Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քննարկել են կենդանիների նկատմամբ դաժանության դեպքերի պատշաճ արձանագրման, մինչդատական եւ դատական փուլերում գործերի վարման արդյունավետության ապահովման հարցերը

Հունվար 29,2025 22:44

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի եւ Արուսյակ Մանավազյանի հեղինակությամբ շրջանառության մեջ է դրվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Հունվարի 29-ին պատգամավոր Մերի Գալստյանի նախաձեռնությամբ խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում կենդանիների նկատմամբ դաժանության դեպքերի պատշաճ արձանագրման, քննության իրականացման, մինչդատական եւ դատական փուլերում գործերի վարման արդյունավետության ապահովման վերաբերյալ: Մասնակցել են ներկայացուցիչներ օրենսդիր մարմնից, ՀՀ գլխավոր դատախազությունից, ՆԳ նախարարությունից, Քննչական կոմիտեից:

Մերի Գալստյանի խոսքով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերի բացահայտման եւ քննության գործընթացներում խնդիրների մասին ահազանգում են թե’ քաղաքացիները, թե’ կենդանիների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները: Պատգամավորի դիտարկմամբ իրավապահ մարմիններն այս գործերով քննությանն առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեն, քանի որ կենդանու հանդեպ դաժանությունն ուղղակիորեն կապված է հանրային անվտանգության խնդրին:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում արձանագրվել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի 41 դեպք: 41-ից 10 դեպքերի վարույթը կարճվել է, 3 գործ ուղարկվել է դատարան, 28-ով նախաքննությունը շարունակվում է: «Արձանագրված 41 դեպքերից հասարակական հնչեղություն ունեցող Արարատի մարզում տեղի ունեցած դեպքին վերաբերող գործը: 2025 թվականի հունվարի 7-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան»,- մանրամասնել է Արսեն Այվազյանը:

Մասնակիցները շնորհակալություն են հայտնել քննարկում նախաձեռնելու համար` կարեւորելով հարցերի, խնդիրների գույքագրումը: Ընդգծելով հանրության հետ հաղորդակցության կարեւորությունը` մասնակիցները նշել են, որ քննարկվող օրենքների նախագծերի ընդունումը կորոշակիացնի իրավական դաշտը: Պատգամավոր Ջուլիետա Ազարյանն ընդգծել է դպրոցներում արշավների կազմակերպման անհրաժեշտությունն ու կենդանիների նկատմամբ վարվեցողության կանոնների ուսուցանումը: Մերի Գալստյանի դիտարկմամբ կենդանիների նկատմամբ մարդասիրական եւ քաղաքակիրթ վերաբերմունքի նոր մշակույթ է ներդրվում: Այս համատեքստում պատգամավորն արժեւորել է իրազեկման արշավների կազմակերպումը: Իսկ օրենսդրական փաթեթի ընդունման եւ կիրարկման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունների քանակը եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:

 

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031