Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը կարևոր ու արժեքավոր ներդրում է հայ երաժշտագիտության մեջ

Հունվար 30,2025 11:05

Օրերս ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը (տնօրեն՝ Վաչե Հովակիմյան) լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գի­տաշ­խա­տող, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության անդամ, ՀՀ ար­վես­տի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը, որը նվիրված է Հայաս­տա­նի ժողովրդական արտիստ, անվանի կոմպոզիտոր Տիգրան Եղիա­յի Մանսուրյանի ծննդյան 85-ին ամյակին։

Մենագրության հեղինակ Աննա Արևշատյանը

Աշխատությունը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական գործունեության ուսումնասիրությանը նվիր­ված առաջին գիտական հետազոտությունն է, որտեղ հեղինակը քննության է առել կոմպոզիտորի բազմաժանր ստեղծա­գոր­ծությունը, նրա առնչությունները ժամանակակից համաշխարհային երաժշտությանը, հա­մագործակցությունը մի շարք երևելի երաժիշտ-կատարողների հետ, ինչպես նաև` կոմ­պոզիտորի գեղագիտական հայացքները:

Աննա Ասատրյան

Մենագրությունը ներկայացնելու համար խոսք խնդրեցինք ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր,պրոֆեսոր Աննա Ասատրյանից:

«Տիգրան Մանսուրյանի մասին, բնականաբար, մենագրություն կարող էր գրել հայ երաժշտագետներից յուրաքանչյուրը, ով զբաղվում է ժամանակակից երաժշտության ուսումնասիրության հարցերով։ Սակայն նախախնամության կամոք՝ կոմպոզիտորի մասին առաջին գիտական ուսումնասիրության հեղինակը դարձավ պրոֆեսոր Աննա Արևշատյանը։

Առաջին հայացքից թվում է զարմանալի, քանի որ Աննա Արևշատյանի երաժշտագիտական գլխավոր ներդրումը երաժշտական միջնադարագիտության, հայ հոգևոր երաժշտության պատմության ու տեսության, գեղագիտության հարցերի ուսումնասիրության ասպարեզում է։ Միևնույն ժամանակ՝ դեռևս երիտասարդ տարիքում դառնալով Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ՝ երիտասարդ երաժշտագետն ակտիվ զբաղվել է երաժշտական քննադատությամբ և նրա գիտական հետաքրքրությունների ոլորտում է գտնվել նաև հայ ժամանակակից երաժշտությունը։ Երևի դրա գլխավոր «մեղավորը» նրա կյանքի հավատարիմ ընկերն է՝ կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը։

Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությանն առաջին անդրադարձը Արևշատյանն արել է դեռևս 1976 թվականին՝ «Սովետական արվեստ» հանդեսում հրատարակված իր «Ոչ ավանդական անսամբլները հայ կամերային երաժշտության մեջ» հոդվածում, որտեղ քննության է առել նաև կոմպոզիտորի ստեղծագործությունը։

Տարիներ անց՝ «Երեկոյան Երևան» թերթի 1989 թվականի հունվարի 30-ի համարում կոմպոզիտորի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ հրատարակվել է Արևշատյանի «Անցյալը, ներկան և ապագան կամրջող․ Տիգրան Մանսուրյանը 50 տարեկան է» հոբելյանական հոդվածը։

Այլ խոսքով՝ Մանսուրյանի ստեղծագործական գործունեությունը միշտ գտնվել է երաժշտագետի տեսադաշտում։ Հետագա տարիներին նա հեղինակել է տասնյակ գիտական հոդվածներ, իսկ բոլորովին վերջերս էլ՝ 2025 թվականի հունվարի 9-11-ը Ժնևում և Լոզանում (Շվեյցարիա) Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության (AIEA) կազմակերպած 16-րդ գիտաժողովում հանդես է եկել «Տիգրան Մանսուրյանի նորօրյա շարականերգությունը» թեմայով զեկուցումով՝ ֆրանսերեն լեզվով։

