Լրահոս
Օրվա լրահոսը

Մամիկոն Ասլանյան. «Ցավ է, որ այսքան մեծ մարտահրավերների մեջ այս մարդկանց թիրախը երկրին ազնվորեն, առանց տրտնջալու ծառայած մարդիկ են»

Հունվար 29,2025 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը հրապարակեց Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, նրա հետ փոխկապակցված Սարգիս Աբովյանի եւ Անահիտ Հովհաննիսյանի գործով դատավճիռները:

Մամիկոն Ասլանյանին  մասնակի պատիժները գումարելու միջոցով վերջնական պատիժ նշանակվեց  ազատազրկում 4 տարի 4 ամիս ժամկետով, դրամական տուգանք եւ հանրային պաշտոն ու հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում երեք տարի ժամկետով: Ազատազրկման ձեւով նշանակված պատժի 2 տարի 7 ամիս անազատության մեջ գտնվելու  ժամկետը հաշվանցելով՝ թողնվեց ազատազրկում 1 տարի 9 ամիս ժամկետով:

Սուրեն Աբովյանին վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկում 2 տարի ժամկետով, դրամական տուգանք եւ  հանրային պաշտոն ու հանրային  ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկում երեք տարի ժամկետով:

Անահիտ Հովհաննիսյանին վերջնական պատիժ նշանակվեց  տուգանք նվազագույն աշխատավարձի 500-պատիկի չափով:

Դատավճռի հրապարակումից հետո Մամիկոն Ասլանյանը լրատվամիջոցներին ասաց. «Դատարանի վճիռը չենք կարող չբողոքարկել: Հաճախ խղճահարություն ու նողկանք է առաջանում մարդու մեջ այս պրոցեսներին հետեւելիս: Քանի ներհայաստանյան դատական ատյանները չեն սպառվել, պիտի բողոքարկենք:

Ես այս երկրում արդեն այնքան բան եմ տեսել, որ ցանկացած լավ կամ վատ բան ընկալում եմ, որովհետեւ ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ մարդկային, ոչ օրենքի տրամաբանություն չկա օրենքի գործողության մեջ, որ ակնկալիքներդ չափավորես կամ կյանքդ պլանավորես: Հետեւաբար, ես ամեն ինչ էլ սպասում էի: Ամենավատից մինչեւ ամենալավը: Իրավաբան լինելով՝ ես նույնիսկ մի փոքր հույս էի փայփայում այս վերջին ամիսներին իմ ազատության մեջ հայտնվելուց հետո: Փորձել էի մի քիչ կարգավորել դատական նիստերի ընթացքը, որպեսզի ավելորդ քաղաքական եւ այլ ճնշում դատարանի վրա չլինի: Որպեսզի դատավորը իրեն զգա անկաշկանդ մթնոլորտում եւ կարողանա իրականացնել արդարադատություն:

Ես չգիտեմ, թե ճնշումների անունն ինչ է, բայց տեսնում եմ, որ դատավորը կաշկանդվածություն ուներ: Դա նրա հուզական վիճակից էլ էր երեւում: Դատաքննության որեւէ փուլում մեղավորության հետ կապված որեւէ ապացույց, որեւէ մատնանշում, ակնարկ, վկայություն, որեւէ փաստաթղթային բան չի եղել, որով կարելի էր մեղավոր ճանաչել»:

Իրեն քաղաքական հետապնդման ենթարկելու մասին հարցին Մամիկոն Ասլանյանը պատասխանեց. «Դա իմ պնդելով չի: Ինձ կալանավորել են ընտրություններում հաղթելուց 10 օր հետո, երբ որ մենք, այսպես ասած, ընդհանուր հայտարարի չենք եկել: Այլ կերպ ասած, ես լեզու չեմ գտել: Այստեղ լեզու գտնելու բան չկա: Օրենքի ուժը օգտագործվում է չար նպատակով: Ես ուղղակի խղճում եմ այն մարդկանց, ովքեր այդքան անսահմանափակ հնարավորություն, ուժ ունեն եւ դա օգտագործում են չար նպատակներով»:

Ազատազրկումից հետո քաղաքական եւ ընդդիմադիր գործունեությունից զրկված լինելու վերաբերյալ Վանաձորի նախկին քաղաքապետն ասաց. «Դատարկագլուխներ կան, որոնք չհասկանալով՝ մարդկանց իրենց նկատմամբ ուղղակի չարացնում են: Բայց իմ մեջ այդ չարությունից իրենք չեն կարող սերմանել: Ես իմ ամբողջ գիտակցական կյանքն ապրել եմ ուղիղ հայացքով, ուղիղ քայլվածքով, որեւէ մեկից հայացքս փախցրած չկամ: Ոչ ժողովրդից, ոչ բարձր ու ցածր չինովնիկներից: Ես նույն ձեւով եմ ապրելու, նույն գաղափարներն ու սկզբունքներն եմ կրելու: Ես իմ քաղաքի համար եմ առաջադրվել, ոչ թե նստելու կամ բանտում հայտնվելու: Ու ինքնանպատակ չի եղել ոչ իմ առաջադրվելը, ոչ իմ հաղթանակը: Ես միշտ մնալու եմ հաղթած: Իմ գաղափարախոսությունը չի փոխվելու: Ես բանտ էլ եմ տեսել, զրկանք էլ, անապահովություն էլ: Հետեւաբար, որեւէ մեկը չի կարող ինձ լավ կամ վատ բանով զարմացնել:

Այս մարդկանց հիմնական նպատակը ՏԻՄ-երի ապականումն ու պղծումն է, որպեսզի կարողանան պարարտ հող ստեղծել հետագայի համար: Բայց անգամ եթե ճիշտը հողի մեջ ես թաղում, ինքը միշտ ծիլեր տալիս է: Իմ պայքարը պաշտոնի համար չի եղել: Եթե ուզեի կարող էի այդ հարմարվողականության մթնոլորտում էլ լինել:

Ցավ է, որ այսքան մեծ մարտահրավերների մեջ այս մարդկանց թիրախը իմ նման երկրին ազնվորեն, առանց տրտնջալու ծառայած մարդիկ են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031