Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն պատասխան մեղադրանքներ է հնչեցնում Մոսկվայի հասցեին

Հունվար 29,2025 22:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությունը չի թուլանում։ Բաքուն պատասխան մեղադրանքներ է հնչեցնում ռազմավարական գործընկերոջ հասցեին, պնդում, որ Պուտինի վարչակազմն ապատեղեկատվական արշավ է նախաձեռնել Ադրբեջանի դեմ։

Այսօր Ադրբեջանի արտգործնախարարություն է կանչվել Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը, որին ներկայացվել են նույնաբովանդակ դժգոհություններ, ինչ երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարարը հնչեցրել էր Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը: Ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ գրվել են այն նույն նախադասությունները, որոնք նախօրեին տեղ էին գտել Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը հայտնում է՝ ռուս դեսպանին փոխանցվել է, որ ռուսաստանյան մամուլում, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի հասցեին ապատեղեկատվական բնույթի հաղորդագրությունների ու հաղորդումների հրապարակումը տարակուսելի է և հակասում է երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։

«Տարակուսանք» երեկ նաև ռուսական կողմն էր հայտնում, Մոսկվայի գնահատականն էլ էր նույնը ՝ «հակասում է դաշնակիցների համագործակցության ոգուն»:

Թե որոնք են այն հրապարակումները, որ Բաքվում վրդովմունք են հարուցել, ոչ Ադրբեջանի իշխանությունը, ոչ էլ վերահսկվող լրատվամիջոցները չեն հիշատակում:

Ռուսական կողմը հստակեցրել էր՝ իր դժգոհության գլխավոր առիթն ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներից մեկի՝ Baku TV հեռուստառեպորտաժն էր, որում ադրբեջանցի լրագրողը պնդում էր, թե ադրբեջանական մայրաքաղաքում գործող ռուսական մշակույթի տարածմամբ զբաղվող «Ռուսական տունն» իրականում լրտեսների որջ է։

Սա, ի դեպ, ադրբեջանական մամուլում վերջին օրերին Ռուսաստանի հասցեին միակ մեղադրանքը չէ․ APA գործակալությունն էլ ծավալուն հոդված էր հրապարակել, դրանում հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին պնդել, թե Ռուսաստանի իշխանությունները 44-օրյա պատերազմի ընթացքում Մոսկվայից Լեռնային Ղարաբաղ ռազմական նշանակության ապրանքներ են տեղափոխել։

Թեև, ինչպես լրատվամիջոցն է շեշտում, տեղի ունեցածի մասին Ադրբեջանի իշխանություններին հայտնի է դարձել ավելի քան մեկ տարի առաջ՝ Լեռնային Ղարաբաղը Բաքվի վերահսկողության տակ անցնելուց հետո, տեղեկատվական արտահոսքն իրականացվում է երկկողմ լարվածության ֆոնին, որն էլ շարունակվում է դեկտեմբերից՝ ադրբեջանական ավիաընկերության օդանավի կործանման պատճառով։

Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով պնդում են, որ ավիաաղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են, վերջիններիս մեղադրելով նաև «կատարվածը կոծկելու փորձերի մեջ»:

Եվ թերևս պատահական չէ, որ երկու երկրների միջև վերջին օրերի դիվանագիտական լարվածության և փոխադարձ դժգոհությունների ֆոնին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն այսօր հայտարարեց, որ առաջիկայում Բաքուն պատրաստվում է հրապարակել Ակտաու քաղաքի մոտ տեղի ունեցած վթարի հետաքննության արդյունքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031