտողների, ակադեմիական հաստատությունների և մի շարք պետությունների կողմից, այդ թվում՝ Շվեյցարիայի, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003 թվականին իր Ազգային խորհրդի մակարտակով, բայց ամենակարևորը՝ հենց Հայաստանի Հանրապետության կողմից։ Ցեղասպանության Ճանաչմանն ուղղված այս պայքարը վեր է քաղաքական բաժանումներից և համընդհանուր արդարություն է հետապնդում:

CAAS-ը կոչ է անում Հայաստանի կառավարությանը և նրա ներկայացուցիչներին կատարել իրենց պարտականությունները: Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումներով, և չպետք է թույլ տա հայ ազգի հակառակորդներին շահարկել նման հայտարարությունները ժխտողական նպատակներով։ Մենք կոչ ենք անում վարչապետին պարզաբանել իր արտահայտությունները և միանշանակ վերահաստատել իր հավատարմությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։
Եթե Հայաստանի կառավարությունը շարունակի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից, CAAS-ի, ընդհանրապես Սփյուռքի և այս գործի բոլոր դաշնակիցների պարտականությունը կլինի անդադար շարունակել այս պատմական պայքարը:

Զոհերի հիշատակը, նրանց ժառանգների պատիվը, արդարության ու ճշմարտության հիմնարար սկզբունքները պահանջում են, որ երբեք չդադարեցվի այդ պայքարը՝ անկախ քաղաքական հանգամանքներից կամ հանդիպած խոչընդոտներից։

Մենք նաև կոչ ենք անում հայկական սփյուռքին և հայ ժողովրդի բարեկամներին մնալ միասնական և զգոն՝ ընդդեմ ռևիզիոնիզմի (հաստատված փաստերի վերանայման) կամ մեր ընդհանուր գործը մղող հիմնարար արժեքներից հրաժարվելու ցանկացած փորձի։ Զոհերի հիշատակը, նրանց ժառանգների արժանապատվությունը և պատմության դասերը չեն կարող զոհաբերվել կարճաժամկետ շահերի անվան տակ։

Ինչպես Հայաստանի կառավարությունը, այնպես էլ մենք ձգտում ենք տարածաշրջանում արդար և կայուն խաղաղության: Մասնավորապես, CAAS-ը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության հետ մեր համապարտությունը հայտնելու համար, հատկապես նրա ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության առնչությամբ։ Ուստի, հրամայական է, որ այս դժվարին պահին Սփյուռքն ու Հայաստանը մնան միասնական և հետևողական իրենց հավատարմությանը միջազգային իրավունքին, արդարությանը և պատմական ճշմարտությանը: CAAS-ը վերահաստատում է ցեղասպանության ճանաչման և կանխարգելման իր անսասան հանձնառությունը և կշարունակի աշխատել իր գործընկերների հետ Շվեյցարիայում և միջազգային մակարդակում նոր հանցագործությունների կատարման դեմ պայքարելու, հիշողությունը պահպանելու և արդարությունը խթանելու համար:

Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդ (CAAS)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031