Լրահոս
Օրվա լրահոսը

Դժգոհանք վարչապետի ցյուրիխյան հանդիպումից

Հունվար 30,2025 11:32

Վիգէն Չըթըրեան

Civilnet. Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջման մասին ռևիզիոնիստական մեկնաբանությունը քննադատության ալիք է բարձրացել: Ինձ հարցնում են, թե որպես հանդիպմանը ներկա մարդ՝ ինչ եմ մտածում այդ մասին և արդյոք կիսում եմ վարչապետի թեզը:

Հանդիպումը տեղի ունեցավ հունվարի 24-ին Ցյուրիխի հյուրանոցներից մեկում: Փաշինյանը Դավոսի ֆորումից էր գալիս և վերադառնում էր Երևան։ Տրամադրությունը լավ էր։

Ես հարցերի երկար շարք ունեի և պարզաբանումներ էի ակնկալում Հայաստանի Հանրապետության ղեկավարից: Առաջին ակնհայտ հարցը վերաբերում էր Հայաստանի անվտանգությանը՝ 2025-ն արդյոք ևս մեկ պատերազմի՞, թե՞ խաղաղության տարի կլինի: Դավոսում արդյոք եղե՞լ է հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Շվեյցարիայի արտգործնախարար Ինյացիո Կասժիսի միջնորդությամբ: Ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը Բաքվում պահվող հայ պատանդներին ազատելու համար: Ինչպե՞ս վերականգնել Հայաստանի և Սփյուռքի միջև վստահությունը դժվարին մի քանի տարիներից, պատերազմից և Արցախի կորստից հետո: Ես նաև ավելի կոնկրետ հարցեր ունեի, քանի որ Հայ Մշակութային և Գիտական Ընկերակցության (Armenian Society of Fellows, ASՕF) իմ գործընկերների հետ գիտության և կրթության զարգացման ուղղությամբ աշխատանքներում կուտակվել են բազմաթիվ դժվարություններ, որոնք վտանգավոր կերպով դանդաղեցնում են մեր ընդհանուր ջանքերը:

Ես ակնկալում էի, որ վարչապետը քաղաքական զրույց կունենա, մեզ կներկայացնի իր տեսլականը։ Զրույցը, սակայն, այլ ուղղությամբ գնաց:

2020-ի պատերազմից և Հայաստանի պարտությունից հետո Փաշինյանն անցնում է ռևիզիոնիզմի միջով, և Հայաստանի ներկայիս անվտանգության երկընտրանքին նրա պատասխանը կարելի է ամփոփել «Իրական Հայաստան» հասկացությամբ: «Ասելով հայրենիք, հասկանում ենք տարբեր բաներ»,- ասաց նա: Հետո անցավ տեսական քննարկման՝ ազգի, ժողովրդի, քաղաքացիների տարբերությունների և պետական շահերի սահմանման մասին: Նա տվեց «ժողովուրդ» հասկացության իրավական սահմանումը. հայ ժողովուրդը նրանք են, ովքեր քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում: Ասաց, որ եկել է եզրակացության, որ «պետության շահը պետության զարգացումն է, տնտեսական զարգացումը»։

Միջազգային հարաբերությունների և քաղաքագիտության տեսաբանները կվիճարկեին այս պնդումը: Աշխարհը հեռացել է «որոշիչը տնտեսությունն է, գրողը տանի» լիբերալ թեզից՝ հատկապես 2022-ին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո: Այժմ առաջնահերթը անվտանգությունն է, այն էլ իր հին՝ դասական իմաստով, ոչ թե պարզապես «մարդկային անվտանգությունը»:

Սփյուռք

Եթե «ժողովուրդն» իրավական սահմանում է, ապա ո՞վ է սփյուռքահայը, արևմտահայը:

Փաշինյանն անմիջապես անցավ Սփյուռքի խնդիրներին՝ ասելով, թե «Սփյուռքից ավելի մեծ արտագաղթ կա, քան Հայաստանի Հանրապետությունից»։ Եթե հիսուն տարի առաջ սփյուռքի իննսուն տոկոսը կապված էր ազգային կազմակերպությունների հետ, այսօր հակառակն է՝ միայն տասը տոկոսն է առնչվում սփյուռքահայ կազմակերպություններին: Ավելի ու ավելի քիչ մարդ է հաճախում եկեղեցի ու կապված է քաղաքական կուսակցությունների հետ: «Մենք այսօր Սփյուռքը կորցնում ենք, և Սփյուռքը փրկելու միակ տարբերակը Հայաստանի Հանրապետությունն է և մարդու ասոցացումը Հայաստանի Հանրապետության հետ՝ որպես հայրենիքի,- ասաց Փաշինյանը՝ հավելելով,- հայ կմնա նա, ով Հայաստանի Հանրապետությունը կհամարի իր հայրենիքը»:

