«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երևանի քաղաքապետարանի նախօրեին կայացրած որոշման շուրջ տեղի ունեցող գործընթացները մտահոգիչ են։
Տեղի ունեցածը փաստում է կառավարման լրջագույն բացերի մասին։ Քաղաքապետարանը ամիսներ շարունակ պնդում էր, որ այլընտրանք չկա, նոր սակագները վերջնական են, հետքայլ չի լինի, իսկ այժմ՝ հաշված օրեր առաջ, տեղի է ունենում ակնհայտ նահանջ։ Եթե հնարավոր էր 150 դրամով ապահովել փոփոխությունները, ապա ինչո՞ւ սա չարվեց սկզբից, ինչո՞ւ հասարակությանը ստիպեցին ընդունել անխուսափելիության գաղափարը։ Մի պարզ պատճառով. կարողությունների պակաս կա, և այս որոշումներն ընդունվում են առանց խորքային ռազմավարական պլանավորման, առանց միջազգային փորձի ներգրավման։
Համաշխարհային քաղաքային տրանսպորտի բարեփոխումների փորձը ցույց է տալիս, որ նման փոփոխությունները պետք է իրականացվեն ծրագրավորված, մասնագիտական խորհրդատվությամբ, միջազգային լավագույն փորձի հիման վրա։ Օրինակ՝ Վրաստանը վերջին տարիներին զգալի բարեփոխումներ է իրականացրել՝ ինտեգրելով էլեկտրոնային տոմսավորման համակարգ, մաքուր էներգիայով աշխատող ավտոբուսներ և հասանելի սակագնային մոդելներ։ Նույնը կարելի է ասել նաև Ուկրաինայի մասին, որը, դեռևս մինչ պատերազմի սկիզբը, փորձեց բարելավել տրանսպորտային ցանցը ԵՄ լավագույն ստանդարտներով։
Կարդացեք նաև
Մյուս կողմից՝ եվրոպական առաջատար երկրները, ինչպիսիք են Գերմանիան և Ֆրանսիան, նույնպես պարբերաբար վերանայում են իրենց քաղաքային տրանսպորտային համակարգերը՝ սոցիալական արդարությունը ապահովելու համար։ Գերմանիայում 2023-ին ներդրվեց 49 եվրոյանոց տոմսի համակարգը, որը թույլ է տալիս քաղաքացիներին անսահմանափակ տեղաշարժվել երկրի ողջ տարածքում, ինչը մեծապես նվազեցնում է հասարակության ֆինանսական բեռը։
Այնինչ, Երևանի իշխանությունները կրկին գործում են ինքնամեկուսացած ձևով՝ փոխանակ դիմելու փորձառու գործընկերների, փոխանակ ԵՄ առաքելությունից մասնագիտական աջակցություն խնդրելու։ Սա անհասկանալի և անթույլատրելի գործելակերպ է, հատկապես այն համատեքստում, երբ Հայաստանը պատրաստվում է նոր ռազմավարական շրջափուլի՝ ԵՄ-ի հետ ճանապարհային քարտեզի և գուցե DCFTA-ի շուրջ բանակցությունների մեկնարկին։