Նկատենք նաև, որ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը ներծծված է հայ միջնադարյան պոեզիայով և հոգևոր երգաստեղծությամբ։ Դեռևս իր ստեղծագործական վաղ շրջանում՝ 1967-ին նա ստեղծեց «Չորս հայրեն» Նահապետ Քուչակի խոսքերով՝ ձայնի և դաշնամուրի համար։ Հայ միջնադարյան պոեզիայի հանդեպ իր հետաքրքրությունը կոմպոզիտորը մշտապես պահպանեց՝ մինչև մեր օրեր։ Դրա խոսուն վկաներն են Մաշտոցի ապաշխարության երկու շարականների խոսքերի հիման վրա ստեղծված «Օրհներգ – Նաւապետ բարի» երկը՝ բարիտոնի, խառը երգչախմբի և լարային նվագախմբի համար (2022) և «Տասը հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»՝ a cappella երգչախմբի համար (2023)։

Եվ ահա միջնադարագետ-երաժշտագետ Աննա Արևշատյանը քայլ առ քայլ հասավ իր երաժշտագիտական պրպտումների տրամաբանական հանգրվանին և սեղանին դրեց այս մենագրությունը, որի վրա նա աշխատել է վերջին մի քանի տարիների ընթացքում։ Այս գիրքը ծնվել է բոլորիս աչքի առաջ։

Աշխատության առաջին՝ «Տիգրան Մանսուրյանը կյանքի հոլովույթում» գլխում հեղինակը ուրվագծում է կոմպոզիտորի կենսագրությունը՝ գիտական շրջանառության մեջ դնելով նոր փաստեր և կենսագրական տվյալներ։

Երկրորդ՝ «Տիգրան Մանսուրյանը և 20-րդ դարի երաժշտական ժառանգությունը» գլխում Արևշատյանը ներկայացնում է Տիգրան Մանսուրյանին ժամանակակից երաժշտության համատեքստում։

Հաջորդ 6 վերլուծական գլուխներում երաժշտագետը քննության է առնում կոմպոզիտորի ստեղծագործական ժառանգությունը, մասնավորապես՝ վոկալ-գործիքային ստեղծագործությունը (Երրորդ գլուխ), խմբերգային և վոկալ-սիմֆոնիկ գործերը (Չորրորդ գլուխ), գործիքային մենանվագ և անսամբլային երկերը (Հինգերորդ գլուխ), գործիքային կոնցերտները (Վեցերորդ գլուխ), Սիմֆոնիկ ստեղծագործությունները (Յոթերորդ գլուխ) և կինոերաժշտությունը (Ութերորդ գլուխ)։ Իններորդ գլխում հեղինակը ներկայացրել է Տիգրան Մանսուրյանի գեղագիտական հայացքները։

Աշխատությունը եզրափակվում է վերջաբանով, որը միջնադարագետ-երաժշտագետը շարադրել է՝ հավատարիմ մնալով հայ միջնադարյան «Հարցմանց գրքերի» շարադրման սկզբունքին։

Մենագրությանը մի առանձին հմայք են հաղորդում լուսանկարները, որոնց մեծ մասը նույնպես գիտական շրջանառության մեջ է դրվում առաջին անգամ։

Աշխատության կարևոր արժանիքներից են հեղինակի կողմից կազմված և առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների ցանկը՝ ըստ ժանրերի, և կոմպոզիտորի մասին առկա մատենագիտությունը, որը բավական ընդգրկուն է և «բազմալեզու»։

Այսպիսով՝ Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը կարևոր ու արժեքավոր ներդրում է հայ երաժշտագիտության մեջ։ Լինելով կոմպոզիտորի ստեղծագործության համակողմանի ուսումնասիրությանը նվիրված առաջին գիտական աշխատանքը, այն, միևնույն ժամանակ, հուսալի հիմք կդառնա և լայն հորիզոններ կբացի հետագա հետազոտությունների համար։ Վստահ եմ, որ այս մենագրությունը մեծ ոգևորություն է պատճառելու անվանի կոմպոզիտորին և մղելու նորանոր ստեղծագործական սխրանքների»,-ներկայացրեց Աննա Ասատրյանը։

Վերջում ավելացնենք, որ աշխատության խմբագիրն է արվեստագիտության դոկտոր Լևոն Հակոբյանը (Մոսկվա), գրախոսներն են արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանն ու արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը։

Նշենք նաև գրքի և կազմի պրոֆեսիոնալ ու բարձրաճաշակ ձևավորումը, որն իրականացրել է աշխատության հեղինակի շնորհաշատ դուստրը՝ դիզայներ Նվարդ Երկանյանը։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031