Երկժամյա կարճ քննարկումը ազգային պետության քաղաքական առաջնորդների և Սփյուռքի միջև երեք տասնամյակ կուտակված թյուրըմբռնման վկայությունն էր:

Փաշինյանը քանիցս կրկնեց, որ մեզ անկեղծ քննարկում է հարկավոր: Սփյուռքում հայկական դպրոցների վերաբերյալ հարցին նա պատասխանեց՝ ասելով, որ Երևանը կարող է տրամադրել միայն մեթոդական աջակցություն, մնացածը Սփյուռքի պատասխանատվությունն է:

Վարչապետի այս հայտարարությունը ազդանշան պետք է լինի Սփյուռքի որոշում կայացնողների համար, որոնք լքել են իրենց համայնքները, փակել դպրոցները, կրճատել թերթերի ֆինանսավորումը, դադարեցրել արևմտահայ գրականության ֆինանսավորումը և հեռացել նոր սերնդի խնդիրներից: Բոլոր ծրագրերը Հայաստանում կենտրոնացնելը մեզ ոչ մի լուծում չբերեց, մի բան, որ պետք է իմանայինք դեռ 1990-ականների կեսերից: Բայց Սփյուռքի թուլությունը նաև Հայաստանի՞ խնդիրը չէ: Եթե սփյուռքը ազգային պետության ռազմավարական խորքն է, հայ քաղաքական գործիչները պե՞տք է արդյոք ևս մտածեն, թե ինչու է տեղի ունենում «արտագաղթը սփյուռքից». և ինչ կարելի է անել դրա վերաբերյալ: Ինչո՞ւ հայկական պետությունը 34 տարվա ընթացքում վիթխարի այս խնդրի վերաբերյալ սոցիոլոգիական գեթ մեկ ուսումնասիրություն չի պատվիրել:

«Մեր ինքնությունը ձևավորվում է Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Փաշինյանը: Սփյուռքը հետազոտող սոցիոլոգը կհամաձայնի՞ վարչապետի այս պնդմանը:

Անկախությունից 34 տարի անց Հայաստանի պետության ղեկավարը պետք է իմանար, որ անհնար է սփյուռքյան փորձը, հավաքական ինքնությունը և քաղաքական համախմբումը հանգեցնել պարզապես Հայաստանի Հանրապետության փոփոխվող քաղաքականությանը ծառայելուն: Սփյուռքի ինքնությունը չի կարող սահմանվել Երևանում (ակնհայտորեն՝ հակառակը նույնպես ճշմարիտ է), և դա անելու ցանկացած փորձ վիրավորանք է հայկական սփյուռքի զգացմունքներին: Սփյուռքի հարստությունը նրա՝ աշխարհով մեկ տարածված օրգանական, հարափոփոխ սոցիալական ձևերն են, որոնց արմատները պատմության խորքն են ձգվում տասը դար, այսինքն՝ շատ ավելի վաղ, քան ժամանակակից ազգային պետության ծնունդը:

Ցեղասպանություն

Հանդիպմանը վարչապետն անդրադարձավ նաև Ցեղասպանությանը, ինչը բուռն քննադատություն է հարուցել: «Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել»,- ասաց նա՝ ակնարկելով, թե խորհրդային առաջնորդներն են որոշել ցեղասպանություն եզրույթը շրջանառել՝ իրենց քաղաքական շահերից ելնելով:

Այս թեզը որևէ կերպ չի կարող հիմնավորվել Հայոց ցեղասպանության հարուստ պատմագրությամբ:

Հայկական փորձի հարստություններից մեկն այն է, որ մենք գիտենք, թե ինչու և ինչպես կարող է ցեղասպանություն տեղի ունենալ, և որոնք են պատմական նման իրադարձության հարյուրամյա ժխտման գինը: Հայկական փորձը կարող է օգնել մարդկությանը՝ խուսափելու նման աղետներից և նույնիսկ գոյատևելու ու պահպանելու զոհ դարձած ժողովրդի հիշողությունը ժխտողական պետությունների դեմ հանդիման: Անգամ այն ժամանակ, երբ ջարդերը դեռ շարունակվում էին, հայերը փաստագրում էին այդ հանցագործությունները։ Արամ Անտոնյանը, ինքը լինելով տարագիր սիրիական անապատում, փաստագրում էր ցեղասպանությունը։ Նրա հավաքածուն Փարիզի Նուբարյան գրադարանի արխիվի հիմքն է։ Նույնն է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարանի հավաքած փաստաթղթերի պարագայում։ Կովկասում հայ մտավորականները, օրինակ՝ Զապել Եսայանը և Հովհաննես Թումանյանը, որպես ականատես գրի էին առնում ռուսական տարածք հասած տարագիրների վկայությունները։ Այդ արձանագրությունները կարելի է գտնել Հայաստանի ազգային արխիվում: Մենք մանրամասն գիտենք, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին. յուրաքանչյուր երկրորդ հայ սպանվել է Օսմանյան պետության կողմից։ մենք գիտենք, որ 200,000 փախստական, որոնք 1918-ին հասել էին ներկայիս Հայաստան, սովամահ են եղել: Հայաստանի արտգործնախարարության կայքը տեղեկացնում է, որ 1912-1913 թվականներին Օսմանյան կայսրությունում կար ավելի քան 2,300 հայկական եկեղեցի ու վանք. այժմ կա ընդամենը 36 գործող հայկական եկեղեցի և 300 ավերակ։ Մնացածը բնաջնջված է: Հայերը գիտեն, թե ինչ է ցեղասպանությունը. մենք չենք սպասել մինչև 1950-ականները դա ուրիշներից իմանալու համար:

