Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կարևոր նպատակներից է բուհերում զարգացնել գիտությունը, և Երևանի պետական համալսարանի օրինակով մենք տեսնում ենք, որ ընթանում ենք այդ ուղիով». Ժաննա Անդրեասյան

Հունվար 29,2025 23:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցել է Երևանի պետական համալսարան: Ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ԵՊՀ գիտահետազոտական և ուսումնական լաբորատորիաներում, որի ընթացքում քննարկվել են համալսարանի զարգացմանն ուղղված տարբեր նախաձեռնություններն ու համագործակցության նոր հնարավորությունները, որոնք նպատակ ունեն բարելավելու կրթական միջավայրը և լավարկելու բարձրագույն կրթության որակը ՀՀ-ում։

Կենսաբանության, Քիմիայի ֆակուլտետների, Ֆարմացիայի և Ֆիզիկայի ինստիտուտների լաբորատորիաներում նախարարը ծանոթացել է ձեռքբերված նոր սարքավորումներին և դրանց կիրառմամբ իրականացվող հետազոտական և ուսումնական աշխատանքներին:

Անդրադառնալով ԵՊՀ շրջայցի նպատակներին և արդյունքներին՝ նախարարը նշել է, որ բուհերում պարբերաբար իրականացվում են տարբեր ծրագրեր և շրջայցի նպատակն արդյունքներին ծանոթանալն է:

«Վերջին տարիներին Կառավարության կողմից էապես ավելացվել է գիտության ֆինանսավորումը, որը դրսևորվում է թե՛ գիտական սարքավորումների տրամադրման ծրագրերով, թե՛ տարբեր թեմատիկ հետազոտությունների և այլ դրամաշնորհային ծրագրերի իրականացման հնարավորություններով: Շրջայցի ընթացքում տեսանք համատեղ ջանքերի արդյունքը. բացվել են նոր լաբորատորիաներ, ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ընդ որում՝ սարքավորումների մի զգալի մասը եզակի են իրենց բնույթով, բավական թանկարժեք են և հնարավորություն են տալիս իրականացնել ամենաարդիական հետազոտությունները: Դրամաշնորհային ծրագրերն էլ հնարավորություն են տալիս արդիական կարևոր թեմաներ ուսումնասիրել՝ օգտագործելով նոր սարքավորումներն ու ենթակառուցվածքները:

Հատկապես ուրախ եմ, որ իրականացվող հետազոտական աշխատանքներում երիտասարդներ են ներգրավված, որոնք ուսումնառությունն ավարտելուց հետո զբաղվում են գիտությամբ: Մեր կարևոր նպատակներից է բուհերում զարգացնել գիտությունը, և Երևանի պետական համալսարանի օրինակով մենք տեսնում ենք, որ ընթանում ենք այդ ուղիով»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել բնագիտական լաբորատորիաների տարածքների բարեկարգման, սարքավորումների նորացման, նոր տեխնոլոգիաների ներդրման, նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքներից, որոնք իրականացվել են պետական և միջազգային տարբեր դրամաշնորհների շրջանակում:

«Համալսարանը՝ որպես կրթական և գիտական կենտրոն, շարունակում է ամրապնդել իր տեղը և նշանակությունը ՀՀ գիտական հետազոտությունների ոլորտում։ Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի քաղաքականությունը մեր համալսարաններին խրախուսելն է, որպեսզի դրանք դառնան հետազոտական համալսարաններ։ Գիտության հետ կապը պետք է լինի այն տրամաբանությամբ, որ դա կրթական գործընթացի անբաժանելի մասն է։ Ուրախ եմ, որ այսօր ԵՊՀ-ում հենց այդ տրամաբանությամբ է կազմակերպվում աշխատանքը: Մենք տեսանք տարածքներ, որոնք ամբողջությամբ վերափոխվել են և դարձել հետազոտական կրթական միջավայրեր»,- ասել է նախարարը՝ կարևորով լաբորատորիաներում անվտանգության ստանդարտների ապահովումը:

Այցի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հավաստագրեր են հանձնել միջազգային հավատարմագրում ստացած կրթական ծրագրերի ղեկավարներին:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031