Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Նահապետյան. Նիկոլ Փաշինյանը ինֆորմացիոն դաշտը լցնում է սեփական օրակարգերով. «Հրապարակ»

Հունվար 30,2025 10:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանը թերեւս առաջնորդվում է հայտնի սկզբունքով, որ սեւ փիառն էլ է փիառ, եւ իր ակտիվությամբ ինֆորմացիոն դաշտը ոչ միայն լցնում է, այլեւ օրակարգեր է թելադրում. «Մենք հստակ տեսնում ենք, թե Նիկոլ Փաշինյանն ինչ խնդիր է դրել իր առջեւ՝ նա դրել է օրակարգեր ձեւավորելու, օրակարգեր զավթելու խնդիր եւ, ինչպես միշտ, այն արդյունավետ է իրականացնում»։

Նահապետյանն օրինակ է բերում տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալից հայտարարություններին Փաշինյանի արձագանքը. «Նիկոլ Փաշինյանի առաջին արձագանքն այն էր, որ այդ հայտարարություններին լուրջ մի վերաբերվեք, անհանգստանալու առիթ չկա, հորդորում է՝ մի խոսեք այդ մասին։ Մի քանի օր հորդորելուց հետո, երբ տեսնում է, որ մարդիկ շարունակում են խոսել, ասում է. լավ, տեսեք՝ ձեզ այնքան թեմա կտամ, որ… Ու շրջանառում է թեմաներ, զբաղեցնում հանրությանը։ Այնպես որ, նա բավականին էֆեկտիվ քարոզիչ է, լավագույնս իրականացնում է իր առջեւ դրած նպատակներն ու խնդիրները, ավելին՝ բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ շեղել ուշադրությունն Ալիեւի սպառնալից հայտարարություններից, այլեւ այնպես փակեց դաշտը, որ միայն հպանցիկ քննարկվեցին իր էական մի քանի զիջումները՝ ի պատասխան Ալիեւի ագրեսիվ հայտարարությունների»։

Նահապետյանի խոսքով, ճիշտ է՝ իր ակտիվությամբ Նիկոլ Փաշինյանը վարկանիշի հարց չի լուծում` նրա վարկանիշը չի բարձրանում, սակայն ոչ պակաս կարեւոր խնդիր է լուծում՝ ինֆորմացիոն դաշտը լցնում է սեփական օրակարգերով․ «Ինքը կոնստանտ ձայների քանակ ունի, ինքն ընտրություններին հետեւյալ խնդիրներն ունի` որ ընտրողների մասնակցությունը քիչ լինի, որպեսզի իր կոնստանտ ձայները մեծ տոկոս կազմեն, եւ երկրորդ՝  որ իր մրցակիցները տրոհված օրակարգերով, ճամբարներով լինեն, որպեսզի թե՛ մարդ չկարողանան բերել ընտրությունների, թե՛ ընտրողի քվեն տրոհեն իրենց մեջ։ Փաշինյանը, կարծում եմ՝ մեծ իլյուզիաներ չունի, որ այնպիսի քարոզչություն է անելու, որ 50 պլյուս տոկոս մարդկանց սրտերի տիրակալը դառնա, ինքը շատ լավ հասկանում է՝ ինչ խնդրի առաջ է կանգնած, եւ լուծում է այդ խնդիրը»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031