Փաշինյանը քաղաքական գործիչ է, ոչ թե պատմաբան: Նրա ասածները պետք է դիտարկել 2020-ի պարտության, Հայաստանի ռազմավարական մեկուսացման, Արցախի էթնիկ զտման և արևելքից ու արևմուտքից հարևանների շարունակվող սպառնալիքների համատեքստում: Հայաստանին հարկավոր են ստեղծագործ մոտեցումներ, լուծումներ իր անվտանգության մարտահրավերների համար, ինչը հեշտ խնդիր չէ: Սակայն 1915-ի Ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնելը Հայաստանի ռազմավարական մարտահրավերների պատասխանը չէ։ Ընդհակառակը, դա միայն ավելի շատ ցավ կպատճառի հայերին և վնաս՝ Հայաստանի պետական շահերին:

Ես հետազոտություն եմ արել Ցեղասպանության և դրա ժխտման հետևանքների վերաբերյալ իմ «Բաց վերքեր» (Open Wounds) գրքում` ոչ միայն հայերի, այլև Թուրքիայի համար: Կարող եմ հավաստիացնել, որ եթե անգամ հայերը փակեն իրենց աչքերը, անցյալն իր ողջ դաժանությամբ չի անհետանա: Թուրքական պետությունը կշարունակի հիշել: Հետազոտելով հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը 1991-ից ի վեր՝ կարելի է տեսնել, նման պատկերացումները սին են:

Գիտություն և կրթություն

2020-ի պատերազմից հետո, ինչպես ասաց Փաշինյանը, Հայաստանը պետք է վերափոխվի «կրթության և աշխատանքի միջոցով»:

Լավ կլիներ, որ վարչապետի հետ մենք ավելի շատ խոսեինք սրա, քան ինքնության քաղաքականության մասին: Սփյուռքի և Հայաստանի գիտնականների և ակադեմիականների խմբի հետ մենք հանգել ենք նույն եզրակացությանը և ստեղծել ենք ASOF-ը, որն այժմ արդեն ավելի քան 350 անդամ ունի:

Հայաստանի կառավարության և կրթական հաստատությունների հետ երեք տարվա աշխատանքի արդյունքում մենք կոնկրետ գիտելիքներ ենք կուտակել Հայաստանի պետական և կրթական համակարգի դժվարությունների ու բարեփոխումների ընթացքի մասին: Ես վարչապետին բերեցի մեկ օրինակ՝ սուպերհամակարգչի հարցը, որը Հայաստանը հանրային միջոցներով Nvidia-ից գնել է 8,5 միլիոն դոլարով, իսկ Սփյուռքից մի քանի անհատ անգնահատելի օգնություն է ցուցաբերել գործարքը հնարավոր դարձնելու համար: Սուպերհամակարգիչը անհրաժեշտ ենթակառուցվածք է Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, արհեստական բանականության հետազոտությունների համար։ Այն ոչ միայն տնտեսական և գիտական նշանակություն ունի, այլև անմիջականորեն առնչվում է երկրի անվտանգությանը: Գնումների խրթին կանոնակարգերի պատճառով այս գործարքն արդեն վեց ամսով ուշացել է։ Նույնիսկ երկու տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո հաստատությունը, որը պետք է տեղակայի սուպերհամակարգիչը, պատրաստ չէ դրան, իսկ վարչական ընթացակարգերը սարքը կարող են անգործության մատնել ևս 9-12 ամսով, ինչը Հայաստանին կպատճառի 3 մլն դոլարի կորուստ: Վարչապետի հրահանգը՝ ստեղծելու տվյալների կենտրոն, որը կտեղակայի սուպերհամակարգիչը, կարող է կրճատել երկար և անհարկի ուշացումները:

