Իջեւանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը հունվարի 27-ին արտահերթ նիստ է անցկացրել` օրակարգում ընդգրկելով ընդամենը 1 հարց. «Տալ հավանություն ՀՀ Տավուշի մարզի Տավուշ-2 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Իջեւան համայնքի Կիրանց բնակավայրի գլխավոր հատակագծի (կենտրոնական մասի վերակառուցման եւ նոր կառուցվող թաղամասի մանրամասն գոտեւորման /մաստեր պլանի՝ հասարակական, բնակելի կառույցների էսքիզային առաջարկների ներառմամբ) նախագծման առաջադրանքին»:
Հաշվի առնելով այն, որ համայնքապետարանի մեծամասնությունը ՔՊ-ականներ են, 15 կողմ եւ 3 դեմ ձայներով որոշումն ընդունվել է: Նախագծին դեմ են քվեարկել ավագանու ՀՅԴ-ական անդամները: Մեկը՝ Ռաչիկ Եպիսկոպոսյանը, որը մեզ հետ զրույցում ասաց, որ ավագանու նիստ են արել առանց քարտեզի եւ հատակագծի. «Օրակարգում 1 հարց է եղել, թույլտվություն տանք, որպեսզի փոփոխություն անեն Կիրանցի հատակագծում: Քանի որ քարտեզը չունեին, չէին ներկայացրել, թե ինչ տարածքի մասին է խոսքը, մենք չհամաձայնեցինք, քանի որ չգիտենք՝ նո՞ր սահմաններով է, թե՞ հին: Իրենք պարզաբանում են, որ մենք ընդամենը թույլտվություն ենք տալիս, որ փոփոխություն կատարեն տարածքում` թաղամաս կառուցելու համար: Իսկ էն տարածքները, որ տվել են Ադրբեջանին, պատճառաբանում են, որ այդ տարածքները մեր բալանսում չեն եղել, բայց էդպիսի բան գոյություն չունի, մենք չենք ուզում, որ մեր համայնքից, մեր տարածքից այլեւս 1 քառակուսի մետր զիջեն թշնամուն»: Եպիսկոպոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ են կառուցում, որ ընտանիքների համար են կառուցում նոր թաղամասը։ «Դե, կոնկրետ ինչ-որ ընտանիքի համար չէր»:
Ավագանու նիստում օրակարգը զեկուցել է Իջեւանի համայնքապետարանի քաղաքաշինության, հողաշինութան, գյուղատնտեսության եւ բնապահպանության բաժնի պետ Արթուր Այդինյանը: «Կիրանց բնակավայրում նախկին հատակագծի մեջ ուզում են փոփոխություններ անեն, նախագծման առաջադրանք են ուղարկել, որպեսզի համաձայնենք, նախագիծ կազմենք»,- մեզ հետ զրույցում ասաց Արթուր Այդինյանը: Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։ «Նոր գլխավոր հատակագիծ պետք է գյուղի համար սարքվի, սահմանազատումից հետո Կիրանցը հատակագիծ չի ունեցել: Գլխավոր հատակագիծը եղել է 2019 թվականին, հիմա հատակագծի մեջ փոփոխություններ են կատարվել»: Իսկ սահմանազատումն ինչի՞ հիման վրա եղավ, եթե հատակագիծ էլ չուներ գյուղը։ «Դե, սահմանազատում եղավ, հիմա նոր հատակագծի մեջ փոփոխություններ կլինեն»:
Ստացվում է, որ առանց նոր հատակագծի սահմանազատում եք կատարել, որքան ուզել է Ադրբեջանը, այնքան տվել եք։ «Դա ես չեմ կարող ասել, դա պետական մակարդակի հարցեր են լուծել, ես չեմ կարող ասել` ոնց են արել, ինչ են արել, տեղյակ չեմ ես»:
Կարդացեք նաև
Նելլի Կարապետյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: