Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 1-ից բոլորս, մտնում ենք ավտոբուս, շնորհակալություն ենք հայտնում վարորդին եւ անցնում ենք առաջ. Անդրանիկ Թեւանյան

Հունվար 29,2025 21:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը շարունակում է  տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ իրազեկման ակցիան մայրաքաղաքում:

Այսօր «Ռոսիա» տոնավաճառի հարակից տարածքի մարդաշատ կանգառում քաղաքական այս ուժի ավագանու անդամները մարդկանց բացատրում էին, որ քաղաքապետարանի գործունեությունը ըստ էության ամեն կերպ շարքային քաղաքացու գրպանը մտնել է, ինչի դեմ որպես  պայքարի միակ ու գործուն միջոց առաջարկում էին փետրվարի 1-ից, երբ ըստ ամենայնի ուժի մեջ կմտնի ուղեվարձի թանկացման որոշումը, պարզապես չվճարել ուղեվարձը՝ քաղաքային իշխանությանը ստիպելով հրաժարվել թանկացման գաղափարից եւ ուղեվարձը թողնել նույնը ավտոբուսի, տրոլեյբուսի եւ մետրոյի համար:

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Aravot.am-ին ասաց. «Մայր Հայաստանը» շարունակում է իրազեկման եւ բողոքի գործողությունը ընդդեմ տրանսպորտի թանկացման, շարունակում ենք քարոզել, որպեսզի մարդիկ չգնեն թանկ փաթեթներ, բոյկոտեն թանկ վճարումները, որի իրավունքը իրենք ունեն: Երեկ քաղաքացիների հետ հարաբերությունը «թուրքական բազարի» էր վերածել քաղաքապետի պաշտոնն զբաղեցնողը, ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանը:

Ինչու «թուրքական բազար», որովհետեւ սկզբից ասում էին, թե նվազագույնը 220 դրամ է, դրանից ցածր ինքնարժեք չկա: Հետո հայտարարեցին, որ 10 ուղեւորությունը կիջեցնեն 200 դրամ: Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ 100 դրամի համար պետք չէ թքել պետության վրա: Իր հետ էր նույնացնում, ասում էր՝ մի թքեք իմ վրա, տվեք իմ 100 դրամ փայը՝ տրանսպորտի ուղեւորափոխադրման տրամաբանության շրջանակներում: Երեկ էլ արդեն հայտարարվեց, որ կարող ենք 150 դրամ զիջել, երբ դրանից մեկ օր առաջ ասում էին, որ այդպիսի բան հնարավոր չէ: Մի խոսքով, խեղկատակություն են անում: Թուրքերը ո՞նց են առեւտուր անում: Ասում են՝ այս գումարով վերցրեք, հետո կես գին են առաջարկում, ասում են մի քիչ էլ կիջնեմ, իսկ վերջում՝ ինչ կտաս, կտաս: Տրանսպորտի դեպքում ինքնարժեքը 60-65 դրամ է իրենց իսկ ներկայացրած թվերով:

Հունվարի 31-ին քաղաքապետարանի արտահերթ նիստ են կազմակերպել, որ իբր էժանացում ապահովեն: Եվ դա այն դեպքում, երբ նույն քաղաքապետի պաշտոնն զբաղեցնողը ասում է, որ իրենց հաշվարկներով, որը չգիտենք ինչ համակարգչով են հաշվել, 144,4 դրամ է:

Իրականությունն այն է, որ մենք ունենք նախագիծ, որի տակ կա 17 հազար քաղաքացու ստորագրություն: Քանի դեռ մեր այդ նախագիծը չեն քննարկել, որով տրանսպորտի գինը պետք է լինի 100 դրամ, փաթեթի դեպքում՝ ավելի էժան, մենք որեւէ իմաստ չենք տեսնում իրենց այդ աճպարարության մեջ մտնելու: Այդ արտահերթ նիստի առնվազն քվեարկությունը բոյկոտելու ենք, այսինքն, չենք մասնակցելու: Հիմա քաղաքացիներին ի՞նչ են ասում: Ասում են՝ արի 150-ի վրա բարիշենք: Սրանք թուրքերի հետ այնքան շփվեցին, որ թուրքական բազարը լրիվ յուրացրել են: Մեր քաղաքացիները ի՞նչ պետք է անեն: Պետք է ասեն՝ ձեզ երեք մատի կոմբինացիա ենք ցույց տալիս, մեր հետ այդպիսի թուրքական բազարի մեջ մի մտեք:

Մեր քաղաքացիներին կոչ ենք անում՝ շարունակել բոյկոտը, չգնել այդ թանկ փաթեթները եւ պահպանել այն տրամաբանությունը, որ փետրվարի 1-ից չենք վճարում, մինչեւ մեր ներկայացրած նախագիծը կբերեն քննարկման: Թող քվեարկեն: 17 հազար քաղաքացու նախագիծը դրական քվեարկություն կստանա, շատ լավ, կգնանք այդ բարեփոխումների ճանապարհով: Չի՞ ստանա, կգնանք Երեւան քաղաքում գրանցված քաղաքացիների 10 տոկոսի ստորագրություն հավաքելու ճանապարհով, որպեսզի հետագայում հարցը դնենք հանրաքվեի»:

Անդրանիկ Թեւանյանը եւս մեկ անգամ դիմեց երեւանցիներին: «Սիրելի երեւանցիներ: Փետրվարի 1-ից բոլորս, մենք էլ՝ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամներս, շարժման անդամները, ինքնակամ ներգրավվել ցանկացողները, մտնում ենք ավտոբուս, շնորհակալություն ենք հայտնում վարորդին եւ անցնում ենք առաջ: Դա կլինի մեսիջ, որ չենք վճարում, մինչեւ որ ստիպենք մեր նախագիծը քննարկել: Վարորդներին էլ կոչ ենք անում քաղաքացիների շնորհակալությունը ընդունել, ասել «խնդրեմ»: Վարորդները մեր շնորհակալանքներին արժանի են, որովհետեւ նրանք մեզ ծառայություն են մատուցում եւ իրենք էլ այս ամեն ինչի տուժածն են: Այս առումով, կարծում ենք, որ ակցիան պետք է ստացվի: Սիրելի քաղաքացիներ, դուք դա կարող եք, դուք այդ ուժն ունեք»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031