Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ, որոնք ներկայանում են քաղաքացիական հասարակության անունից, չեն ներկայացնում այն իրավիճակը, որն առկա է Հայաստանում. Նինա Կարապետյանց. «Հրապարակ»

Հունվար 30,2025 11:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հրապարակի» զրուցակիցը «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է:

– Տիկին Կարապետյանց, մենք տեղեկացանք, որ վերջին մասնագիտական քննարկումներից մեկի ժամանակ Դուք եւ այլ իրավապաշտպաններ մտահոգություն եք հայտնել, որ ձեր եւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի զեկույցներն էապես տարբերվում են, Դուք եւ այլ իրավապաշտպաններ ձեր զեկույցներում նշում եք, որ Հայաստանում ավտորիտար ռեժիմ է գործում, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ ու հալածյալներ, մարդիկ, ովքեր իշխանությանը քննադատելու կամ հավաքներ ու երթեր անելու համար ոստիկանների կողմից խոշտանգվում են եւ այլն, իսկ Դանիել Իոաննիսյանն իր զեկույցներում գրում է, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ավելին` տարեցտարի ժողովրդավարությունը զարգացում է ապրում: Իսկ միջազգային կառույցները նրա տեղեկատվությունն են հիմք ընդունում: Կա՞ նման երեւույթ:

– Հանրային հարթակներում հնչող տեսակետները միայն բավական են, որ հասկանանք, թե ոմանք ում շահերն են սպասարկում, բայց անկեղծ կլինեմ` ես չգիտեմ, թե Դանիել Իոաննիսյանն ինչ զեկույցներ է ներկայացնում, թեպետ դրանք փակ չեն, եւ ազատ կարող ենք ծանոթանալ նաեւ դրանց: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, ապա մի խումբ փոքրաթիվ մարդկանց եւ մեր միջեւ կա տարաձայնություն: Նրանք մարդիկ են, ովքեր ներկայանում են քաղաքացիական հասարակության անունից, եւ խոսքը միայն Դանիել Իոաննիսյանի մասին չէ բնավ: Այդ մարդիկ ակնհայտորեն չեն ներկայացնում այն իրավիճակը, որն առկա է Հայաստանում, կամ էլ ներկայացնում են, սակայն թերի, ոչ լիարժեք: Այն աշխատանքը, որ արվել է առաջ եւ արվում է հիմա` նրանց կողմից, այսօրվա գնահատականների հետ աղերս չունի:

– Արդյունքում միջազգային կառույցների հետ աշխատելիս խնդիրներ չե՞ն առաջանում: Թերեւս դուք մի բան եք ասում, նրանք` բոլորովին այլ, բայց իրականությունը բոլորս տեսնում ենք:

– Ցանկացած երկիր, պետություն, քաղաքականություն, իրավիճակն օգտագործում է այնպես, ինչպես ձեռնտու է իրեն այդ պահին: Կան երկրներ, որոնց այսպիսի Հայաստան տեսնելը ձեռնտու է, ուստի մեզ լսելու փոխարեն կնախընտրեն իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ստանալ: Բայց իմ խնդիրը ոչ թե ինչ-որ մեկին հաճոյանալն ու դուր գալն է կամ ֆինանսավորում ստանալը, այլ` իրականությունը բացահայտելը: Մեր գործն իրականությունը ցույց տալն է, Հայաստանի շահերը պաշտպանելն է: Իսկ թե ով ինչ է անում, անկեղծ ասած, արդեն ինձ չի էլ հետաքրքրում: Ֆիզիկապես հազար ֆրոնտով էլ չենք կարող պատերազմել ու պայքարել: Ավելի արդյունավետ է ալտերնատիվ տեսակետներ ներկայացնելը: Մենք, որպես կազմակերպություն, իրականում լուրջ խնդիրներ ունենք:

– Ի՞նչ խնդիրներ:

– Խնդիրներ՝ կապված այն բանի հետ, որ կառույցը մարգինալացվում է, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հասարակական կազմակերպություններն ունեն ֆինանսական դոնորներ: Մենք շատ հաճախ դրանք հայթայթելու դժվարությունների առաջ ենք կանգնում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031