Սա խնդիրների երկար շարքից մեկն է։ Հայաստանը հրատապ կարիք ունի բարեփոխելու իր վարչական ընթացակարգերը՝ ստեղծելով ուղղակի կապեր ASOF-ի նման կազմակերպությունների հետ։ Անհրաժեշտ է հաղթահարել բյուրոկրատական մեքենան և ապահովել ոչ միայն առանձին ծրագրերի հաջողությունը, այլև զարգացնել աշխատանքի նոր և արդյունավետ մշակույթ:

Վարչապետի պատասխանը բավարար չէր։ Ընդունելով, որ Հայաստանի պետական հաստատությունները դանդաղ են աշխատում՝ նա ասաց, որ այլ կառավարություններ նույնպես նման խնդիրների են բախվում: Նա բերեց Ջեյմս Ուեբ աստղադիտակի (James Webb Space Telescope) օրինակը՝ ամենամեծ աստղադիտակը, որը տարիներով ուշացումներ է ունեցել և գերազանցել է սկզբնական բյուջեն: Համեմատությունը, սակայն, տեղին չէ: Ջեյմս Ուեբը հեղափոխական նորարարություն է: Սուպերհամակարգիչ գնելը՝ ոչ:

Փաշինյանն ասաց, որ չնայած թերություններին՝ իր կառավարությունը վճռական է առաջ շարժվելու և սովորելու սեփական սխալներից:

Այնուամենայնիվ, սա պետք է արվի պրոֆեսիոնալ կերպով և ոչ թե փորձարկումների միջոցով, ինչպես Փաշինյանն էր պնդում. «Ուրիշի սխալի վրա հնարավոր չէ սովորել, ուրիշի սխալը ուրիշի սխալն է»։

Եթե Հայաստանը որոշի ունենալ արդիականացման հավակնոտ ծրագիր, ապա այն կգտնի անհրաժեշտ ռեսուրսները Սփյուռքում: Անիվ հայտնագործելու կարիք չկա. մենք ունենք կրթական բարեփոխումների փորձագետներ, բարձրագույն կրթության կենտրոններ հիմնելու և կառավարելու մասնագետներ, մենք ունենք պատմաբաններ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, և սոցիոլոգներ, որոնք հասկանում են, թե ինչ են Սփյուռքը և խմբային ինքնությունների փոփոխման նրբերանգները, մենք ունենք միջնորդության և բանակցությունների փորձագետներ, ռազմավարական հաղորդակցության մասնագետներ և շատ ուրիշներ:

Ժողովրդավարական համակարգում պետության ղեկավարը կարիք չունի արտահայտվելու, թե ինչ է և ինչ չէ պատմությունը։ Ոչ էլ կարիք կա մշակելու լեզվաբանական տեսություններ և մշակույթի հարցում սեփական ճաշակը պարտադրելու հասարակության մնացած մասին: Հանրապետությունը կառավարվում է ինստիտուտների գործունեությամբ, որտեղ քաղաքական ընտրությունները պետք է հիմնված լինեն ապացույցների, այլ ոչ թե ենթադրությունների և անձնական կարծիքների վրա: Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխել քաղաքական ոլորտը՝ Սփյուռքում, բայց առավել հրատապ՝ Հայաստանում:

Որպես հայ՝ մենք ունենք ժամանակակից առաջին ցեղասպանության զոհ լինելու ժառանգության հետ կապված խնդիր, բայց դա քաղաքական և անվտանգության սպառնալիք է, ոչ թե պատմական: Մենք հավաքականորեն պետք է պատասխանենք հարցին՝ ինչ անել նման ժառանգության հետ՝ ժխտողական Թուրքիայի, ագրեսիվ Ադրբեջանի, ցինիկ Ռուսաստանի և անտարբեր Արևմուտքի դեմ հանդիման: Մենք պետք է ձևակերպենք այս պատասխանը 2020-ի պարտությունից հետո և Բայդենից հետո, որը արտասանեց G-բառը, բայց նրա պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անտարբեր մնաց Արցախի էթնիկ զտման և Գազայում շարունակվող պատերազմի նկատմամբ:

Հաջորդ անհրաժեշտ քայլը քաղաքական պատասխանն է, որը պետք է տրվի հավաքականորեն և ոչ թե առանձին առաջնորդի կողմից: Հայաստանի քաղաքական առաջնորդները չեն լուծի այս խնդիրը՝ հարցականի տակ դնելով 1915-ի ցեղասպանության պատմությունը:

Վիգէն Չըթըրեանը հեղինակ և լրագրող է։ Նա միջազգային հարաբերություններ է դասավանդում Ժնևի համալսարանում և Ժնևի Վեբստեր համալսարանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031