Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն վավերացրեց վրացական պատվիրակության լիազորությունները՝ պայմանով․ ինչպես քվեարկեցին հայ պատգամավորները

Հունվար 29,2025 23:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հրատապ ընթացակարգով հրավիրված բանավեճից հետո Վեհաժողովը որոշեց պայմանով վավերացնել ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության լիազորությունները և այդ հարցը կրկին քննարկել 2025-ի ապրիլին կայանալիք ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վեհաժողովում վիճարկվեցին վրացական պատվիրակության լիազորությունները և հարցն ուղարկվեց Մոնիտորինգի հանձնաժողովի քննարկմանը։

Իր ելույթում վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ցուլուկիանին հայտարարեց․ «Արդյունքում Մոնիտորինգի հանձնաժողովը մերժել է մեր պատվիրակության հավատարմագրերը չվավերացնելու առաջարկը, և ես մեր երախտագիտությունը կհայտնեմ դրա համար։ Սակայն վավերացմանը ուղեկցող մի շարք պայմաններ մեզ համար խնդրահարույց են՝ հատկապես առաջին պահանջը, որը վերաբերում է առաջիկա ամիսներին նոր ընտրությունների մասին հայտարարելուն։ Ես և իմ ղեկավարած պատվիրակությունն այս օրերին հանդիպեցինք ձեզանից շատերի հետ։ Ուստի կոչ եմ անում չգնալ այս արտառոց պայմաններին, չսատարել բանաձևի նախագծին և վավերացնել մեր հավատարմագրերը բնականոն աշխատանքը շարունակելու և ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի զեկուցողների հետ արդեն իսկ առկա լավ համագործակցության պայմանով»։

Խնդրահարույցը նոր ընտրությունների անցկացման հետ կապված փոփոխությունն էր, որով առաջարկվում էր ընդունել վրացական պատվիրակության լիազորություններին վերաբերող զեկույցը։ 

ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության անդամ Գիվի Միկանաձեն այս առիթով հայտարարեց․ «Իհարկե, մենք դեմ ենք այս փոփոխությանը, քանի որ ընտրությունները կայացել են։ 23000-ից ավել միջազգային և տեղական դիտորդներ են եղել, և ոչ մի կեղծիք չի արդարացվել, քանի որ կեղծիք չի եղել և ապացույցներ չեն եղել, հետևաբար նոր ընտրություններ պահանջելը հիմքեր չունի»։ Այնուամենայնիվ, այս առաջարկը ընդունվեց և այդ կետը ներառվեց զեկույցում։

Վրացական պատվիրակության անդամները շարունակեցին պնդել, որ վրացական պատվիրակության լիազորությունները պետք է վավերացվեն առանց որևէ պայմանի։ Վեհաժողովը մերժեց վրացական պատվիրակության անդամների առաջ քաշած փոփոխության նախագիծը։

Ի վերջո, բանաձևն ընդունվեց ձայների 114 «կողմ», 13 «դեմ», 7 «ձեռնպահ» հարաբերակցությամբ։ Այսինքն՝ Վեհաժողովի կողմից վրացական պատվիրակության լիազորությունները հաստատվեցին ՝ պայմանով։

ԵԽԽՎ կայքում տեղադրված քվեարկության արդյունքներով՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամներ Արմեն Գևորգյանը և Վլադիմիր Վարդանյանը «դեմ» են քվեարկել բանաձևին։

Այս որոշումից հետո ԵԽԽՎ-ում վրացական պատվիրակության «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Թեա Ցուլուկիանին հայտարարեց, որ իշխող «Վրացական երազանքը» դադարեցնում է աշխատանքը Վեհաժողովում։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031