Տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու՝ իշխանությունների որոշումն առաջին իսկ պահից որակվեց՝ որպես «հետքայլ»։ Ֆորմալ առումով դա, իհարկե, հետքայլ է, որովհետև հետևում է ընդամենը երկու օր առաջ Երևանի քաղաքապետի հնչեցրած հայտարարությանը, թե «ոչ մի հետքայլ չի անելու»։
Մյուս կողմից, առնվազն բացառելի չէ, որ այս ընթացքը նախապես հաշվարկվել էր իշխանությունների կողմից և հանրային բողոք գեներացնելով ու հետքայլ կատարելով՝ փորձ արվեց «ժողովրդի մասին մտածող, ժողովրդին լսող» իշխանության կերպար ձևավորել։ Սակայն եթե անգամ այս սցենարը կանխատեսված էր, դա որևէ կերպ չի արժեզրկում հանրային դժգոհության, դեռևս տեղային ակցիաների՝ զանգվածային բողոքի վերածվելու ներուժի կարևորությունը, որն անկախ ամեն ինչից՝ ազդել է իշխանության գործողությունների վրա։ Իսկ դա նշանակում է, որ տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցում «հետքայլ» արած իշխանությունն այդպիսով ակամայից ցույց տվեց հանրության ոչ թե ուժը, այլ թուլությունը՝ ավելի մեծ համապատկերում և ավելի գլոբալ գործընթացների առումով։
Այսինքն՝ եթե ճիշտ է վարկածը, որ իշխանությունը նահանջեց իր որոշումից՝ զգուշանալով հանրային մեծ ընդվզումից, նշանակում է, որ, եթե հասարակությունը մինչև այսօր տեղի ունեցած բազմաթիվ գլոբալ ու տեղային խնդիրների հետ կապված՝ ցուցաբերեր համանման վարքագիծ, գործող իշխանության աղետալի որոշումների առնվազն մի մասը կյանքի չէր կոչվի։
Այլ կերպ ասած՝ եթե հասարակությունը տրանսպորտի ուղեվարձի խնդրի նման նախանձախնդիր լիներ, օրինակ, անվտանգային հարցերի առնչությամբ ևս, ապա պայմանականորեն Ադրբեջանին չէր հանձնվի Գորիս-Կապան ավտոճանապարհը, հանրության մեջքի հետևում կայացված որոշումների արդյունքում թշնամուն չէին հանձնվի բազմաթիվ ռազմավարական դիրքեր, և այդպես շարունակ։
Իսկ եթե մի փոքր ավելի խտացնենք գույները, ապա այսօր Արցախում դեռևս կարող էին հայեր ապրել, եթե Արցախի շրջափակման 10 ամիսների ընթացքում նույն Երևանի բնակիչները 10 կամ 100 օր բողոքի ցույցեր կազմակերպեին՝ իշխանությունից պահանջելով անել անհնարինը՝ Լաչինի միջանցքը բացելու համար։
Այս ամենով հանդերձ, տրանսպորտի ուղեվարձի հարցում հետքայլը կարևոր նշանակություն ունի և կարող է թմբիրից հանել հասարակությանը, հատկապես, որ հիմա իշխանությունը պարտադրում է մարդկանց ֆինանսական բեռն ավելացնող միանգամից մի քանի խայտառակ որոշումներ՝ սկսած գույքահարկի բազմապատիկ թանկացումից, մինչև եկամուտների համընդհանուր հայտարարագրման անվան տակ հարկային բեռի ավելացում։
Հասարակությունն, ահա, կարող է այս փոքր «հետքայլն» օգտագործել՝ առաջին հերթին հասնելով տրանսպորտի ուղեվարձի 100 դրամ սակագնի պահպանմանը, զուգահեռաբար պայքարը շարունակելով նաև սոցիալական ու ֆինանսական ուղղվածություն ունեցող մյուս բոլոր որոշումների դեմ։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։