«2024 թ. Հայաստան-Վրաստան հարաբերություններն ունեցել են շոշափելի առաջընթաց, ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ենք ստորագրել միմյանց հետ, պաշտոնապես դարձել ենք ռազմավարական գործընկերներ: Իհարկե, պետք է խոստովանել, որ հարաբերությունները ե’ւ մեր երկու երկրների, ե’ւ երկու ժողովուրդների միջեւ դարեր ի վեր ռազմավարական գործընկերության բնույթ են կրել»,-ՀՀ արտգործնախարարությունում կայացած Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլի եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարարը:
Արարատ Միրզոյանի ձեւակերպմամբ. «Հարաբերությունների նոր որակը, նոր փաստաթուղթը նոր հնարավարություններ են բացում մեր առաջ՝ ե’ւ քաղաքական երկխոսության, ե’ւ տնտեսական համագործակցության, ե’ւ հումանիտար ու այլ ոլորտներում մեր գործընկերությունն ամրապնդելու առումով:
Նախարար Բոճորիշվիլիի հետ ամփոփել ենք նախորդ տարվա ընթացքում մեր երկրների համատեղ ձեռքբերումները, նախանշել՝ առաջիկա անելիքները, ուրախությամբ արձանագրել ենք, որ բարձրագույն եւ բարձր մակարդակներով Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կա իրական, լավ երկխոսություն, նաեւ երկու արտաքին գործերի նախարարությունների միջեւ կա մշտական կոնտակտ եւ խորհրդակցություններ… Չենք կարող չնշել այն հսկայական ներուժը, որ ունի Հարավային Կովկասը, այդ թվում Հայաստանն ու Վրաստանը: Երբ նշում ենք Հարավային Կովկասով տարանցման մասին, այդ թվում պետք է նշել նաեւ Ադրբեջանը»:
Նա անդրադարձավ նաեւ Խաղաղության խաչմերուկին. «Բոլորդ տեղյակ եք Հայաստանի Հանրապետության նախաձեռնությունից՝ Խաղաղության խաչմերուկից, որը ենթադրում է ակտիվ տնտեսական, տրանսպորտային համագործակցություն երեք երկրների միջեւ, նաեւ ավելի մեծ տարածաշրջանային համագործակցություն այլ երկրների մասնակցությամբ եւս: Այս նախաձեռնության շրջանակներում մենք արել ենք մի առաջարկ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ նաեւ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում: Պատրաստ ենք վերջնականացնել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մեր կառավարության դիրքորոշումը նույնն է, մենք նվիրված ենք եւ հետամուտ ենք լինելու խաղաղության օրակարգին»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում.
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