Լրահոս
Օրվա լրահոսը

Թոշակառու դատավորը՝ Դավիթ Առուշանյանի խորհրդական․ ի՞նչ անմոռանալի պատմություն կա նրա հետ կապված

Հունվար 29,2025 23:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանն աննախադեպ՝ Շիրակի մարզպետարանի պատմության մեջ չլսված որոշում էր կայացրել․ մրցույթ էր հայտարարել մարզպետի խորհրդականների պաշտոններում։ Նրա այս քայլը զարմացրել էր շատերին, քանի որ այդ պաշտոնները հայեցողական են, ու յուրաքանչյուր անձ, մարզպետ նշանակվելով, սովորաբար իր ծանոթ-բարեկամներին էր բերում։

Դավիթ Առուշանյանը մեզ հետ զրույցում պարզաբանել էր, որ հայեցողական պաշտոնները բարեկամների, ընկերների, ազգականների համար չեն, նախատեսված են մարզին օգուտ տալու համար։

«Հատուկ մտածված՝ հրավիրում ենք իրավաբանների և ֆինանսիստների, որովհետև մենք խնդիրներ ունենք ֆինանսական առումով, իրավաբանական առումով, մենք ՏԻՄ-երում ֆինանսական հարցեր ունենք պարզաբանելու, լուծելու, բժշկական հաստատություններում, դպրոցներում, մարզպետարանում, ամենակարևորը՝ շինարարության մեջ, մրցույթների հետ կապված ես լուրջ խնդիրներ եմ տեսնում։ Ակնկալում եմ, որ իրավաբան-ֆինանսիստ համատեղ ուժ ստեղծենք, որ կարողանանք այն տեղերում, որտեղ խնդիր եմ տեսնում, այդ մարդիկ կարողանան լուծում տալ»,-ասել էր նորանշանակ մարզպետը։

Ինչպես տեղեկանում ենք Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից, « 36 քաղաքացի էր դիմում ներկայացրել մարզպետի խորհրդականների թափուր պաշտոնները զբաղեցնելու նպատակով, նրանցից 15-ը իրավաբանական, 13-ը ֆինանսական և 8-ը այլ կրթություն ունեցող մարդիկ, 15 դիմումատուի փաստաթղթային փաթեթն էր համապատասխանել ներկայացված պահանջներին»։

Նրանց հետ անցկացվել է նաև հարցազրույց։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ մասնակիցներից մեկը նշանակվել է Շիրակի մարզպետի խորհրդական։ Նա Շիրակի մարզի վարչական դատարանի նախկին դատավոր, 66-ամյա Էդվարդ Նահապետյանն է։

Այս փաստը հատկապես տխրեցրել է «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակիցներին, որոնք մարզպետին հիշեցրել են, որ Էդվարդ Նահապետյանը հեռուստաընկերությունը փակած դատավորն էր։

Այս դատավորը 2008 թվականին բավարարեց Գյումրու հարկային տեսչությանն հայցը «ՉԱՊ» ՍՊԸ-ի դեմ, վճռելով «ՉԱՊ» ՍՊԸ-ից բռնագանձել 25 միլիոն 116 հազար 700 դրամ:

Իսկ հարկայինը  դարձել էր քաղաքական գործիք ԳԱԼԱ հեռուստաընկերությանը ճնշելու․ վերջինիս տուգանել էր այն բանի համար, որ համարձակվել էր նախագահական ընտրություններից առաջ հեռարձակել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյանի ելույթը։ Իհարկե, քաղաքացիները չթույլատրեցին, որ փակվի հեռուստաընկերությունը՝ հանգանականություններ անելով ու ազատ խոսքը փրկելով։

Հետագայում «ՉԱՊ» ՍՊԸ-ն- դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը  պարտադրեց Հայաստանի Հանրապետությանը 3 900 եվրո հատուցել ԳԱԼԱ հեռուստաընկերությանը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031