Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽ պատգամավորը գրավոր հարցում է հղել Կայա Կալասին Բաքվում անօրինաբար պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ

Հունվար 29,2025 23:13

Եվրոպական խորհրդարանի ձախերի խմբակցության անդամ, Իսպանիան ներկայացնող բասկ պատգամավոր  Պեռնանդո Բառենա Արզան գրավոր հարցում է ներկայացրել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին և պատասխաններ պահանջել ԵՄ բարձրագույն դիվանագետից՝ բարձրացնելով Ադրբեջանում պահվող քաղաքական բանտարկյալների և հայ գերիների ճակատագրի հետ կապված լուրջ մտահոգություններ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր գրավոր հարցման մեջ եվրախորհրդարանականը հղում է անում անկախ աղբյուրներին, որոնց համաձայն՝ Ադրբեջանում ավելի քան 300 քաղաքական բանտարկյալներ, այդ թվում՝ հայտնի գործիչներ, ինչպիսիք են դոկտոր Գուբադ Իբադօղլուն և Անար Մամադլին, պահվում են անմարդկային պայմաններում՝ զրկված լինելով բժշկական օգնությունից։ «Բացի այդ, 2020 թվականից ի վեր Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով պահել 23 հայ գերիների, որոնք ենթարկվում են նվաստացուցիչ վերաբերմունքի», – նշված է հարցման մեջ։

Բառենա Արզան պահանջում է պարզաբանումներ՝ արդյո՞ք Մալթայում դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ ԵՄ բարձր ներկայացուցիչը պահանջել է բոլոր քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը, և արդյո՞ք առաջնահերթություն է տրվել մարդու իրավունքներին։

Արդյո՞ք Ադրբեջանից պահանջվել է վերջնաժամկետ՝ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման համար ու արդյո՞ք ԵՄ-ն զգուշացրել է ադրբեջանական պաշտոնյաներին նրանց նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին, ինչպես բազմիցս պահանջել է Եվրոպական խորհրդարանը։

Այս հարցադրումներով Իսպանիայից եվրախորհրդարանականը շեշտադրում է ԵՄ-ի շարունակական մարտահրավերը՝ դիվանագիտական ու տնտեսական հարաբերությունները Ադրբեջանի հետ, հատկապես՝ էներգետիկ համագործակցության ոլորտում՝ դա համատեղելով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ աճող մտահոգությունների հետ։ Պատգամավորն իր գրավոր հարցմանը դեռ պատասխան չի ստացել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031