Լրահոս
Օրվա լրահոսը

Հուսանք՝ խաղաղության պայմանագիրը ՀՀ-ի եւ Ադրբեջանի համար կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք ընդունելի կլինեն. Վրաստանի ԱԳ նախարար

Հունվար 30,2025 12:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իբրեւ արտաքին գործերի նախարար առաջին անգամ եմ այստեղ, բայց սա իմ առաջին այցը չէ Երեւան: Ես եղել եմ այս գեղեցիկ քաղաքում եւ վստահ եմ, որ բազմաթիվ այլ հնարավորություններ դեռ կընձեռվեն, մեծ պատիվ կունենամ ձեզ հյուրընկալելու նաեւ Վրաստանում»,- ՀՀ արտգործնախարարությունում կայացած՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլի համատեղ ասուլիսի ժամանակ ասաց նախարար Բոճորիշվիլին:

«Մեր ռազմավարական գործընկերությունը հիմնված է բարեկամության, դարեր շարունակ ունեցած մեր սերտ հարաբերությունների, համագործակցության վրա, որոնք մեզ կապում են, այդ հիմքերը ամուր են մեր երկու ազգերի եւ երկրների միջեւ: Անշուշտ, այն շրջանակը, որը մենք արդեն իսկ անվանել ենք ռազմավարական գործընկերություն, նորանոր հնարավորություններ է ընձեռում է՛լ ավելի սերտացնելու մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Հայաստանն ավանդաբար մեր լավագույն 10 տնտեսական գործընկերների ցանկում է, մենք է՛լ ավելի մեծ հնարավորություններ ունենք մեր տնտեսական համագործակցությունը զարգացնելու: Մենք տեսնում ենք, որ շատ մեծ է միտումը զբոսաշրջության ոլորտում, շատերն են այցելում Վրաստան, եւ մենք անչափ ուրախ ենք լինում հյուրընկալելու նրանց»,-հավելեց Վրաստանի արտգործնախարարը:

Ի թիվս այլնի՝ նա խոսեց միջկառավարական նիստից, որը կնախագահեն երկու երկրների վարչապետները, կարեւորեց նաեւ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքները՝ երկկողմ հետաքրքրությունների առումով: Անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանում ընթացող գործընթացներին:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին մասնավորապես նշեց. «Վրաստանն այս տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն տեսնելու անկեղծ ցանկություն ունի։ Եվ մենք պատրաստակամ ենք անելու այն ամենը, ինչ կարող ենք՝ հասնելու համար այդ նպատակին, վստահ լինելու համար, որ մեր տարածաշրջանը կայուն է, խաղաղ եւ բարգավաճում է։

Հուսանք՝ խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի համար կամփոփվի այնպիսի դրույթներով, որ երկուստեք ընդունելի կլինեն։ Սա կարող է հիմք հանդիսանալ այս տարածաշրջանի կայունության, կայուն խաղաղության հասնելու համար։ Մեր տարածաշրջանի ներուժն օգտագործելու համար պետք է հիմնվել հենց այս հիմքի վրա: Այսպիսով, մենք պատրաստ ենք համագործակցելու մեր հարեւանների հետ»,- նշեց Վրաստանի արտաքին գործերի նախարարը։

Բոճորիշվիլին խոսեց նաեւ իր ձեւակերպմամբ՝ Ռուսաստանից եկող մարտահրավերներից, ասաց, որ  Ռուսաստանը բռնազավթել է Վրաստանի որոշ շրջաններ, ինչը մնում է ծանր խնդիր իր երկրի համար: Վրաստանի ԱԳ նախարարը նաեւ ընդգծեց, որ Հայաստանն ու Վրաստանը հաստատապես հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ թե երկկողմ, թե բազմակողմ հարթակներում։

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031